

Սպիտակ արագիլների աղտոտվածության մակարդակն Արարատյան դաշտում 2022թ-ին կազմում է շուրջ 39.6%, որից 46.6%-ը՝ Արարատի մարզում և 35.3%-ը՝ Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը:
Ըստ աղբյուրի՝ արագիլների աղտոտվածության արեալը, համեմատած 2021թ-ի հետ, 2022թ-ին ավելացել է շուրջ 19%-ով: «Արարատյան դաշտում Սպիտակ արագիլների փետրածածկի աղտոտման հիմնախնդիրն առկա է 2017թ-ից՝ շուրջ 6 տարի: Ցավոք սրտի, բազմաթիվ հետազոտությունները դեռևս թույլ չեն տալիս վերջնական եզրահանգման գալ աղտոտվածության պատճառների և աղտոտման աղբյուրների վերաբերյալ, և էկոլոգիական աղետն Արարատյան դաշտում շարունակում է մնալ արդի հիմնախնդիր», - նշված է NABU-Հայաստանի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ կազմակերպությունը հայտնել էր, որ Արարատի մարզում արագիլների գրեթե 60%-ն է աղտոտված՝ նշելով. «Սա հսկայական թիվ է և խոսում է տարածաշրջանում մեծ էկոլոգիական աղետի մասին»:
2021թ-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց՝ Սպիտակ արագիլների աղտոտման աղբյուրը նախնական տվյալներով ձկնաբուծարաններն են: Վերջերս հնչեցվող ահազանգերին պատկան մարմինների կողմից հրապարակային արձագանքներ չեն եղել:
Նշենք, որ NABU-Հայաստանը 2022 թ-ին տարվա թռչուն հայտարարեց Սպիտակ արագիլին՝ նպատակ ունենալով բարձրացնել Սպիտակ արագիլների մասին իրազեկվածության մակարդակը, բարձրաձայնել Արարատյան դաշտում նրանց աղտոտման հիմնախնդրի մասին:
Հուլիս 29, 2022 at 17:31