ՀՀ շրջակա միջավայրի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվելու են այն բնապահպանական ծրագրերը, որոնք համայնքները կարող են իրականացնել ընկերությունների վճարած բնապահպանական հարկերով:
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: «Վերջին տարիներին իրականացված Ծրագրերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող հողային, ջրային և օդային տարածքներում, ընկերությունների գործունեությամբ պայմանավորված, բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված Ծրագրերի արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել վերոնշյալ միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ, ինչը նաև հնարավորություն կտա համայնքներին՝ սահմանափակ ռեսուրսներով մշակել և իրականացնել առավել նպատակային և հասցեական Ծրագրեր»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ:
Օրինագծի համաձայն՝ օդային, ջրային և հողային տարածքների վրա ազդեցություն ունեցող ընկերությունների ցանկն ամեն տարի սահմանելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բացի մետաղական հանքեր շահագործելու իրավունք ունեցող ընկերություններից: Ընկերությունների ցանկից է կախված, թե որ համայնքները կկարողանան օգտվել սուբվենցիաներից: Նշենք, որ գործող օրենքով այդ ընկերությունները նշված են օրենքում:
Սուբվենցիաներ ազդակիր համայնքները կստանան այն դեպքում, եթե մշակեն.
- մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի և ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կանխարգելման միջոցառումներ
- ջրային ռեսուրսների որակի բարելավմանը, երկրորդային ջրօգտագործման ապահովմանն ուղղված միջոցառումներ, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների մաքրման միջոցառումներ, ջրային ռեսուրսների մաքրման համակարգերի և կեղտաջրերի մաքրման (այդ թվում՝ կենսաբանական մաքրման) կայանների կառուցում, պահպանում և շահագործում, ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի և միացությունների արտահոսքերի կանխարգելման և վնասազերծման, ջրերի վնասակար ներգործության կանխարգելման, համայնքային կանաչ գոտիներում արդի ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման միջոցառումներ
- թափոնների արդյունավետ գործածությանը, աղտոտված հողերի մոնիթորինգին, դրանց մաքրմանը, վնասազերծմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումներ
- աղտոտված հողերի մաքրման, հողերի դեգրադացիայի կանխման, ինչպես նաև աղտոտող նյութերի անվտանգ վնասազերծմանն ուղղված միջոցառումներ, հակասողանքային միջոցառումներ, խախտված տարածքների գեղագիտական արժեքի բարձրացման նպատակով դրանց վերականգնման, մարված պաշարներով հանքավայրերի տարածքների ռեկուլտիվացիայի միջոցառումներ:
Սուբվենցիաներ կտրամադրվեն նաև կենսաբազմազանության պահպանման, կանաչ գոտիների պահպանման ու վերականգնման, շրջակա միջավայրի պահպանման համար ուսումնասիրությունների իրականացման, տեղեկատվության տարածման, էկոկրթության շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների մշակման, դրա համար անհրաժեշտ հետազոտությունների կազմակերպում և իրականացման, բնակչության առողջական վիճակի զննությունների կազմակերպման և իրականացման, անհրաժեշտ համակարգերով ու սարքավորումներով բժշկական կենտրոնների վերազինման, համայնքահեն բնապահպանական և առողջապահական հասարակական կազմակերպություններին նշված միջոցառումների կատարման համար աջակցության հատկացման համար:
Նշենք, որ ազդակիր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն ԷկոԼուրի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս նշել են, որ ընկերությունների բնապահպանական հարկերից առաջացող սուբվենցիոն գումարները փոքր են և դրանցով հնարավոր չէ լուրջ բնապահպանական ծրագրեր իրականացնել: Հարց է, թե արդյոք համայնքը սուբվենցիաներով կկարողանա կամ կցանկանա մարված պաշարներով հանքավայր ռեկուլտիվացնել, կամ աղտոտված հող մաքրել, միջոցառում ձեռնարկել ջրերի աղտոտման կանխարգելման համար, թե կսահմանափակվի փոքր, ոչ էական միջոցառումներ իրականացնելով, որոնք բուն խնդիրը՝ շրջակա միջավայրի աղտոտվածության մաքրումը կամ կանխարգելումը լիարժեք չեն կատարի: Եթե սուբվենցիոն վճարները համարժեք չեղան աղտոտվածության վերացման համար անհրաժեշտ գումարի չափին, ապա առնվազն այդ մասով նոր օրենքը հաջողություն չի ապահովի:
Լուսանկարում՝ Կապանն է
Ապրիլ 29, 2022 at 12:48