Սույն թվականի մայիսի 11-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։ Սակայն այս կարևոր փաստաթղթից դուրս են մնացել քաղաքացիական հասարակության առաջարկությունները՝ ուղղված ոլորտի խնդիրների լուծմանը։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը «Առաջին» լրատվական-վերլուծական (www.1in.am) հաղորդման ժամանակ նշեց, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) Բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով չեղյալ համարել ընդունված որոշումը։
«Ռազմավարության 4 նախագիծ է շրջանառված եղել։ Մենք այդ բոլոր ծավալուն փաստաթղթերն ուսումնասիրել ենք, տվել ենք առաջարկություններ, բայց մեր բազմաթիվ առաջարկությունները հաշվի չեն առնվել։ Մեր վերջին առաջարկությունների վերաբերյալ լիազոր մարմնի հետ քննարկում էլ չի եղել։ Իսկ այսօր տեսնում ենք կառավարության նիստում արդեն ընդունված փաստաթուղթ։ Բացում ենք նախագծին կից հանրային քննարկման թերթիկը, տեսնում՝ զրո դիտարկում, այն դեպքում, երբ 33 էջանոց փաստաթուղթ ենք ուղարկել, որը հրապարակված է։ Մենք խիստ կառուցողական ենք եղել, և այս գործելաոճը մեզ համար ընդունելի չէ», - ասաց Վիկտորյա Բուռնազյանը։
Քաղհասարակության առաջարկությունները վերաբերում են հանքարդյունաբերության հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, բնակիչների առողջության ապահովագրմանը, ռադիոակտիվ նյութերի հետ կապված կարգավորումներին և այլն։
«Համայքնային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն անդրադարձավ հանքարդյունաբերության ազդեցության գոտիներում ապրող մարդկանց իրավունքներին։ «Փաստաթուղը չի լուծելու հանքարդյունաբերության ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները», - ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում (3․34-րդ րոպեից):
Մայիս 11, 2023 at 15:51