

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը:
Ներկայացնում ենք ցանկում առկա մետաղական հանքարդյունաբերական ընկերությունների վճարած հարկերը:
Առաջին խոշոր հարկատուն կրկին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է՝ Հայաստանի ամենամեծ՝ Քաջարանի հանքավայրը շահագործողը: 2022 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԶՊՄԿ-ն վճարել է 129 միլիարդ163 միլիոն 071 հազար դրամի հարկ: 2021թ-ի՝ ամբողջ տարվա ընթացքում, ընկերությունը վճարել է 48 միլիարդ 842 միլիոն 019 հազար դրամ հարկ, իսկ 2020թ-ին՝ 42 միլիարդ 983 միլիոն 579 հազար դրամ: Ընդհանուր երկու տարվա ընթացքում շուրջ 92 միլիարդ դրամ, այսինքն, 37 միլիարդ դրամով ավելի քիչ, քան 2022 թ-ի իննը ամիսների ընթացքում:
Հաջորդ խոշոր հարկատու հանքարդյունաբերողն Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է: Ընկերությունը ցանկի 8-րդ հորիզոնականում է՝ 11 միլիարդ 698 միլիոն 473 հազար դրամ հարկային մուտքերով:
Խոշոր հարկատուների ցանկում իր դիրքերը կտրուկ զիջել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն՝ ցանկի 5-րդ հորիզոնականից հայտնվելով 13-րդ հորիզոնականում՝ 9 միլիարդ 396 միլիոն 620 հազար դրամ հարկային մուտքերով:
Ցանկի 14-րդ հորիզոնականում «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն՝ 9 միլիարդ 239 միլիոն 774 հազար դրամ մուտքերով: Նշենք, որ այս ընկերությունն ուշագրավ կերպով առաջ է եկել խոշոր հարկատուների ցանկում նախորդ տարվա 446-րդ հորիզոնականից՝ ընդամենը 514 միլիոն 469 հազար դրամ մուտքերով:
Տարվա առաջին կիսամյակի համեմատ իր դիրքերը ցանկում զիջել է Կապանի պղնձի հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն՝ 26-րդ հորիզոնականից հասնելով 34-ի՝ 4 միլիարդ 676 միլիոն 139 հազար դրամ մուտքերով:
42-րդ հորիզոնականում Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ն է՝ 4 միլիարդ 176 միլիոն 040 հազար դրամ վճարված հարկերով: Այս տարի «Լիճքվազ» ՓԲԸ-ի համար թռիչքային է: Նախորդ տարի ընկերությունը ցանկում 227-րդն էր՝ 943 միլիոն 742 հազար դրամ ընդհանուր մուտքերով, իսկ 2020թ-ին ցանկի վերջում էր՝ 978-րդ հորիզոնականում՝ ընդամենը179 միլիոն 704 հազար դրամ մուտքերով:
Ցանկի 54-րդ հորիզոնականում Շամլուղի պղնձի հանքավայրը շահագործող «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն է՝ 3 միլիարդ 393 միլիոն 622 հազար դրամ վճարած հարկերով: Նշենք, որ նախորդ տարի ցանկում ընկերությունը 198-րդն էր՝ 1 միլիարդ 148 միլիոն 964 հազար դրամ մուտքերով, իսկ 2020թ-ին 194-րդը՝ 987 միլիոն 937 հազար դրամ մուտքերով:
Հաջորդ հանքարդյունաբերողին հանդիպում ենք ցանկի 244-րդ հորիզոնականում՝ Սոտքի հանքավայրը շահագործող ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին՝ ընդամենը 776 միլիոն 536 հազար դրամ հարկային մուտքերով: Նշենք, որ այս տարվա խոշոր հարկատուների առաջին կիսամյակի ցանկում ընկերությունը բացակայում էր, իսկ վերջին երկու տարիների համեմատ կտրուկ անկում են ապրել հարկային մուտքերը: 2021 և 2020թթ-ին ընկերությունն առաջատարներից էր՝ 5-րդ հորիզոնականում՝ համապատասխանաբար 20 միլիարդ 839 միլիոն և 26 միլիարդ 937 միլիոն վճարած հարկերով:
Ցանկի վերջում՝ 911-րդ հորիզոնականում ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ն է՝ 207 միլիոն 453 հազար դրամ մուտքերով:
Այս տարի ցանկում բացակայում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, մինչդեռ նախորդ տարի ընկերությունը 44-րդ հորիզոնականում էր՝ 4 միլիարդ 342 միլիոն 480 հազար դրամ, իսկ 2020թ-ին՝ 537-րդ՝ 349 միլիոն 926 հազար դրամ վճարած հարկերով:
Հոկտեմբեր 25, 2022 at 13:39
