Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը կա և այն մեծ է. ՀՀ վարչապետ

Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը կա և այն մեծ է. ՀՀ վարչապետ

Փետրվարի 23-ին 1in.am-ին տրված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հարցին: Նա նշել է, որ իր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ չի փոխվել, և նա այն կարծիքին է, ինչ կարծիքի եղել է մեկ տարի առաջ: 

«Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված շատ կարևոր էի համարում անվտանգային կոմպոնենտը` ասելով, որ մենք, տեսեք, պատերազմական իրավիճակի մեջ ենք, և երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երաշխավորում է երկրի համար վալյուտային հոսքեր: Ժամանակը դա ցույց տվեց: Բայց մյուս կողմից ես կարող եմ արձանագրել, որ մենք նաև կարողացանք պատշաճ կառավարել ֆինանսական շուկան և արդյունքում մենք հունվարին եվրոպարտատոմսերի թողարկում ունեցանք, որն ամենահաջողված թողարկումն էր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ»,- նշել է նա: 

Լրագրողի դիտարկմանը, թե Ամուլսարի հանքի շահագործման հավանականությունը մեծ է, Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.

«Այդպիսի հավանականություն կա և, այո, կարող ենք ասել, որ մեծ է»:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեից 450 հազար դոլլար է վճարվել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությանը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ քրեական գործով նշանակված փաստաթղթային փորձաքննության իրականացման համար: ELARD-ն իր փորձաքննության արդյունքում մի շարք բացթողումներ և խնդիրներ է հայտնաբերել Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունում: ELARD-ի փորձագետները 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեցին, որ Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը թերի է, և ծրագրի համար պետք է իրականացվի նոր գնահատում: Այնուհետև Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկեց, որպեսզի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում անցկացնի: Ամուլսարի ծրագիրը ոչ նոր փորձաքննություն է անցել, ոչ էլ տեսչական ստուգումներ:

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի ավարտի կամ կասեցման մասին էլ պաշտոնապես չի հայտարարվել:



Փետրվար 24, 2021 at 16:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր