Մեղրաձորցիների և քաղհասարակության հիմնավորումները՝ Թեժագետի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման աշխատանքների մերժման վերաբերյալ

Մեղրաձորցիների և քաղհասարակության հիմնավորումները՝ Թեժագետի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման աշխատանքների մերժման վերաբերյալ

Մեղրաձորցիները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Թեժասարի հանքավայրի Թեժագետ տեղամասի նեֆելինային սիենիտների պաշարների վերագնահատման աշխատանքներին: ԷկոԼուրը ներկայացնում է այդ աշխատանքների համար շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի երկրորդ հանրային քննարկումների ժամանակ տեղի բնակչության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ելույթներից հատվածներ.

«ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Արդեն երրորդ ընկերությունն է գալիս այս հանքավայրը հետախուզելու հայտով: Նախորդները մերժվել են: Այս ծրագրում չկա հանքավայրի վերաբերյալ նախատեսվող ամբողջ գործունեության նկարագիրը՝ հանքավայրի շահագործում, ֆաբրիկայի կառուցում, մինչդեռ ուսումնասիրության նպատակը շահագործումն է»:

«Առողջ Հրազդան» նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյան. «Բոլորս էլ հստակ հասկանում ենք, որ ուսումնասիրությունները կատարվելու են շահագործման համար: Հայաստանի այն տարածքները, որտեղ շահագործվում են հանքավայրեր, աղտոտված են և բնակվելու համար պիտանի չեն: Մենք դեմ ենք, որ հանքավայրը ուսումնասիրվի, որ չշահագործվի»:

Տեղի բնակիչներ. «Կարո՞ղ եք ասել, արդեն շահագործող հանքավայրից քանի կարմիրգրքյան տեսակներ են անհետացել, ինչքան տարածքներ են աղտոտվել, ինչքան վտանգավոր նյութեր են լցվել գետերը: Մեզ ասեք՝ արդեն եղած հանքավայրը ի՞նչ է տալիս մեզ, հետո ասեք՝ ի՞նչ է լինելու նոր հանքի դեպքում: Մի վնասով բավարարվել ենք…Կլինի մեկին բերեն, 1000 դոլլար տան, ասեն՝ մկնդեղ կեր, մեռի…Պետությունն առանց մարդկանց պետություն կմնա՞, եթե թունավորվենք բոլորս, ի՞նչ պետություն…Մենք դեմ ենք հանքի ծրագրին, մեր ընդերքին ձեռք չտաք»:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյան. «Այս ծրագիրը վերաբերում է տարբեր բնակավայրերում ապրող բնակիչներին, քանի որ մենք գործ ունենք Հայաստանի ոռոգման համակարգի ամենակարևոր ջրային երակի հետ՝ Հրազդան գետն ու իր վտակները: Կա մեկ այլ հանգամանք ևս, որը բոլորը պետք է հաշվի առնեն: Այդ ամբողջ հանքային գոտին ցրված ուրան է, որը հանքի վերամշակված նյութերի հետ բաժին է հասնելու Հայաստանի բնակիչներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:



Օգոստոս 15, 2022 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր