«Մեղրաձոր գոլդ»-ը դատի է տվել ՏԿԵՆ-ին ընդերքօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգումը մերժելու համար

«Մեղրաձոր գոլդ»-ը դատի է տվել ՏԿԵՆ-ին ընդերքօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգումը մերժելու համար

«Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի 2022թ. հունիսի 21-ի թիվ 2018-Ա հրամանը, որով մերժվել է Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի օգտակար հանածոյի ընդերքօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման վերաբերյալ ընկերության դիմումը: 

Ընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 11-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՏԿԵՆ-ի՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/057 թույլտվության ժամկետը 16 տարի 8 ամսով երկարաձգելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունել և վերացնել նախարարի 21.06.2022թ. թիվ 2018-Ա հրամանը: 

2022թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանը գործն ընդունել է վարույթ, նախնական դատական նիստը նշանակվել է 2023թ. հունիսի 15-ին՝ ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2022թ. հուլիսի 27-ին բացասական եզրակացություն է տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի Մեղրաձորի ոսկու հանքավայրի  օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ: 

Անտառային կոմիտեն էլ ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ ներկայացրած իր կարծիքում նշել էր. «Ընկերության կողմից հայցվող տարածքի 31,4 հա-ը գտնվում է անտառային հողերում, և հանքավայրի շահագործումն անտառային հողերում նպատակահարմար չէ»: 

Նշենք, որ 2022թ. սեպտեմբերին չեխական «Առնիկա» ՀԿ-ն, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն համատեղ հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրին ու տեղի բնակչությանը հասցված վնասները: Չեխ մասնագետները Մեղրաձոր բնակավայրում փորձանմուշներ են վերցրել հանքավայրի լցակույտերից, հարակից հողերից, մեղրաձորցիների այգիներից, մազերից և մեզից, որոնք հետազոտվում են Չեխիայում գտնվող լաբորատորիայում:

Լուսանկարը՝ Նիկոլա Ժելինեկի

Նոյեմբեր 09, 2022 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր