Ինչ է պետք անել հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող համայնքներում սոցիալական և բնապահպանական իրավիճակը բարելավելու համար

Ինչ է պետք անել հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող համայնքներում սոցիալական և բնապահպանական իրավիճակը բարելավելու համար

ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանի Ալավերդի, Օձուն, Շնող, Ախթալա, Թեղուտ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Շամլուղ, Աքորի, Հագվի, Մղարթ, Կաճաճկուտ բնակավայրերի բնակիչների ֆիզիկական, բժշկական և հոգեբանական վիճակի գնահատման արդյունքում համայնքապետարաններին ուղարկվել են առաջարկություններ: Նպատակն է բարելավել հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող համայնքներում բնապահպանական վիճակը՝ հաշվի առնելով նաև սոցիալական գործոնը:

Հետազոտությունն իրականացրել է «Առնիկա» չեխական հասարակական կազմակերպությունը՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ,  «Թումանյանի շրջանում աղտոտվածության իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակներում, Չեխիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ Լոռու մարզի հանքարդյունաբերական համայնքներում տարածված հիվանդությունները պատկանում են այն հիվանդությունների խմբին, որոնք կարող են առաջանալ աղտոտված շրջակա միջավայրի հետևանքով՝ մարդու օրգանիզմում ծանր մետաղների կուտակմամբ։

Հատկապես մտահոգիչ են 18 տարեկանից ցածր երեխաների կողմից նշված հիվանդությունները, ինչպես, օրինակ, սրտանոթային հիվանդությունները և մարսողության հետ կապված խնդիրները: Սա խոսում է շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով առողջական հնարավոր ռիսկերի մասին: Մարդկանց այն խումբը, որը բուժում է ստանում բուժհաստատություններում, որպես հիվանդությունների առաջացման պատճառ նշում է վատ էկոլոգիան։

Լոռու մարզի հանքարդյունաբերական համայնքներում 2018-2021 թթ-ին իրականացված հետազոտության արդյունքում «Առնիկա» չեխական կազմակերպությունը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը», «ԷկոԼուր» տեղեկատվական և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ները բացահայտել են խոցելի համայնքների կարիքներն ու առաջնահերթությունները, որոնք պետք է փոխանցվեն տեղական ինքնակառավարման մարմիններին:

Առաջարկությունների փաթեթում, մասնավորապես, նշված է.

- վերանայել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը՝ համալրելով դրանք սոցիալ-բնապահպանական և առողջապահական միջոցառումներով;

- մշակել ազդակիր համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դպրոցների համար հատուկ սննդակարգ՝ երեխաների օրգանիզմի դիմակայությունը բարձրացնելու և ծանր մետաղների հավանական բացասական ազդեցությունները մեղմելու նպատակով;

- մանկապարտեզների, դպրոցների, մանկական խաղահրապարակների մերձակա տարածքներում իրականացնել թափոնների օգտահանում, հողի վերին շերտը փոխարինել մաքուր տարածքներից բերված հողի բերրի շերտով՝ իրականացնելով կանաչապատման միջոցառումներ;

- ցանկապատել պոչամբարները և ստեղծել աշխատանքային խումբ՝ աղբավայրերի մաքրման և պոչամբարների վերականգնման համար միջոցներ հայթայթելու նպատակով, ընկերությունների կողմից թափոնների կառավարման և վերամշակման վերաբերյալ անցկացնել հանրային լսումներ՝ առաջարկելով ընկերություններին ներկայացնել միջոցառումների համապատասխան ծրագիր;

- դիմել ՀՀ կառավարությանը՝ խոցելի համայնքներում գործող առողջապահական հաստատություններին հատուկ կարգավիճակ շնորհելու, օնկոլոգիական և ոչ օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման նպատակով խորացված բժշկական հետազոտությունների համար համապատասխան սարքավորումներով հագեցնելու խնդրանքով;

- ազդակիր համայնքներում իրականացնել սոցիալ-էկոլոգիական վիճակի գնահատում, մշակել այլընտրանքային զարգացման ծրագրեր;

- առաջարկել հանքարդյունաբերական ընկերություններին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում կատարել ներդրումներ համայնքի այլընտրանքային զարգացման համար;

- իրազեկման բարձրացման նպատակով խոցելի համայնքներում անցկացնել դասընթացներ և հանդիպումներ, տարածել տեղեկատվություն քիմիական աղտոտման վտանգների, կանաչ իրավունքների և անվտանգության կանոնների մասին: Տեղի բնակիչների համար կազմակերպել առողջ ապրելակերպի դասընթացներ;

- ստեղծել հասարակական մոնիթորինգի խմբեր՝ աղտոտված տարածքներում կանոնավոր մոնիթորինգի իրականացման նպատակով;

- համայնքների պաշտոնական կայքերում տեղադրել ինտերակտիվ առցանց քարտեզը, որը ստեղծել են «Առնիկա» չեխական հասարակական կազմակերպությունը, հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի տարածքների աղտոտվածության, բնակավայրերում ծանր մետաղների կոնցենտրացիաների, առկա ռիսկերի մասին;

- իրականացնել հանքարդյունաբերական բիզնեսի կողմից հասցված սոցիալական, բնապահպանական և առողջապահական վնասների գնահատում, պատրաստել համապատասխան ակտեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար տեղական, պետական ​​մարմիններում, ինչպես նաև դատական ​​համակարգում:

Մարտ 09, 2022 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր