Մեղրաձոր. հանքարդյունաբերության ազդեցության հետքը

Մեղրաձոր. հանքարդյունաբերության ազդեցության հետքը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր բնակավայրում է գտնվում Մեղրաձորի ոսկու հանքավայրը: Այն 2012թ. շահագործվում է «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի կողմից, որի գործունեության ընթացքում կառուցվել է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա՝ իր պոչամբարով: 

Լուսանկարը՝ Մարտին Մերեկի

Լուսանկարը՝ Նիկոլա Ժելինեկի

Ընկերության ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը լրացել է 2022թ. սեպտեմբերին: Ընկերությունը դեռևս 2021թ. հոկտեմբերին նոր` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարություն Մեղրաձորի ոսկու հանքավայրի շահագործման ժամկետը 17.2 տարով երկարաձգելու նպատակով: Նախարարությունը 2022թ. հուլիսի 27-ին բացասական եզրակացություն է տվել ընկերության ՇՄԱԳ հայտին: 

Ընկերությանը տրված ՊՎ 057 լիցենզիայի շրջանակում ֆաբրիկայում տարեկան վերամշակվել է 120 հազար տոննա հանքաքար։ 2021թ. ընկերությունը լիցենզիա էր ձեռք բերել վթարային ավազաններում և հանքախորշերում հարստացուցիչ գործարանի խարամի ու պոչերի պահեստավորման համար։ Հանքում պարունակվող հիմնական հանքանյութերն են՝ ոսկի, արծաթ, իսկ ուղեկցող տարրերն են՝ թելուր, բիսմուտ, սելեն, ցինկ, մկնդեղ ու ռենիում: 

Շուրջ 10 տարի տևած շահագործման ընթացքում հանքի բացասական ազդեցությունը կրել են Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ ու Փյունիկ առողջարանային բնակավայրերը, որոնք հանքից գտնվում են 2,5-18 կմ հեռավորության վրա: Ազդակիր է համարվում Մեղրաձոր բնակավայրը:

Բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ ու զբոսաշրջիկների սպասարկմամբ: Մեղրաձորի բնակչության մի մասն էլ աշխատում է «Մեղրաձոլ գոլդ» ՍՊԸ-ում: 

Գյուղերը շրջապատված են պտղատու և դեկորատիվ ծառերով, հատապտուղներով, մեղրատու թփերով և բուժիչ խոտաբույսերով հարուստ անտառներով։ Մինչդեռ հանքի ազդեցությունը խարխլում է բնակիչների ավանդական զբաղվածության և այլընտրանքային զարգացման հիմքերը:

Մեղրաձորում հանքարդյունաբերության ազդեցության տակ են գտնվում Մարմարիկ գետը և իր Գոմուռ վտակը, որտեղ թափվում են հանքի ջրերը: Մարմարիկ գետը պարբերաբար աղտոտվում է Մեղրաձորի ոսկու հանքավայրի վերամշակման ֆաբրիկայի և պոչամբարից արտահոսող ջրերով: Հերթական ահազանգը հնչել էր 2021թ. մայիսին: 

Մեղրաձորի ոսկու հանքավայրը զբաղեցնում է 567 հա տարածք, տեղակայված է Մարմարիկ գետի միջին հոսանքի ձախ ափին: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2022թ. 2-րդ եռամսյակում իրականացված մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Մարմարիկն ամենից բարձր՝ 5-րդ դասի աղտոտվածություն ունի: Սակայն նշված չէ, թե գետն ինչով է աղտոտված: 

Ըստ ընկերության կողմից ներկայացված ՇՄԱԳ հաշվետվության՝ մակերևութային ջրերի ֆոնային կազմը բնութագրվում է հիդրոկարբոնատային, նատրիում-կալցիումական բաղադրությամբ՝ 400-500 մգ/լ հանքայնացմամբ։ Նաև նշված է, որ Մարմարիկ գետի ջրերում նիկելի, երկաթի, կալցիումի և մագնեզիումի պարունակությունը համապատասխանում է աղտոտման 1-2, սուլֆատներին և քլորիդներին՝ աղտոտման 2-3 կատեգորիաներին։ 

Նախագծից նաև տեղեկանում ենք, որ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 2020թ. հանքից վերև և 500 մ ներքև ընկնող գետահատածներում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ Մարմարիկ գետի ջրերում մկնդեղի և որոշվող մետաղների պարունակությունները համապատասխանում են ջրի 1-2-րդ դասերի որակին, սուլֆատների, քլորիդների պարունակությունը և հանքայնացումը` ջրի 3-րդ դասի որակին: Մեխանիկական մաքրումից հետո Գոմուռ գետ են թափվում տրանսպորտային հանքուղու ջրերը: Այստեղ կախված նյութերի պարունակությամբ գետը 5-րդ դասի որակ ունի: Ջրի որակն ըստ ցինկի գտնվում է 1-2-րդ դասերում: 

2019 և 2021 թվականներին ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Գոմուռ և Մարմարիկ գետերի հիմնական աղտոտիչների, հանքի տարածքի հողային ծածկույթի մոնիթորինգի ու վերահսկողության վերաբերյալ հաշվետվությունները ևս:

Հաշվետվությունների համաձայն՝ ընկերությունը Հանքավան գյուղի վերևում և Մարմարիկ գետի գետաբերանում Գոմուռ և Մարմարիկ գետերի մակերևութային ջրերի հիմնական աղտոտիչների՝ As, Cu, Zn, Pb, Fe. , Ca, Mg, HCO3, CO3+2, SO4+2, CL, կախված մասնիկների, չոր մնացորդի ու ջրածնի ցուցիչի ամենամսյա մոնիտորինգ է իրականացրել։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ Գոմուռ գետի աղտոտիչների հիմնական ցուցանիշների փոփոխությունները հանքավայրի վերևում և ներքևում աննշան են, բացառությամբ մկնդեղի (0 մգ/լ վերևում, 0,0028 մգ/լ հոսանքից ներքև և 0,00059 մգ/լ՝ հոսանքի ներքևում): Մարմարիկ գետի ջրերում արձանագրվել է մկնդեղի բաղադրության աճ՝ 0,00063 մգ/լ-ից մինչև 0,0170 մգ/լ։ 
 
Շրջակա միջավայրի մյուս աղտոտիչը փոշին է: Հանքի ու պոչամբարի փոշին քամիների հետ տարածվում է դեպի բնակավայրեր, տեղի բնակիչները բարձրաձայնում են առողջական խնդիրների մասին՝ դրանք կապելով հանքի ազդեցության հետ: Ընկերության կողմից իրականացվել է նաև հանքավայրի տարածքի մթնոլորտային օդում փոշու առկայության ամենշաբաթյա մոնիտորինգ, որի արդյունքներով Մեղրաձոր և Գոռգոչ գյուղերից վերցված նմուշներում փոշու քանակությունը կազմել է 0.08-0.17 մգ/խմ:
 
Հանքի աշխատանքի հետևանքով տեղի են ունենում նաև վնասակար արտանետումներ: Ընկերությունն իր ՇՄԱԳ հաշվետվության մեջ նշել էր, որ տարեկան մթնոլորտ են արտանետվում շուրջ 5 տոննա վնասակար նյութեր, որից 1.33 տոննան պայթեցման ժամանակ, 3.246 տոննան՝ շահագործման ժամանակ: 

Շրջակա միջավայրի վրա բացասաբար են անդրադառնում նաև հանքի շահագործման հետևանքով առաջացող և վտանգավորության 3-րդ և 4-րդ դասերին պատկանող թափոնները՝ բանեցված չվնասված կապարե կուտակիչները (0,6 տոննա/տարի), բանեցված դիզելային յուղերը (10,8 տոննա/տարի), հալոգեններ չպարունակող բանեցված հիդրավլիկ յուղերը (4,45 տոննա/տարի), բանեցված արդյունաբերական յուղերը (4,44 տոննա/տարի), բանեցված կոմպրեսորային յուղերը (1,57 տոննա/տարի), բանեցված տրանսմիսիոն յուղերը (2,8 տոննա/տարի), բանեցված գործվածքի կորդով դողածածկանները (360 հատ (տարի կամ 10 տոննա)/ տարի), եռակցման խարամը (0,1 տոննա/տարի), յուղոտված լաթերն ու կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած չտեսակավորված աղբը: Ընդհանուր առմամբ, առաջացած թափոնների ծավալը տարեկան կազմում է շուրջ 35 տոննա:

Ընկերության կողմից շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ ներկայացված տվյալների իրականությանը համապատասխանելը հնարավոր կլինի պարզել չեխական «Առնիկա» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի հետ միասին իրականացված հետազոտությունների արդյունքում: Չեխ մասնագետները 2022թ. սեպտեմբերին Մեղրաձոր բնակավայրում փորձանմուշներ են վերցրել հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, մեղրաձորցիների այգիներից, մազերից և մեզից: Չեխիայում գտնվող լաբորատորիայում փորձանմուշների վերլուծությունից հետո պարզ կդառնա «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով Մեղրաձորին ու տեղի բնակիչներին պատճառված վնասների իրական պատկերը:

Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: 

Հոկտեմբեր 26, 2022 at 16:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր