«Մեգո գոլդ» ընկերությունը կրկին տիրապետում է Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքին

«Մեգո գոլդ» ընկերությունը կրկին տիրապետում է Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքին

Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքը վերադարձվել է «Մեգո գոլդ» ՍՊԸ-ին: 2022թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչական դատարանի վճռի հիման վրա «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և որպես երրորդ անձ հանդես եկող «Ջի Ջի Սի Առ Մայնինգ» ՍՊԸ-ի միջև կնքվել է հաշտության համաձայնություն: 

Դատական գործի համաձայն՝ «Մեգո գոլդ»-ը հրաժարվել է ՏԿԵՆ-ի նկատմամբ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու կապակցությամբ ունեցած որևէ նյութական, գույքային ու ոչ գույքային պահանջներից: ՏԿԵՆ-ն իր հերթին անվավեր է ճանաչել (վերացնում է) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019թ. «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին թիվ 693-Ա հրամանը: Մեկ այլ կետով նշվում է, որ հաշտության համաձայնությունը կնքելուց հետո դատական ծախսերի հարցը կողմերի միջև համարվում է լուծված, իսկ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի՝ ընդդեմ ՏԿԵՆ-ի Վարչական դատարան ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործի վարույթը կարճվում է:  

Նշենք, որ 2019թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանի թիվ 693-Ա հրամանով դադարեցվել էր Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքի կենտրոնական տեղամասի ընդերքօգտագործման իրավունքն ու լեռնահատկացման ակտը, լուծարվել ընդերքօգտագործման պայմանագիրը: Սրան հաջորդել էր ընկերության հայցադիմումը Վարչական դատարան ընդդեմ նախարարության՝ նախարարի հրամանը վերացնելու պահանջով։ Իսկ ավելի վաղ՝ 2016թ., Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ընկերությունը սնանկ էր ճանաչվել, 2019թ. էլ ՀՀ սնանկության դատարանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ էր սկսել: Այդ գործընթացից երկու տարի անց էլ՝ 2021թ., ՀՀ սնանկության դատարանը «Մեգո գոլդի»-ի սնանկությունից ազատման որոշում կայացրեց:

Հիշեցնենք, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը պետք է շահագործեր շուրջ 30 տարի՝ 2012-2040թթ․ ընթացքում, մինչդեռ 2015թ․ հետո որևէ աշխատանք չի կատարել հանքում։ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայքի համաձայն՝ ընկերությունը 2016-2019թթ. արդյունահանում, իրացում ու արտահանում չի իրականացրել։ Իսկ հանքավայրի շահագործման տարիներին էլ խուսափել է հարկերի վճարումից: Այսպես՝ Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանի խոսքով 2016 թվականից «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն համայնքի 226 հա մակերեսով տարածքի վարձակալության դիմաց սահմանված տարեկան 45 միլիոն դրամ վարձավճարը չէր վճարել:

ՀՀ Էլեկտրոնային ռեգիստրում հրապարակված ընկերության իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրից տեղեկանում ենք, որ «Մեգո գոլդ» ՍՊԸ-ում 45.60 % բաժնեմաս ունի ԱՄՆ քաղաքացի Իան Հագուեն: Նա 100%-ով իրեն պատկանող «Ֆայբեըրդ Մանաջմենթ» ՍՊԸ-ի և «Տուշեթի Հոլդինգս» ՍՊԸ-ի միջոցով է տիրապետում միջանկյալ համարվող «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ի 45.60%  բաժնեմասին: «Գլոբալ Գոլդ Քորփորեյշն»-ն էլ տիրապետում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ»ՍՊԸ-ի և կարճված դատական գործի երրորդ անձ հանդիսացող «ՋԻ ՋԻ ՍԻ ԱՐ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասերին, որոնք էլ միասին «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատերերն են:

Իան Հագուեն իր բաժնեմասը ձեռք է բերել 2018թ. փետրվարի 27-ին: Որպես փոխկապակցված անձ է նշվում «Մեգո գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Միքայելյանը: Հատկանշական է, որ Իան Հագուեն նույն օրը նույն քանակի բաժնեմաս է ձեռք բերել նաև «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ում, որը 2013 թվականից տիրապետել է Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքին: ՀՀ սնանկության դատարանի 04.02.2019թ. վճռով այս ընկերությունը նույնպես ճանաչվել է սնանկ, իսկ 2020թ. հուլիսի 29-ի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով դադարեցվել էր «Մարջան Մայինինգ Քոմփանի» ընկերության ընդերքօգտագործման իրավունքը: Այս ընկերության տնօրենը նույնպես Արմեն Միքայելյանն է: 

Նշենք, որ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն 2019թ. դեկտեմբերին նույնպես դիմել էր դատարան՝ վերականգնելու ընդերքօգտագործման իրավունքը Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նկատմամբ: 2020թ. հունվարի 9-ին Վարչական դատարանը հայցադիմումն ընդունել էր վարույթ, սակայն 2020թ. մայիսին 27-ին գործի վարույթը կարճելու մասին որոշում էր կայացրել: Պարզվել էր, որ «Մարջան Մայինինգ Քոմփանի»-ն հրաժարվել է հայցից, ինչը գործի վարույթը կարճելու հիմք է հանդիսացել: 

Նոյեմբեր 08, 2022 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր