«Նազիկ» պոչամբարը երկրորդ անգամ կռեկուլտիվացվի

«Նազիկ» պոչամբարը երկրորդ անգամ կռեկուլտիվացվի

10 տարի առաջ ռեկուլտիվացված «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի «Նազիկ» պոչամբարը կրկին ռեկուլտիվացվելու է: Պոչամբարի տարածքում նախատեսվում է նորից ծառատնկում իրականացնել:

Հիշեցնենք, որ «Նազիկ» պոչամբարը ռեկուլտիվացվել է 2013թ-ին, իրականացվել է տարածքում ծառատունկ: Սակայն աշխատանքները եղել են անարդյունավետ և կարճ ժամանակ անց պոչամբարը ծածկած հողի բարակ շերտը տեղումների հետ լվացվեց ու պոչերը նորից սկսեցին աղտոտել շրջակա միջավայրը: Մինչ այդ, այս պոչամբարը երկու անգամ կոնսերվացվել է, առաջին անգամ՝ 1988թ-ին, երկրորդ անգամ՝ 2010թ-ին:

2023թ. ապրիլի 5-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ Լոռու մարզի «Նազիկ» փակված պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ 1-ին հանրային քննարկումը: Ըստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարկված «Նազիկ» փակված պոչամբարի ռեկուլտիվացիայի տեխնիկական բաղադրիչների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ ամփոփաթերթի՝ «Նազիկ» պոչամբարը  մեկն է այն տասը հանքարդյունաբերական օբյեկտներից, որոնք ենթակա են ռեկուլտիվացման՝ համաձայն ՀՀ կառավարության 16.05.2019 թ-ի «Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման և ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 11.10.2019թ-ի թիվ 337-Լ հրամանի:

«Նազիկ» պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման աշխատանքներն իրականացնում է «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ընկերությունը։ ԷկոԼուրի հետ զրույցում Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ պոչամբարի տարածքում ներկայում կատարվում են դաշտային աշխատանքներ, հաջորդ հանրային քննարկմանը կլինեն արդեն անհրաժեշտ տվյալները: Հարցին, թե ռեկուլտիվացիոն աշխատանքների մեկնարկը երբ կարող է տրվել, ընկերության ներկայացուցիչը նշեց. «Պետությունը պատվիրտուն է, ցանկանում է իրական ռեկուլտիվացիա իրականացվի, որ պոչամբարը վտանգ ու ռիսկեր չներկայացնի: Այս տարի կավարտենք աշխատանքները, կներկայացվի պետությանը, 2024թ. արդեն պետք է պետությունը մրցույթ հայտարարի, ընտրվի ընկերություն և սկսվեն աշխատանքները մինչև տարեվերջ, որպեսզի մեր կողմից տրված եզրակացությունը ուժի մեջ լինի»:

«Նազիկ» փակված պոչամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթում հաղթող է դարձել «Գեոսփեյս» ՍՊԸ-ն։ Հանձնարարության շրջանակներում «Գեոսփեյս» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու է.

- Պոչամբարի տարածքի նկարագրում, տեղադիրքի ուսումնասիրություն, ռեկուլտիվացման ենթակա տարածքի մակերեսի չափագրում, տարածքի փաստացի և ռեկուլտիվացման արդյունքում նախատեսվող եռաչափ մոդելավորում

- Հարակից տարածքների ռելիեֆի, ջրային ռեսուրսների, ջրի որակի, հողամասերի սեփականության, նպատակային նշանակությունների, հողային ծածկույթի որակական բնութագրի, հողերի ֆոնային աղտոտվածության, բուսական և կենդանական աշխարհի, սողանքային մարմինների, ենթակառուցվածքների, պատմության և մշակութային հուշարձանների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում

- Պոչամբարում ընդերքօգտագործման թափոնների վտանգավորության աստիճանի որոշում՝ լաբորատոր հետազոտությունների միջոցով, էկոլոգիապես անվտանգ կառավարում և  չեզոքացում իրականացնելու մեթոդների կամ եղանակների ընտրության առաջարկների ներկայացում

- Աշխատանքների ընթացքում բնապահպանական և սոցիալական հնարավոր ռիսկերի բացահայտում, դրանց մեղմման և նվազեցման միջոցառումների առաջարկների ներկայացում

- Կոնսերվացված օբյեկտի հարակից համայնքների բնակչության, մարդու առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի բաղադրիչների վրա (հող, օդ, ջուր, կենսաբազմազանություն) ինժեներաերկրաբանական պրոցեսների ազդեցությունների ուսումնասիրություն և հնարավոր ռիսկերի գնահատում

- Ռեկուլտիվացման ուղղությունների, մեթոդների ընտրություն՝ կախված հետազոտությունների արդյունքներից, տարածքի ռելիեֆին, տարածաշրջանի բուսականությանը համապատասխան

- Թափոնների թթվագոյացնող հատկությունների անալիտիկ ուսումնասիրություն, թթվային դրենաժի և ջրհեռացման համակարգերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

- Գոյություն ունեցող ջրահեռացման համակարգի արդիականացման նախագծա­նախահաշվային փաստաթղթերի, իսկ անհնարինության դեպքում՝ փոխարինման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում

- Կանաչապատման, ծառատնկման համար նպաստավոր լանդշաֆտի, հողաբուսական շերտի ձևավորման, ծառատնկման, խոտածածկի հիդրոցանքի, կանաչապատված տարածքների խնամքի, կրկնակի ցանքի և այլ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,

- Կենսաբանական ռեկուլտիվացիայի իրականացման շրջանակներում ծառաթփային բուսականության աճի և պահպանության ապահովման երկու տարի ժամկետով ֆինանսական գնահատականի հաշվարկի ներկայացում։

Ապրիլ 07, 2023 at 14:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր