Էկո-տնտեսական զարգացում, թե՞ անհեռանկարային հանքարդյունաբերություն. ինչ կընտրեն Մարցի բնակիչները

Էկո-տնտեսական զարգացում, թե՞ անհեռանկարային հանքարդյունաբերություն. ինչ կընտրեն Մարցի բնակիչները
«ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ն նախատեսում է Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել: Այդ նպատակով ընկերությունը 2022թ․ հունիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում նախաձեռնել է հանրային առաջին լսումը։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, հայտնում է 
www.cvmedia.am կայքը: 
 
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2022թ․ հունիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքի տարածքում կկայանա հանրային լսում։ Օրակարգում «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ նախաձեռնած Լոռու մարզի Մարցիգետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ 1-ին քննարկումն է (լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ վերոնշյալ բնակավայրի վարչական գրասենյակում, Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), և ք․Երևան Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․՝ 011220218։ Դիտողություններ, առաջարկություններ կարելի է ներկայացնել կարգով սահմանված ժամկետներում», - նշված է հայտարարություն մեջ:

Նշենք, որ Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում այս գործունեության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Հատկանշանական է, որ Մարցում նախատեսվող հանրային լսումների մասին Թումանյանի համայնքապետարանում նույնպես տեղյակ չէին: Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց. «Տեղյակ եմ, որ եկել էին ժողովրդի հետ հանդիպել, բայց լսումների վերաբերյալ մեզ որևէ տեղեկատվություն չեն տվել: Պաշտոնապես մեզ չեն դիմել»: Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նա հնարավոր գործունեության վերաբերյալ, Թումանյանի համայնքապետն արձագանքեց. «Իմ համայնքը գտնվում է շատ ծանր սոցիալական վիճակում, ֆինանսական ռեսուրսները ծանր վիճակում են: Մարդկանց աշխատատեղեր են պետք: Մարդիկ ասում են, որ ոսկի ունեն ընդերքում, ինչո՞ւ չօգտագործեն: Բայց դա հանրության կարծիքը չէ, նեղ շրջանակների խոսակցություններ են: Ես՝ որպես համայնքի ղեկավար, մինչև ժողովուրդն իր խոսքը չասի, դիրքորոշում չեմ հայտնի: Ես ժողովրդի շահերն եմ պաշտպանում»:

Նշենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից KfW բանկի միջոցով ֆինասնավորվող և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից իրականացվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի երկրորդ փուլում է ընդգրկվել նաև Մարց բնակավայրը: Սակայն էկոմիջանցքի գաղափարն ու հանքարդյունաբերությունը համատեղելի գործունեություններ չեն: Եթե Մարցի բնակիչները համաձայնություն տան իրենց բնակավայրում հանքի բացմանը, ապա կզրկվեն այս մեծ ծրագրի մաս դառնալուց, և, հետևապես, ֆինանսական օժանդակություն ստանալու հնարավորությունից: ԷկոԼուրի այն հարցին, թե Մարց գյուղում հանքի հնարավոր շահագործումը որքանով կարող է խանգարել էկոմիջանցքի գոյությանը, WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանն արձագանքեց. «Եթե գալիս ենք պայմանագիր կնքելու, կետերից մեկն ասում է, եթե հանկարծ մետաղական հանք բացվի, մենք իրավունք ունենք մեր բոլոր ներդրումները հետ վերցնել և կանգնեցնել մեր աջակցությունը»:
 
Նշենք, որ էկոմիջանցնքների ստեղծումը կնպաստի համայնքներում լադշաֆտների պահպանմանն ու հնարավորություն կընձեռի տեղական նախաձեռնություններին: Այդ միջանցքերն անցնելու են համայնքային հողերով, և տեղի բնակչությանը ներգրավվելու է կենսաբազմազանության պահպանության գործընթացում: Արարատի մարզի Զանգակատուն բնակավայրը ծրագրի առաջին փուլի շահառուն է, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 166 հազար 500 եվրո գումար, որը մինչ օրս ծախսվում է ոչ միայն բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար, այլև՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված ծրագրերի իրականացման համար: 

Մայիս 18, 2022 at 18:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր