ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Արմենուհի Մելքոնյան, Հայաստանի Հանրապետություն

Շահագործումն արգելվում է, եթե տարածքում բնության հուշարձան է

Անդրադառնալով ընդերքի մասին նոր օրինագծի քննարկմանը՝ «ՀՀ»—ն նկատել էր, որ ընդերքը պետության սեփականությունն է եւ կարեւոր է լուծել նաեւ ընդերքի մասին տեղեկության սեփականության պատկանելության խնդիրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տեղեկություններն ունենալու համար մենք օտարերկրյա ֆինանսական աղբյուրներ ենք գործածում։ Այս անգամ փորձել ենք պարզել, թե ոլորտը կարգավորող գլխավոր օրինագիծն ինչպես է վերաբերում ընդերքի օգտագործման հարցին, երբ այդ տարածքով կենդանիների «ուղիներ են անցնում» ու այդտեղ բնության հուշարձաններ են. ավելի շատ վնա՞ս կկրենք, թե՞ օգուտ այս դեպքերում։

Ի պատասխան մեր այս հարցադրումների՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հայտնում են, թե ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության նպատակով, երբ, ասենք, հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասը հատկացված է գերեզմանի համար։ Կամ՝ երբ հողամասում գտնվում են բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ։ Արգելվում է, եթե հողամասում գտնվում են ՀՀ կարմիր գրքում գրանցված տեuակներ, կամ «տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»։ Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում է ՀՀ բնապահպանական օրենսդրության պահանջների պահպանմամբ։

Ընդերքօգտագործման ոլորտում կարեւոր հարցեր կան, օրինակ՝ ժամկետներին, գրավի առարկային, հարկադիր օտարմանն առնչվող։ Ընդերքն օգտագործման է տրամադրվում որոշակի ժամկետով։ Եթե երկրաբանական ուսումնասիրության նպատակով է, ապա գործում է 3 տարին չգերազանցվող ժամկետը։ Եթե օգտակար հանածոների արդյունահանման նպատակով է, ապա հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար ժամկետը սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն է։ Oգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված uտորերկրյա կառույցների շինարարության ժամկետն անժամկետ է կամ սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն է։ Ինչ վերաբերում է ընդերքօգտագործման իրավունքի գրավին, ապա ասենք հետեւյալը։ Երբ գործադիրը քննարկում էր ընդերքի ոլորտի կարգավորմանը վերաբերող հարցերը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հատկապես ուշադրություն հրավիրեց ընդերքօգտագործման իրավունքի գրավի խնդրին։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը հավաստեց, թե նշված օրինագծի ընդունմամբ խնդիրը լուծում կստանա։ Որովհետեւ ընդերքoգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա։ Ընդերքoգտագործողի եւ գրավառուի միջեւ գրավի պայմանագիրը կնքվում է լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց հետո։ Կնքված գրավի պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման մատյանում հաշվառելու նպատակով։ Բայցեւ՝ ընդերքօգտագործման իրավունքը կարող է հարկադիր օտարվել, եւ այդ օտարումը կիրականացվի հրապարակային սակարկությունների միջոցով։ Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք կունենան այն անձինք, որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար։ Հրապարակային սակարկությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի օտարման գործարք կնքելու համար լիազոր մարմնից լրացուցիչ համաձայնություն չի պահանջվի։ Հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում գրավառուն նախնական համաձայնությամբ իրավունք ունի գրավադրված իրավունքը վերածել իր սեփականության (ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք) կամ պահանջել նոր հրապարակային սակարկությունների նշանակում։

Եթե ընդերքօգտագործման իրավունք կրող տնտեսավարող սուբյեկտը չի կատարում իր պարտավորությունները, ապա լիազոր մարմինը կարող է տնտեսավարողին զգուշացնել կամ զրկել ընդերքօգտագործման իրավունքից։ Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե ընդերքօգտագործման իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումն ստանալուց հետո՝ ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված պատճառները։ Նախարարությունը հավատացած է, որ տնտեսավարողը կամայական որոշումներ ընդունել չի կարող եւ ընդերքի հետ օրենքի պահանջներին հակասող նորմերով վարվել չի կարող, այլապես լիազոր մարմինը կարող է նրան զրկել իրավունքներից։ Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարել հետեւյալ դեպքերում՝ եթե լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը, լուծարվել է ընդերքօգտագործող իրավաբանական անձը կամ ընդերքօգտագործողը դադարել է անհատ ձեռնարկատեր լինելուց։ Լիազոր մարմնի որոշմամբ ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է, եթե լիազոր մարմնի սահմանած ժամկետում ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել զգուշացման պատճառները։ Կամ՝ եթե ընդերքն oգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է։ Ընդերքօգտագործման իրավունքը նաեւ կարող է ժամակակավոր դադարեցվել ֆորս—մաժորային իրավիճակներում։

Ի դեպ, եթե ընդերքը գործածվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է, ապա լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծել ընդերքօգտագործման պայմանագիրը։

Ընդերքօգտագործողը ինչպե՞ս է պաշտպանելու շրջակա միջավայրը, ո՞ւմ հաշվին, ո՞վ է վերահսկելու եւ արդյոք վերահսկելո՞ւ է, ի՞նչ է լինելու հակառակ պարագայում։ Այս մասին՝ հաջորդիվ։

Հոկտեմբեր 04, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր