

ԷկոԼուր
Թեժ Սարի նեֆելինային սիենիտներն ուղեկցվում են ուրանով եւ այլ ռադիոակտիվ նյութերով: Սակայն «Ալյումինա Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննության ներկայացված Թեժ Սարի հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծում այս մասին ոչ մի խոսք չկա:
Թեժ Սարի նախագծի ռադիոակտիվ ռիսկերի վրա ուշադրություն դարձրեց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Ես կուզենայի նաեւ նախագիծ կազմողներին հարցնել` ինչո՞ւ չի խոսվում հիմնականի մասին: Թեժ Սարի խնդիրը ոչ թե ալյումինի խնդիրն է, այլ` ուրանի: Գրականության մեջ, եթե դուք մտնեք երկրաբանական արխիվներ, կտեսնեք, որ սիենիդների, նեֆելինների մեջ նրանք հարակից են իրար, ձուլված են, անջատ չեն:
…49 թվից սկսվել են ռադիոակտիվ հանքանյութերի ուսումնաիրություններ: Եւ Հայաստանում 4 խոշոր զոննաներ կան: Երկրորդ զոնան Թեժ Սարի զոննան է, որտեղ ուրանը մինչեւ 0,86 տոկոս է, թորիումի եւ մոտ 10-12 այլ կարգի միացություններ կան:
… Թեժ Սարի հանքավայրը մոտավորապես 2700-ից 3000 մետրի սահմաններում է: Եթե մենք ազդակիր համայնքների մասին ենք խոսում, ուրեմն մենք պետք է գնանք ու Արմաշը նույնպես վերցնենք ազդակիր համայնքի մեջ, քանի որ այստեղ փաստորեն Հայաստանի ջրագոյացման եւ ջրաբաշխման, հավանաբար, ամենախոշոր կառույցն է:
3000 մետրի վրա դուք իրականացնում եք հանքահանում, ֆլոտացիա, մնացած- մնացած, հետո այդ պոչհանքը, ամեն ինչը դանդաղորեն ու՞ր պիտի գնա, Կասպից ծով է գնում, բայց հիմնականում որտե՞ղ պիտի վնասվի: Ինչքան մոտ է տարածքը, այդքան կուտակումները եւ ազդեցությունն ավելի մեծ պիտի լինի: Բնապահպանության նախարարությունը, որ ամբողջ այս արխիվներն իր իշխանության տակ է, ինքը շատ լավ գիտեր, երբ որ տվեց լիցենզիան («Ալյումինա Քորփորեյշն» ընկերությանը), թե ինչ է տալիս, դա թույլատրելի է, թե` ոչ:
..Երբ որ դուք ուրանը հանում եք, թույլ եք տալիս, որ նա օդի եւ խոնավության հետ օքսիդանա, շփվի եւ տարածվի: Ու միաժամանակ Թեժ Սարից ինչ է գնում` Փամբակ գնում է, գնում է Դեբեդ, գնում է Աղստեւ, գալիս է դեպի արդեն Արաքս գետը իր մնացած բոլոր հանգույցներով: Մենք ունենք ջրաբանական միակ արգելոցը Հայաստանի Հանրապետությունում` Հանքավանի կողքին: Եթե մենք ասում ենք, որ այսքան ջուր ունենք, այդ ջրերը եթե վերեւում դուք աղտոտում եք, ապա ի՞նչ կլինի այդ ջրերի եւ աղբյուրների հետ: ..Ամեն ինչ կաղտոտվի ծանր մետաղներով եւ ուրանով»,- ասաց Սանասարյանը: Ստացվում է, որ Բնապահպանության նախարարությունը դիտարկման է ընդունել մի նախագիծ, որտեղ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատկանը հակասում է նույն նախարարության` ռադիոակտիվ հումքի պաշարների մասին արխիվային նյութերին:
Հունվար 10, 2013 at 11:25
