Սևանա լճի ծաղկումը և նրանում մեծ քանակությամբ ջրիմուռների հայտնվելը պայմանավորված է բազմաթիվ բնապահպանական խնդիրներով, առաջին հերթին՝ լճի մակարդակի արհեստական տատանումներով, մաքրման սարքավորումների բացակայությամբ, անվերահսկելի զբոսաշրջությամբ և աղտոտման բազմաթիվ ցրված աղբյուրների առկայությամբ:
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ Երևանի պետական համալսարանի հետ արված համատեղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2020-2021թթ-ի ընթացքում Սևանա լճի ափամերձ հատվածում ամառվա ընթացքում ծաղկման առաջացմանն առաջնահերթ նպաստել է Dolichospermum/Anabaena flos-aquae տեսակի ջրիմուռի առկայությունը, որն արտադրում է պոտենցիալ թունավոր անատոքսին-a միացությունը, որի քանակությունը ջրում 2019թ-ին հասել է 0,147 մկգ/լ:
2020թ-ի հուլիսին՝ ծաղկման շրջանում, ջրիմուռների այս տեսակի քանակությունն ու կենսազանգվածը կազմել են 1980000-86000000 կլ/լ և 11,88-516 գ/մ³։ Ցիանոպրոկարիոտների խմբում նշվում են նաև հետևյալ տեսակները՝ Aphanothece clathrata, A. stagnina, Oscillatoria agarhdgii, O. lacustris, Anabaena circinales, A. cylindrica, Microcystis aeruginosa, Dactilococcopsis acicularis, Coelosphaerium lacustris, Phormidium foveolarum:
Գիտնականներն առաջարկում են նոր մոտեցումներ Սևանա լճի էկոհամակարգում ջրի մաքրման և ճահճացման գործընթացների կառավարման համար՝ կանխելով ցիանոբակտերիաների գերաճն ու ծաղկումը։ Այսպիսով, ժամանակակից լճագիտության ոլորտում բնական ադսորբենտների օգտագործումը ջրի պարամետրերի բարելավման համար համարվում է արդյունավետ, մատչելի և խնայող մեթոդ: Այս մոտեցման հեռանկարը դիտվել է շատ երկրներում, որտեղ այն կիրառվել է։
Հետազոտություններն անցկացվել են կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Համբարյանի ղեկավարությամբ:
Հուլիս 19, 2022 at 16:34