ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆ` ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԽՆԴՐԻՆ ՆՐԱՆՔ ՉՆԱՅԵՑԻՆ «ԿԱՆԱՉ» ԱՉՔԵՐՈՎ`

ՄԱՐԻԱՄ ՍՈՒԽՈՒԴՅԱՆ` ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԽՆԴՐԻՆ ՆՐԱՆՔ ՉՆԱՅԵՑԻՆ «ԿԱՆԱՉ» ԱՉՔԵՐՈՎ`

ԷկոԼուր

Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման թեմայի որպես շարունակություն` ներկայացնում ենք հասարակայնության մի քանի ներկայացուցիչների կարծիքները, ովքեր մասնակցել են հուլիսի 20-ի` «Շրջակա միջավայրի գնահատման հնարավորությունների ուժեղացում և Հայաստանի հանքարդյունաբերական վայրերում ռիսկերի նվազեցում» անվանմամբ աշխատանքային խորհրդակցությանը: Խորհրդակցությունը կազմակերպվել էր ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի բնապահպանության նախարարության համատեղ նախաձեռնությամբ` UNEP/Zoi Environmеnt ցանցի մասնակցությամբ:

Սոնա Այվազյան` «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոն.

- Շատ կարեւոր է, որ առաջին անգամ մենք հավաքվեցինք նման կազմով: Ներկա էին Հայաստանի հանքարդյունաբերական խոշորագույն ընկերությունների, պաշտոնական կառույցների, հասարակայնության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ: Սա նախադեպ է, որը պետք է մտցնել պրակտիկայի մեջ:

Իհարկե, խորհրդակցության մասնակիցների դիրքորոշումները շատ հարցերում չեն համընկնում: Օրինակ, այնպիսի դիրքորոշում, ինչպես «չի կարելի խոսել կայուն զարգացման մասին, եթե խոսվում է ընդերքի շահագործման մասին»: Իհարկե, այս դիքորոշման հետ մեր իշխանությունները եւ հանքարդյունաբերական բիզնեսը եւ նրա կողմնակիցները համաձայն չեն:

Մարիամ Սուխուդյան` երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ.

- Մեր դիրքորոշումն ընդհանրապես չընդունվեց ոչ միայն բիզնեսի կողմից, այլ նաեւ որոշ փորձագետների: Ես կարծում եմ, որ խնդրին նրանք չնայեցին «կանաչ» աչքերով:

Սոնա Այվազյան.

- Ամեն դեպքում մի փորձագետից մենք ստացանք մեկնաբանություններ, որոնք կարեւոր են Թեղուտի ծրագիրի գնահատման համար: Իմ հարցին, թե նորմալ է, որպեսզի ընկերությունը շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությանը ներկայացնի միայն ՇՄԱԳ-ի 8-ամյա ծրագիր, այն դեպքում երբ կառավարության հաստատած շահագործման ծրագիրը նախատեսված է 50-60 տարվա համար,  Zoi Environmеnt ցանցի փորձագետ Ջոն Կոլե-Բակերը պատասխանեց, որ փորձաքննության մեջ պետք է արտացոլվի շահագործման ողջ ժամկետը` 50 տարուց ոչ պակաս:

Մենք նաեւ լավ հիշում ենք «ACP» ընկերության եւ կառավարության հայտարարությունը, որ Թեղուտի ծրագիրը բացառում է Դեբեդ գետի, որն իր հերթին Քուռ-Արաքս ավազանի անդրսահմանային գետ է, ջրային ավազանի աղտոտման ռիսկերը: Մեր հարցին, թե իսկապես հնարավոր է հանքավայրի շահագործման շրջանում բացառել ջրային ավազանների աղտոտման ռիսկերը, փորձագետը պատասխանեց, որ, անշուշտ, դրանք բացառել չի կարելի եւ դրանով հաստատեց, որ մեր մտավախությունները հիմնավորված են: Ես կարծում եմ, որ փորձագետի կարծիքն առաջին հերթին պետք է լսեն պետական մարմինները:

Մարիամ Սուխուդյան.

-    Իսկ ես ցավում եմ, որ չհաջողվեց ցուցադրել Թեղուտի վերաբերյալ սլայդ շոու: Չգիտեմ` հարմար էր արդյոք այս ձեւաչափը, ես ի նկատի ունեմ «սլայդ շոու»-ի ձեւաչափը նման խորհրդակցության համար, բայց վստահ եմ, որ պարտադիր չէ խոսել, եթե կարելի է ցույց տալ:

Սոնա Այվազյան.

- Կարծում եմ, որ նման հանդիպումները պետք է ունենան շարունակություն եւ արդյունքներ: Ես տեսնում եմ հաջորդ քայլը: Առաջին հերթին դա «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի քննարկումն է: Այն պետք է այնպիսին լինի, որպեսզի հաշվի առնվեն ոչ միայն արդյունաբերողների շահերը, այլ նաեւ հանրային` սոցիալական, էկոլոգիական շահը: Հետագայում անհրաժեշտ է ապահովել հանքահանող արդյունաբերության ոլորտի թափանցիկությունը գործունեության բոլոր փուլերում` սկսած պետական կառույցներում դիտարկված ծրագրերից եւ առաջարկություններից մինչեւ արդեն գործող ընկերությունների ֆինանսական գործունեությունը, նրանց եկամուտները եւ ծախսերը:

Օգոստոս 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր