

2020թ-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեցին ՀՀ ընդերքօգտագործման ոլորտի կարգավորմանն ուղղված մի շարք օրենքներ, որոնք նոր պայմաններ և կանոններ են սահմանում ընդերքօգտագործողների համար:
Դրանցից մեկը սույն թվականի հուլիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած ՀՀ ընդերքի օրենսգրքում և հարակից մի քանի այլ օրենքներում փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթն էր:
Օրենսդրական փոփոխություններով.
· Հայաստանում այլևս արգելվում է վերընթաց պոչամբարների կառուցումը՝ հաշվի առնելով Հայաստանի սեյսմիկ անկայուն տարածաշրջանում գտնվելը:
Հայաստանում առկա է 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Պոչամբարները հիմնականում կառուցված են վերընթաց եղանակով, ինչը մասնագետների գնահատականներով բարձր սեյսմիկ ռիսկի և հողի անկայունության հետ կապված ընդհանուր ռիսկի պայմաներում խիստ վտանգավոր է պոչամբարի փլուզման տեսակետից: Գործող պոչամբարների վրա, բնականաբար, օրենքը, չի տարածվի:
· Մինչև 500 հազար տոննա արտադրողականության պարագայում հանքարդյունաբերական ընկերությունները պետք է կիրառեն միայն պարտադիր պինդ պոչանքների առաջացմամբ տեխնոլոգիա:
Նշենք, որ մի քանի տարի առաջ նմանատիպ տեխնոլոգիա փորձեց կիրառել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն, դրան զուգահեռ ընկերությունը նախատեսում էր մինչև 2020թ. մարտ ամիսը ռեկուլտիվացնել «Նահատակ» պոչամբարը։ Այս տեխնոլոգիայի կիրառման հարցում, սակայն, կոմբինատը չհասավ սպասված արդյունքի և շարունակեց հեղուկ պոչերի տեղադրել «Նահատակ» պոչամբարում՝ բարձրացնելով դրա պատվարը: Ընկերությունը նոր է միայն նախաձեռնել պոչամբարի ռեկուլտիվացիայի իրականացման համար օրենքով նախատեսված կարգով բնապահպանական փորձաքննության գործընթացը: Պոչամբարի ռեկուլտիվացման հայտի առաջին լսումները տեղի ունեցան հուլիսի 29-ին:
· 500 հազար տոննայից ավելի արտադրողականության դեպքում պետք է պարտադիր կիրառվի ջրի փակ շրջանառու համակարգ:
Նշենք, որ ջրի փակ շրջանառու համակարգի կիրառման պահանջ հիմնականում դրված է ընդերքօգտագործման նախագծերի բնապահպանական փորձաքննությունների եզրակացություններում, սակայն գործնականում այդ համակարգերը հիմնականում շահագործման ընթացքում խափանվում են և հաճախ ընկերությունները դրանք չեն շահագործում։
· Ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված աշխատանքների 70%-ի չկատարման դեպքում ընդերքօգտագործողը չի կարողանա դիմել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար: Ընդերքօգտագործողն այդ հարցում կմերժվի նաև շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին համապատասխան վճարումների չկատարման և մշտադիրտարկումների համար հատկացումներ չկատարելու դեպքում:
Նշենք, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում ընկերությունների ներկայացրած ֆինանսական հաշվետվություններից պարզ է դառնում, որ մի շարք ընկերություններ դրամագլխին չեն կատարել համապատասխան վճարումներ:
· Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ամբողջ ծավալով հատկացումներ չկատարելու և ընդերքօգտագործման իրավունքի դադարելու դեպքում օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկման անցկացման համար ամբողջ ծավալով հատկացումներ չկատարելու դեպքում լիազոր մարմինը կարող է հայց ներկայացնել դատարան:
· Այսուհետ փորձաքննական եզրակացությունը հաստատվելու է լիազոր մարմնի համապատասխան վարչական ակտով:
Նշենք, որ սա հնարավորություն կտա դատարանում վիճարկել բնապահպանական փորձաքննական եզրակացությունը՝ որպես վարչական ակտ: Մինչ այդ, դատական գործընթացներում փորձաքննական եզրակացությունները համարվել են ապացույց, և փորձաքննական եզրակացություններն անվավեր ճանաչելու մասին հայցերը դատարանում չեն քննվել:
· Մետաղական հանքերի համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետը նախկին 50-ի փոխարեն սահմանվեց 25 տարի, իսկ ոչ մետաղական պինդ հանածոների և հանքային ջրերի արդյունահանման դեպքում՝ 20 տարի:
· Մետաղական հանքավայրերի դեպքում երկրաբանական ուսումնասիրության և ընդերքօգտագործման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն դեպքում, եթե նշված հանքավայրում վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել և հաստատվել են պաշարներ, ոչ մետաղական հանքավայրերի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում։
· Ընդերքօգտագործման իրավունքի գրավադրումը կիրականացվի ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ընթացակարգով: Գրավադրումը պետք է ուղղված լինի ընդերքօգտագործողի պարտավորությունների կատարմանը: Համաձայնություն կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված փոխառությունն օգտագործվի տվյալ հանքավայրի շահագործման և ընդերքօգտագործողի պարտավորությունների կատարման նպատակով:
Ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող մյուս օրենքը 2020 թ-ի մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքն է: Համաձայն այս օրենքի այսուհետ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող բոլոր ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ պիտի կատարվեն և առանձին տողով արտացոլվեն այն համայնքի բյուջեում, որի տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Նշենք, որ մինչ այդ մեծ թվով մետաղական հանքեր շահագործող ընկերություններ նշված չէին օրենքում և իրենց բնապահպանական վճարները, որոնք ուղղվում էին պետական բյուջե, հասանելի չէին ազդակիր համայնքների համար, որպեսզի համայնքներում բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացվեին: Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ համայնքների և բնակավայրերի ցանկի կազմման և ըստ համայնքների ու բնակավայրերի մասհանումների բաշխման չափի հաշվարկման կարգը ՀՀ կառավարությունը պետք է սահմանի վեցամսյա ժամկետում: Մինչ այս օրենսդրական փոփոխությունը համայնքների խոշորացումից հետո մի շարք ազդակիր բնակավայրեր կորցրեցին բնապահպանական և առողջապահական ծրագրերի իրականացման նպատակով բնապահպանական վճարներից օգտվելու իրենց իրավունքը: Դա արվում էր խոշորացված, բազմաբնակավայր համայնքի համայնքապետարանի կողմից և շատ հաճախ հանքավայրի բացասական ազդեցությունն անմիջականորեն կրող բնակավայրը դուրս էր մնում այդ ծրագրերից: Այժմ օրենքը հստակեցնում է, որ բնապահպանական վճարներից կարող են օգտվել բացառապես ազդակիր բնակավայրերը և համայնքները: Սա ևս մեկ քայլ է դեպի ոլորտային խնդիրներից մեկի կարգավորումը, սակայն դեռ բաց է մնում, թե ինչ չափորոշիչներով են որոշվում ազդակիր համայնքները կամ բնակավայրերը: Մշակված չէ ազդակիր համայնքի որոշման մեթոդաբանություն: Առկա են մի շարք բնակավայրեր, որոնք կրում են վնասակար գործունեության ազդեցություն, սակայն չեն ճանաչվել ազդակիր:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Չաշխատող հանքարդյունաբերական ընկերությունների պատասխանատվությունը ԱՃԹՆ գործընթացում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Օգոստոս 04, 2020 at 12:21
