«Լիդիան»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է, Ամուլսարի ծրագրի համար պետք է իրականացվի նոր գնահատում. ELARD

«Լիդիան»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի է, Ամուլսարի ծրագրի համար պետք է իրականացվի նոր գնահատում. ELARD

ԷկոԼուր

«Լիդիան»-ի ներկայացրած Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը թերի է, Ամուլսարի ոսկու ծրագրի համար պետք է իրականացվի նոր գնահատում: Այս մասին ասացին ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օգոստոսի 29-ին անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ:

ELARD-ի հետ տեսակոնֆերանս նախաձեռնել էր հայկական կողմը՝ քննարկելու Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին՝ ELARD-ի միջազգային փորձաքննության եզրակացությունը:


Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ELARD-ի փորձագետներին, ասաց. «Մենք ունենք խնդիր Ձեր եզրակացության մեկնաբանությունների հետ: Չնայած արձանագրված թերությունների ու բացերի՝ մեծ հաշվով եզրակացությունն այնպիսին է, որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են:

Արդյո՞ք ճիշտ են հասկանում նրանք, ովքեր մեկնաբանում են այնպես, որ չնայած նրան, որ ELARD-ն արձանագրել է մի շարք խախտումներ, թերություններ, թերհաշվումներ Ամուլսարի հանքի շահագործման նախագծում, նրա ընդհանրական եզրակացությունն այն է, որ առաջարկվող 10+6 մեղմման միջոցների կիրառման դեպքում Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կլինեն կառավարելի»:

ELARD-ի փորձագետներն ի պատասխան նշեցին. «2016 թ-ի ՇՄԱԳ-ը և նախագիծը բավարար չեն հանքավայրն ապահով շահագործելու համար...ծրագրի համար պետք է իրականացվի նոր գնահատում... ՇՄԱԳ-ը պետք է թարմացնել, պետք է պատշաճ կերպով նախագծվեն մեղմման միջոցառումները...Գնահատումները, լինի սոցիալական, թե բնապահպանական, անհերքելիորեն թերի են, վստահելի չեն»:

ELARD-ն իրականացրել է Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննություն 2018 թ-ի հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում հարուցված Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:

Ըստ էության, ELARD-ի եզրակացությունը հաստատում է բնապահպանների և Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքների բնակիչների այն մտահոգությունները, որ Ամուլսարի ծրագրում ռիսկերը պատշաճ կերպով գնահատված չեն: Ծրագրին դեմ հանդես եկող հասարակությունը կարծում է, որ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործը չպետք է կարճել կամ փակել:

Տեսակոնֆերանսի մանրամասները՝ տեսանյութում



Սեպտեմբեր 01, 2019 at 18:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր