Էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի հարցը կրկին օրակարգում է

Էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի հարցը կրկին օրակարգում է

Խորհրդային տարիներին էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման հարցը կրկին օրակարգում է: «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն մտադիր է վերագնահատել Կոտայքի մարզի զբոսաշրջային Ծաղկաձոր համայնքի տարածքում գտնվող Թեժասարի հանքավայրի Թեժագետ նեֆելինային սիենիտների տեղամասի պաշարները: Արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա կկազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար: 

Երկրաբանահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2022-2025թթ-ին: Հայտի հանրային երկրորդ քննարկումը նշանակված է սույն թվականի օգոստոսի 11-ին` ժամը 12:00-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Հիշեցնենք, որ դեռ 2012թ-ին Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրը ցանկանում էր շահագործել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց տեղի բնակչության և հասարակության շրջանում: Այդ ժամանակ ԷկոԼուրը հրապարակեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի տված հարցազրույցից մի հատված (Деловой экспресс, 2005, N 21), որտեղ նա նշել էր, որ խորհրդային տարիներին Թեժասարի նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի և անկատար տեխնոլոգիաների պատճառով: Ըստ այդ հարցազրույցի՝ ՀԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Մանվելյանի առաջարկով 20-րդ դարի  60-70-ական թվականներին Հրազդան քաղաքում կառուցվել է լեռնաքիմիական կոմբինատ նեֆելինային սիենիտների վերամշակման և փակ ցիկլով առաջնային ալյումինի ստացման համար: Թեպետ այդ ժամանակ ծրագրի համար արդեն իսկ ծախսվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, սակայն ծրագիրը կյանքի չկոչվեց.  մասնագետներն ապացուցել էին, որ եթե կոմբինատն աշխատի, ապա 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը կոչնչանա: Իսկ կոմբինատը կառուցվել էր մի վայրում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 հազար երեխա: Թափոններից ռիսկի կենթարկվեր ոչ միայն մթնոլորտը, այլև ջուրը: Ըստ Մանվել Մանվելյանի, պետք էր կոմբինատի թափոնները թաղել թափոնների  պատիճային եղանակով, ինչպես միջուկայինների դեպքում է:

2012թ-ին՝ Թեժսարի նախագծի ակտիվ քննարկումների օրերին, «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով հանքավայրում  ուրանի առկայության մասին: «Թեժսարի խնդիրը ոչ թե ալյումինի խնդիրն է, այլ` ուրանի: Գրականության մեջ, եթե դուք մտնեք երկրաբանական արխիվներ, կտեսնեք, որ սիենիդների, նեֆելինների մեջ նրանք հարակից են իրար, ձուլված են, անջատ չեն:

…1949 թվից սկսվել են ռադիոակտիվ հանքանյութերի ուսումնաիրություններ: Եւ Հայաստանում 4 խոշոր զոննաներ կան: Երկրորդ զոնան Թեժսարի զոննան է, որտեղ ուրանը մինչև 0,86 տոկոս է, թորիումի և մոտ 10-12 այլ կարգի միացություններ կան»,- ասել է Հակոբ Սանասարյանը: 

Թեժսարի հանքավայրում ուրանի, կամ ընդհանրապես ռադիոակտիվ ռիսկերի  մասին նշված չէ «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի հայտում, որի համաձայն նախատեսվում է  Թեժագետի տարբեր  երկուական տեղամասերից փորձնական   հանույթի   միջոցով   ստանալ   500 տոննա   հանքանյութ` տեխնոլոգիական  նմուշին  անհրաժեշտ  նյութեղեն  հումք  ստանալու համար։ Նաև նախատեսվում  է  ամբողջությամբ  վերականգնել  տեղամասում  1950-ական  թթ-ի վերջում  անցած  բոլոր մագիստրալային  հետախուզումները՝  ընդհանուր    3140      գծամետր ծավալով  և  19  շուրֆերը։  Նախատեսվում  է  նոր 15  շուրֆերի  անցում,  ինչպես  նաև  2010  գծմ հորատանցքերի  հորատում։  

Երկրաբանական ուսումնասիրման համար ընկերության կողմից հայցվող 91.74  հեկտար մակերեսով տարածքը գտնվում է Ծաղկաձոր  խոշորացված  համայնքի  Մեղրաձոր բնակավայրում: Հայցվող տարածքը գտնվում է 2-րդ սեյսմիկ գոտում, որին բնորոշ է 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Իսկ մոտակա սողանքային  մարմինը գտնվում է 2.6կմ հեռավորության վրա:

Հայցվող  տարածքից  մոտ  5կմ հեռավորության վրա են գտնվում Փյունիկ և Արտավազ գյուղերը, Կորչլու  գյուղը` 6.5կմ վրա, Մարմարիկ գյուղը` 10կմ, Աղավնաձորը` 11կմ, Հանքավանը` 11.5կմ, իսկ զբոսաշրջային Ծաղկաձոր խոշորացված համայնքի կենտրոնը՝ 16.0կմ հեռավորության վրա: 

Թվով 33 բնության հուշարձաններ գտնվում են  հայցվող տարածքից   մոտ 2կմ հեռավորության  վրա: 

Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա դրսևորվող տեխնածին ճնշումների վերաբերյալ հայտում նշված է, որ հետախուզման աշխատանքների ընթացքում փոշու և վնասակար գազերի արտանետումները կապված կլինեն հորատման, բնամասում օգտակար հանածոյի ուսումնասիրության և ավտոտրանսպորտի շարժման հետ: «Նախնական հաշվարկների համաձայն, երևակման տարածքում ծրագրավորված աշխատանքների իրականացման ժամանակ վնասակար գազերի (ազոտի օքսիդ, ածխածնի երկօքսիդ, մուր) առավելագույն կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները»,- նշված է հայտում: 

Ըստ փաստաթղթի՝ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենալու, երևակման տարածքում հողաբուսական շերտը բացակայում է: Տարածքը գրեթե զուրկ է բուսածածկույթից: Բուսական և կենդանական աշխարհի վրա նոր բացասական ազդեցությունների դրսևորման հավանականությունը գրեթե զրոյական է:

Հայցվող տարածքից 6կմ հարավ հեռավորությամբ հոսում է Մարմարիկ գետը, որը Հրազդան գետին է միանում Հրազդան քաղաք  չհասած  հատվածում    և  հայցվող  տարածքից  հեռու  է 17կմ: Իսկ Մարմարիկ  գետի  Մարմարիկ  ջրամբարը գտնվում  է  7.5կմ  հեռավորության  վրա:   

Ըստ հայտի` հայցվող տարածքում բացակայում է անտառային ծածկույթը, ծառաթփային բուսականությունը, կարմիրգրքյան տեսակները: 

«ԱՄ ԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ-ն գրանցվել է 2014թ-ին: Որպես իրական շահառու ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում հանդես է գալիս ՀՀ քաղաքացի Հովհաննես Բարսեղյանը: Նա ընկերության իրական շահառու է դարձել 2021թ-ին, 100 % բաժնետեր է:

Օգոստոս 09, 2022 at 13:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր