«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Քարաբերդի ոսկու հանքավայրում

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Քարաբերդի ոսկու հանքավայրում

«ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն մտադիր է Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարել, երկարացնել կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետն ու հանքահարստացուցիչ ֆաբրիկա կառուցել: 

Ընկերությունը նախատեսում է 2022թ. նոյեմբերի 4-ին Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համայնքապետարանում` գ. Փամբակ, 1 փող. 23 հասցեում, «ՀՀ Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևերում 2022-2025թթ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագրի», «Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագծի» և «Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետի երկարացման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտերի վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ անցկացնել: Այս մասին տեղեկանում ենք Փամբակի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Նշենք, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ն 2012թ.-ից սկսած որոշակի ընդմիջումներով շահագործել է Քարաբերդի ոսկու հանքավայրը: 

Բնակիչները տարիներ շարունակ ահազանգում են հանքավայրի հասցրած վնասների մասին՝ բարձրաձայնելով բերքի չորացման, հանքում պայթեցումների հետևանքով գյուղի արոտների վրա փոշու տարածման խնդրի մասին:

Նշենք, որ նախատեսվող լսումներին բնակիչների կողմ արտահայտվելը կխաթարի Փամբակ համայնքում բնապահպանական մեծ ծրագրի իրագործումը: Այսպես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից KfW բանկի միջոցով ֆինասնավորվող և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» և «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրերում ընդգրկվել են նաև Փամբակ խոշորացված համայնքի Դեբետ, Մարգահովիտ, Եղեգնուտ բնակավայրերը: Ծրագրերում ընդգրկված մեկ այլ՝ Մարց բնակավայրում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու հետ կապված WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը դեռևս 2022թ. մայիսին հայտնել էր. «Եթե գալիս ենք պայմանագիր կնքելու, կետերից մեկն ասում է, եթե հանկարծ մետաղական հանք բացվի, մենք իրավունք ունենք մեր բոլոր ներդրումները հետ վերցնել և կանգնեցնել մեր աջակցությունը»:

Նշենք նաև, որ 2022թ. սեպտեմբերին չեխական «Առնիկա» ՀԿ-ն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ Քարաբերդի ոսկու հանքավայրի հարակից տարածքներում և ազդակիր Քարաբերդ բնակավայրում քիմիական աղտոտվածության հետազոտություն է իրականացրել: Չեխ մասնագետների կողմից հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, մակերևութային ջրերից ու բնակիչների այգիներից վերցված, ինչպես նաև մազերի և մեզի փորձանմուշների հետազոտությունը կբացահայտի հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և տեղի բնակիչների առողջության վրա:

Ոսկի ունեցող Քարաբերդում համայնքապետարանը տեղակայված է վագոն տնակում

Նոր հետազոտությունները կպարզեն Քարաբերդի ոսկու հանքավայրի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակիչների առողջության վրա

Հոկտեմբեր 31, 2022 at 13:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր