ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2022թ. հուլիսի 27-ին բացասական եզրակացություն է տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ:
Ընկերությունը մտադիր էր 17.2 տարով երկարաձգել ընդերքօգտագործման թույլտվության ժամկետը, որը լրանում է 2023թ. սեպտեմբերին:
Բացասական եզրակացություն տալու համար հիմք են ծառայել մի քանի գերատեսչությունների բացասական կարծիքները նախատեսվող գործունեության վերաբերյալ: Այս կապակցությամբ ԲՓ N 01 08-22 փորձաքննական եզրակացության մեջ նշված է.
«Փորձաքննության գործընթացին մասնակցած Անտառային կոմիտեի կողմից ստացված կարծիքի համաձայն՝ ընկերության կողմից հայցվող տարածքի 31,4 հա-ը գտնվում է անտառային հողերում, և վերջինս հանքավայրի շահագործումն անտառային հողերում համարել է ոչ նպատակահարմար:
Համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից ստացված կարծիքի` մոտ 569 հա մակերեսով հայցվող տարածքը համադրվում է Մեղրաձոր գյուղի շուրջ 4 տասնյակ հողամասերի/քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական և բնակավայրերի նպատակային նշանակության, համայնքային սեփականություն հանդիսացող ու արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հետ:
2022թ. մայիսի 24-ին Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի է ունեցել հանրային քննարկում, որին մասնակցել են ՏԻՄ-ն ու բնակիչները: Հողամասի սեփականատերերից մեկը, որին պատկանում է տարածքի 40 հա-ը, դեմ է արտահայտվել իր հողատարածքում արդյունահանման աշխատանքների իրականացմանը:
ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ եղել են բազմաթիվ այլ դիտողություններ և առաջարկություններ, որոնք ապրիլի 14-ին N4/26.7/5741 գրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով ներկայացվել են ընկերությանը: Դիտողությունները վերաբերել են գործունեության ենթակա և հարակից տարածքների նկարագրին և մակերեսին, մասնավորապես.
- հաշվետվությունում թերի է ներկայացվել և մինչև գործընթացի ավարտը լիարժեք չի ներկայացվել տարածքի և հարակից տարածքների բուսական և կենդանական աշխարհի, մասնավորապես՝ Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանությանն ուղղված միջոցառումները և հողային ռեսուրսների պահպանության, ընդերքօգտագործման թափոնների վերաբերյալ տեղեկատվությունը:
- թերի են ներկայացվել ռեկուլտիվացիոն աշխատանքների և տնտեսական վնասի հաշվարկի ծախսերը, բացակայել է արդյունահանման համալիրի ենթակառուցվածքների՝ հարստացուցիչ ֆաբրիկայի, պոչամբարի վերաբերյալ տեղեկատվությունը:
Նախարարության ներկայացրած բացասական եզրակացության մեջ նշված է, որ մինչև փորձաքննական գործընթացի հիմնական փուլի ավարտն ընկերության կողմից դիտողություններով և առաջարկություններով լրամշակված հաշվետվությունը` ՏԿԵՆ-ի կողմից չի ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ:
ՏԿԵ նախարարի հունիսի 21-ի թիվ 2018-Ա հրամանի համաձայն` մերժվել է Կոտայք մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման վերաբերյալ «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 2021թ. դեկտեմբերի 13-ի թիվ 02/12 դիմումը` ՏԿԵՆ-ի նշված թերությունները 10-օրյա ժամկետում չվերացնելու հիմքով:
«Փորձաքննական գործընթացի լիարժեքությունն ապահովելու նպատակով 2022թ. հունիսի 3-ի N1/26.7/8904 գրությամբ ՇՄԱԳ փորձաքննական գործընթացի ժամկետը սկզբից երկարաձգվել է 30, այնուհետև՝ 10 աշխատանքային օրով: Սակայն նշված ժամկետներում պահանջվող փաստաթղթերն ու լրամշակումները ձեռնարկողի կողմից փորձաքննական կենտրոն չեն ներկայացվել, ինչն էլ հիմք է հանդիսացել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ- ի կողմից ներկայացված Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման ՇՄԱԳ հայտին բացասական եզրակացություն տրամադրելու համար»,- նշված է եզրակացության մեջ:
