Փորձաքննություն է անցնում «Լիճքվազ» ՓԲԸ-ի ֆաբրիկայի կառուցման նախագիծը, մինչդեռ՝ 2017թ. եզրակացությամբ՝ ֆաբրիկայի կառուցումը պետք է բացառվեր

Փորձաքննություն է անցնում «Լիճքվազ» ՓԲԸ-ի ֆաբրիկայի կառուցման նախագիծը, մինչդեռ՝ 2017թ. եզրակացությամբ՝ ֆաբրիկայի կառուցումը պետք է բացառվեր

«Լիճքվազ» ՓԲԸ-ն նախատեսում է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում՝ Լիճքվազ-Թեյի հանքային դաշտում, Լիճքվազ-թեյի հանքավայրի անմիջական հարևանությամբ լեռնահարստացման ֆաբրիկա կառուցել: Նախատեսվող տարածքը եզրագծի որոշ տեղերում սահմանակից է «Արևիք» ազգային պարկին։ 

Ֆաբրիկայի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային վերջին՝ 4-րդ քննարկումը տեղի կունենա 2023թ. հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի Վարդանիձոր բնակավայրի վարչական շենքում:

Նախատեսվող գործունեությունն ամբողջությամբ իրականացվելու է Ընկերությանը տրամադրված լեռնահատկացման սահմաններում։ Նախատեսվող գործունեության իրականացման վայրի հիմնական մասի հողամասի մակերեսը 35,88487 հա է։

Ֆաբրիկայի կառուցապատման մակերեսը շուրջ 1.2 հա է։ Լեռնահարստացման ֆաբրիկայի մի հատվածը դուրս է ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասից, այն գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ համայնքային սեփականություն է։ 

Ֆաբրիկան բաղկացած կլինի խոշոր ջարդման, ջարդված հանքաքարի պահեստավորման, մանրացման, ֆլոտացման (ազդանյութերի բաժանմունքով), խտանյութի ջրազրկման, գրավիտացիոն կորզման, պոչանքի չորացման և բաշխման տեղամասերից։ Պոչանքները նախատեսվում է հետագայում տեղադրել հանքախորշերում։

Նշենք, որ նախատեսված հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման նախագիծը հակասում է «Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման» աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փորձաքննական 29.06.2017թ. ԲՓ 60 եզրակացության փորձաքննական 2-րդ պահանջին, համաձայն որի՝ տվյալ տարածքում բացառվում է հանքաքարի վերամշակման (ֆաբրիկա, պոչամբար և այլն) և կուտակման աշխատանքների իրականացումը:

Ընկերությունը Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ունի ՇԱԹՎ-29/293 ընդերքօգտագործման թույլտվությունը, որի ժամկետը 22.11.2012 թվականից մինչև 08.02.2036 թվականն է: 

Ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի մարվող պաշարների քանակը կազմում է 2995.856 հազար տոննա հանքաքար, որից ոսկին՝ 17650,85 կգ, արծաթը՝ 105,124 տոննա, պղինձը՝ 13,2121 հազար տոննա։ Լիճքվազ-թեյի հանքից  Թխկուտ գյուղը գտնվում է 2.5 կմ, Այգեձորը՝ 3.5 կմ, Վարդանիձորը՝ 4 կմ, Լեհվազն ու Լիճքը՝ 7 կմ, Մեղրի քաղաքը՝ 12 կմ հեռավորության վրա:

Հունիս 16, 2023 at 11:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր