ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքն արդեն ունի համայնքի կայուն զարգացման համար անհրաժեշտ սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն:
Սույն թվականի օգոստոսի 9-ին նիստում Օձունի համայնքի ավագանին միաձայն ընդունեց «Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը հաստատելու և համայնքի հնգամյա զարգացման ծրագրում սոցիալ-էկոլոգիական քաղաքականությամբ սահմանված ծրագրերի ներառման մասին» N51-Ա որոշումը:
Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությամբ նախատեսվում է՝ էկոտուրիզմի զարգացում, կայուն գյուղատնտեսության ներդրում, ջրամատակարարման համակարգի բարելավում, վերականգնվող էներգետիկայի զարգացում, համայնքում իրականացվող սանիտարահիգիենիկ և արդյունաբերական թափոններից մաքրման միջոցառումներ, համայնքային աղբավայրերի հիմնում և դրանց կառավարման համակարգի ներդնում:
Նախատեսվում է գտնել լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ հետևյալ ծրագրերի իրականացման համար՝ համայնքի տարածքում մթնոլորտային օդի որակի, հողերի և ջրերի որակական և քանակական մոնիթորինգի դիտակետերի և համայնքապետարանի/բնակավայրի համապատասխան ստորաբաժանման էկելտրոնային համակարգին դրանց տվյալների փոխանցման համակարգի տեղադրում, համայնքի վարչական տարածքի անտառային հողերում ծառատունկի իրականացում և դրանց խնամքը հինգ տարվա համար, արդյունաբերական թափոնների չեզոքացում, համայնքում կոմունալ-կենցաղային կոյուղագծերի կենսաբանաքիմիական մաքրման կայանի կառուցում, համայնքի տարածքում առկա հանքարդյունաբերական լցակույտերի չեզոքացում, քիմիական աղտոտման ենթարկվող բնակչության պարբերական բուժզննման անցկացում:
Օձունի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը մշակվել է «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում: Նպատակն է սահմանել սկզբունքներ և պահանջներ, որոնք ուղղված են համայնքի կայուն զարգացմանը, բնության և մարդու առողջության պահպանմանը, բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը, համայնքի սոցիալական և էկոլոգիական անվտանգության ապահովմանը, մարդու սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանությանը։
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
ԴԱՏԱ ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետերը միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետերը:
Օգոստոս 10, 2022 at 12:43