Հիշեցնենք, որ ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ ստորգետնյա հանքի տարեկան արտադրողականությունն ըստ հանքաքարի կազմելու էր 60 հազար տոննա, և նախանշված 17.2 տարի ժամկետում ընկերությունը մտադիր էր ստորգետնյա լեռնային աշխատանքներով արդյունահանել հանքաքարի բոլոր արդյունաբերական պաշարները:
Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ Մեղրաձորի հանքի ուղղակի ազդեցության տակ էին գտնվելու գտնվում Մարմարիկ գետը և իր Գոմուռ վտակը, որտեղ թափվում են հանքի ջրերը:
Մարմարիկ գետը պարբերաբար աղտոտվում է Մեղրաձորի ոսկու հանքավայրի վերամշակման ֆաբրիկայի և պոչամբարից արտահոսող ջրերով: Վերջին ահազանգը հնչել էր 2021թ. մայիսին:
Նշենք, որ Մարմարիկ գետն ունի ամենաբարձր՝ 5-րդ դասի աղտոտվածություն, աղտոտիչը մանգանն է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2020թ. տարեվերջյան տվյալների համաձայն՝ Մարմարիկի գետաբերանում գետն աղտոտված է եղել նաև վանադիումով, երկաթով, բարիումով, կալիումով: ՇՄԱԳ հաշվետվության համաձայն՝ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 2020թ. հանքից վերև և 500 մ ներքև ընկնող գետահատածներում իրականացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ Մարմարիկ գետի ջրերում մկնդեղի և որոշվող մետաղների պարունակությունները համապատասխանում են ջրի 1-2-րդ դասերի որակին, սուլֆատների, քլորիդների պարունակությունը և հանքայնացումը` ջրի 3-րդ դասի որակին: Կախված նյութերի պարունակությամբ Մարմարիկ գետն ունի ջրի որակի 5-րդ դաս: Մեխանիկական մաքրումից հետո Գոմուռ գետ են թափվում տրանսպորտային հանքուղու ջրերը: Այստեղ կախված նյութերի պարունակությամբ գետը կրկին 5-րդ դասի որակ ունի: Ջրի որակն ըստ ցինկի գտնվում է 1-2-րդ դասերում:
Հանքի աշխատանքի հետևանքով տեղի են ունենում նաև արտանետումներ: Մասնավորապես, տարեկան մթնոլորտ են արտանետվում շուրջ 5 տոննա վնասակար նյութեր, որից 1.33 տոննան պայթեցման ժամանակ, 3.246 տոննան՝ շահագործման ժամանակ:
Շրջակա միջավայրի վրա բացասաբար են անդրադառնում նաև հանքի շահագործման հետևանքով առաջացող և վտանգավորության 3-րդ և 4-րդ դասերին պատկանող թափոնները՝ բանեցված չվնասված կապարե կուտակիչները (0,6 տոննա/տարի), բանեցված դիզելային յուղերը (10,8 տոննա/տարի), հալոգեններ չպարունակող բանեցված հիդրավլիկ յուղերը (4,45 տոննա/տարի), բանեցված արդյունաբերական յուղերը (4,44 տոննա/տարի), բանեցված կոմպրեսորային յուղերը (1,57 տոննա/տարի), բանեցված տրանսմիսիոն յուղերը (2,8 տոննա/տարի), բանեցված գործվածքի կորդով դողածածկանները (360 հատ (տարի կամ 10 տոննա)/ տարի), եռակցման խարամը (0,1 տոննա/տարի), յուղոտված լաթերն ու կազմակերպությունների կենցաղային տարածքներից առաջացած չտեսակավորված աղբը: Ընդհանուր առմամբ, առաջացած թափոնների ծավալը տարեկան կազմում է շուրջ 35 տոննա:
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն գրանցվել է 2010 թ-ի սեպտեմբերի 8-ին: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը ՀՀ քաղաքացի Վարդան Մարգարյանն է: «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն Մեղրաձորի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ստացել է ընկերության գրանցումից երկու տարի անց՝ 2012թ․ օգոստոսին։
Օգոստոս 05, 2022 at 12:45