Գեղամասարի բնակիչները «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից պահանջում են չաղտոտել իրենց օդն ու ջուրը

Գեղամասարի բնակիչները  «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից  պահանջում են չաղտոտել իրենց օդն ու ջուրը

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի շուրջ 200 բնակիչ օգոստոսի 18-ին՝ առավոտյան փակել էին Վարդենիս-Արցախ ավտոճանապարհը՝ դժգոհելով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Սոտքի ոսկու հանքավայրի շահագործման ազդեցությունից: «Ընկերությունից մեր հիմնական պահանջը նորմերի պահպանումն է, որ ջրերը մաքուր մնան, այնպիսի եղանակ մշակվի, որ պայթեցում չլինի և օդը չաղտոտվի»,- ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից, Սոտքի բնակիչ Սևակ Խաչատրյանը:

«Ոռոգման ջուրը վերցնում ենք Սոտք գետից, իսկ խմելու ջուրը գոյանում է սարերից հոսող աղբյուրներից: Թե՛ այդ աղբյուրները, թե՛ Սոտք գետը հանքավայրին շատ մոտ են գտնվում: Միշտ դիմել ենք ընկերությանը: Հավաստիացրել են, որ այսօր, վաղը խնդիրը կկարգավորեն: Տեղական կազմակերպություններ են եկել, հետազոտություններ իրականացրել: Ըստ նրանց` ոռոգման ջուրը նորմալ է: Բայց անզեն աչքով տեսանելի է ոռոգման ջրի աղտոտումը: Անասունը գնում է մոտիկ, չի խմում այդ ջուրը: Մեր խմելու ջրի վրա նույնպես իր ազդեցությունը թողնում է: Պայթեցումներն էլ գրեթե ամեն օր են: Որքան էլ ասեն` վնաս չէ, մենք հասկանում ենք, որ վնաս է»,- ասաց Սևակ Խաչատրյանը:

Ըստ նրա՝ «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպում կազմակերպել բնակիչների մասնակցությամբ, քննարկել խնդիրների լուծումներ գտնելու համար:

Այժմ Վարդենիս-Արցախ ավտոճանապարհը բաց է:

Լուսանկարները և տեսանյութերը` Սևակ Խաչատրյանի



Օգոստոս 18, 2020 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր