

«Հանքարդյունաբերության ոլորտը ճգնաժամի մեջ է: Եթե կառավարության կամ Ազգային ժողովի կողմից ոչինչ չարվի` ճգնաժամն ավելի կխորանա», - հայտարարել է «Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության» նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 20-ին անցկացրած աշխատանքային քննարկման ժամանակ։
Վարդան Ջհանյանը նշել է, որ ճգնաժամի պատճառներից հիմնականը դրամի փոխարժեքի արժևորումն է, ինչը ծանր հետևանքներ է թողնում ոլորտի բոլոր արտադրողների և արտահանողների վրա: Մյուս պատճառը՝ ներդրումների զգալի նվազումն է: Վարդան Ջհանյանի խոսքով՝ բացի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, մյուս բոլոր ընկերությունները խորը ճգնաժամի մեջ են, ունեն ֆինանսական խնդիրներ: «Այնքան քիչ կազամերպություններ են մնացել ոլորտում, որ բոլորին կարելի է հաշվել մատի վրա․ ունենք ԶՊՄԿ-ն, Լիճքվազի հանքն է, Կապանն է, Ագարակն է, Ախթալան, մնացածն էլ կամ փակվել են կամ փակվում են։ Չեմ ասում՝ կառավարություն է մեղավոր։ Օբյեկտիվ պատճառներ կան, բայց չենք տեսնում կառավարության քայլերը, որ հաղթահարենք այդ օբյեկտիվ խնդիրներն ու պատճառները», - ասել է Վարդան Ջհանյանը:
Ըստ նրա՝ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է հայկական դրամի կուրսը վերանայել կամ հարկային արտոնություններ տրամադրել հանքարդյունաբերության ոլորտին, ինչպես արվում է օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար։
Հանքարդյունաբերողներին հակադարձել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ նշելով, որ արդեն կան աջակցության ծրագրեր: «Օրինակ, տեխնիկայի համալրման հետ կապված՝ շինարարական տեխնիկան, արտադրության մեջ օգտագործվող տարբեր արտադրական հաստոցների լիզինգի տոկոսների հատուցում, որոնք ուղիղ աջակցություն են տնտեսվարողներին, ովքեր բարեխիղճ են և պլանավորում են ՀՀ-ում երկարաժամեկետ աշխատել և կապիտալ ներդումներ ապահովել: Ուղիղ աջակցություն` գումարի տեսքով, կառավարությունը բազմիցս ասել է, որ չի նախատեսում: Այդ աջակցությունը պետք է միտված լինի արտադրողականության ավելացմանը», - ասել է Հովհաննես Հարությունյանը: Նա Վարդան Ջհանյանին հորդորել է վերանայել ընկերությունների կառավարման ներքին քաղաքականությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի կարծիքով՝ հանքարդյունաբերողները չափազանցնում են ոլորտի խնդիրները: «Մենք գիտենք՝ այստեղ կան հանքեր, որոնք խոշոր ներդրում են անում և ուզում են նոր հանք բացել, նույն Ձեր ընկերությունը՝ ԶՊՄԿ-ն, դիտարկում է մեկ այլ խոշոր հանքի ձեռքբերում։ Եթե Ձեր ասելով նման դրամատիկ իրավիճակ է, կասկածում եմ, որ կգնայիք այդ գործարքին», - ասել է Նարեկ Տերյանը։
Ամուլսարի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի տիրապետող «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հորդորեց ամրագրել, որ ոլորտի օրենսդրությունը 10-20 տարի չփոխվի, քանի որ իրենց պլանավորած ֆինանսական մոդելը փոխվում է: «Հարկային դաշտը, երբ մենք փոխում ենք՝ հարկերը բարձացնում ենք, կապիտալ ծախսերն են նվազում, դրա համար մոդեռնիզացնել նոր պրոյեկտները շատ դժվարանում է», - ասել է Հայկ Ալոյանը։
«Կոնկրետ Ամուլսարի հանքավայրի դեպքում պարադոքս է, որովհետև Ձեր դեպքում կարող է օրենք չփոխվի, բայց դուք չաշխատեք, ոնց որ մի 4-5 տարի չէիք աշխատում»,- արձագանքել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Նա նշել է, որ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի նպատակները չեն տարբերվում հանքարդյունաբերողների նպատակներից: «Այստեղ խնդիրը ճիշտ բալանսը գտնելն է, որովհետև, եթե մենք հիմա ասում ենք, թե Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, դա էլ է, ի վերջո, բերում տնտեսական նորմալ իրավիճակի, որովհետև եթե գների կայունությունը խախտվեց, տնտեսական աճ չենք ունենա: Ու չնայած, որ մենք որևէ լծակ չունենք և չենք էլ ուզում միջամտել Կենտրոնական բանկի քաղաքականությանը, բայց այդ քննարկումները միշտ համաժամանակյա են կատարվում, քանի որ նպատակները նույնն են»,- նշել է Բաբկեն Թունյանը` պատրաստակամություն հայտնելով քննարկել ոլորտին աջակցության մեխանիզմները:
«Իրավական առումով Ազգային ժողովը և կառավարությունը նման գործառույթ չունեն, սահմանադրական նման պարտավորություն և իրավունք չունեն, ավելին` Կենտրոնական բանկը ևս չունի: Այլ հարց է, որ Կենտրոնական բանկը, լինելով ֆինանսական կայունության և գնաճի պատասխանատու Սահմանադրությամբ, կարող է իր գործիքակազմով միայն այդ տրամաբանության մեջ որոշակի գործառնություններ իրականացնել, ոչ ավելին: Բայց դա համարվում է ոչ ճիշտ»,- պարզաբանել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
Հունիս 21, 2023 at 15:05