Վերջին հանրային լսումը՝ Սոթքի ոսկու հանքավայրը 2025թ-ից հետո ստորգետնյա եղանակով շահագործելու համար

Վերջին հանրային լսումը՝ Սոթքի ոսկու հանքավայրը 2025թ-ից հետո ստորգետնյա եղանակով շահագործելու համար

Ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2025թ-ից հետո մտադիր է ստորգետնյա եղանակով շահագործել Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը: Ընկերության հաշվետվությունն արդեն հասել է բնապահպանական փորձաքննության հանրային քննարկումների վերջին փուլ: Սոթքի ոսկու հանքավայրի բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության չորրորդ հանրային քննարկումը նշանակված է սույն թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Ըստ փաստաթղթի՝ մինչև 2025թ. հանքավայրը կշարունակի շահագործվել բաց եղանակով, սակայն արտադրողականությունը, որը ներկայում կազմում է տարեկան 1.0 միլիոն տոննա, կհասցվի տարեկան 1.75 միլիոն տոննայի: Իսկ 2025թ-ից հանքավայրը կշահագործվի ստորգետնյա եղանակով՝ տարեկան 400 հազար տոննա արտադրողականությամբ:

Հայտում նշված է, որ ոսկու նվազագույն միջին պարունակությունը բաց եղանակով շահագործման ենթակա ողջ պաշարներում կազմում է 2.3գ/տ, իսկ ստորգետնյա եղանակով շահագործման ենթակա ողջ պաշարներում՝ 2.7գ/տ: Բացահանքի մակերեսը կկազմի 601.517 հազ.մ2, բացահանքի մշակման խորությունը՝ 390 մ: Լեռնային աշխատանքները կատարվելու են լեռնահատկացված սահմաններում: Նախատեսվում է արդյունահանել երկու տեսակի հանքաքար` սուլֆիդային և գաբրո: Արդյունահանված հանքաքարը տեղափոխվելու է Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա: Հանքաքարի ժամանակավոր պահեստավորման համար նախատեսում է կառուցել նոր պահեստ, որը կզբաղեցնի 5.0 հեկտար տարածք: Իսկ հանքաքարի ժամանակավոր պահեստավորման ծավալը կկազմի 100.0 հազ.մ3: Նաև նախատեսվում է 114 հեկտար կազմող լցակույտերի մակերեսն ավելացնել ևս 80 հեկտարով: Նշված է, որ ամբողջ ավելացվող մակերեսը լեռնահատկացման սահմաններում է: Ստորգետնյա եղանակով մշակման համար կանցկացվի նոր տրանսպորտային հանքուղի, որի ժամանակ գոյացող դատարկ ապարների տարեկան քանակը կկազմի մոտ 30 000 տ, որը տեղափոխվելու է մարված բացահանքի տարածք: Բացահանքի շահագործմանը զուգահեռ կիրականացվեն հետախուզական աշխատանքներ:

Նշենք, որ Արցախյան 2020թ-ի պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի մի մասն անցավ ադրբեջանական կողմին: Հավելենք, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն այս տարի չկար 1000 խոշոր հարկատուների ցանկում այն դեպքում, երբ նախորդ տարիներին ընկերությունն առաջատարներից էր:

Օգոստոս 10, 2022 at 10:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր