Մեղրաձորցիները հերթական անգամ մերժեցին Թեժագետի նեֆելինային սիենիտների պաշարների երկրաբանահետախուզական հայտը

Մեղրաձորցիները հերթական անգամ մերժեցին Թեժագետի նեֆելինային սիենիտների պաշարների երկրաբանահետախուզական հայտը

Մեղրաձորի բնակիչները սույն թվականի դեկտեմբերի 18-ին դեմ արտահայտվեցին իրենց բնակավայրում Թեժագետ տեղամասում նեֆելինով հարուստ սիենիտների հաշվարկված պաշարների վերագնահատման համար երկրաբանահետախուզական ուսումնասիրություն կատարելու ծրագրին: 

Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում «ԱՄ ԱՐՏ ՇԻՆ» ՍՊԸ-ն նախաձեռնել էր երկրաբանահետախուզական ուսումնասիրության 2023-2026թթ. ծրագրով աշխատանքների վերաբերյալ ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման շուրջ քննարկում: Քննարկմանը ներկա էին Մեղրաձորի բնակիչները, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: 

Ընկերության երկրաբան Ռոլանդ Ղոնյանը ներկայացրեց հանքավայրում խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունները, դրա հետ կապված աշխատանքները: Երկրաբանի այն դիտարկմանը, թե արդեն տեխնոլոգիաները զարգացել են, և ավելի արդյունավետ կլինի այսօր այդտեղ ուսումնասիրություններ և նոր նմուշարկումներ իրականացնել, թարմացված նոր տվյալներ ձեռք բերել՝ բնակիչներն արձագանքեցին. «Այդ բոլոր ուսումնասիրություններն արդեն կատարվել են, նոր ուսումնասիրությունների կարիք չկա, մենք գիտենք, թե այդ ուսումնասիրությունների հետևում հանք շահագործելու ձեր ցանկությունն է»:  

«Ես այս ձորի բնակիչ եմ, միշտ մտածել եմ իմ երեխաները, իմ թոռները մնան իմ ծննդավայրում, իմ երկրում, ծաղկեցնեն իմ Հայաստանը, առանց այդ էլ մեր տարածքը վատ վիճակում է, հիմա գումարվի՞ նաև սա, ին՞չ անենք՝ թողնենք, գնանք այս երկրից: Ես մտածում եմ իմ թոռի մասին՝ ինչ եմ թողնելու իրեն»,- նշեց մի բնակիչ: 

Քննարկման ավարտին վարչական ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանը հայտնեց, որ քննարկման հիման վրա կպատրաստվի արձանագրություն և կներկայացվի հանրությանը: 

Հիշեցնենք, որ Մեղրաձորի բնակիչները ընկերության այս ծրագիրը մերժել էին նաև նախորդ տարի: Ընկերությունը բնակավայր էր եկել նույն ծրագրով, որը տեղի բնակիչները և քաղհասարակությունը մերժեցին: 

Նշենք, որ ըստ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի (Деловой экспресс, 2005, N 21), խորհրդային տարիներին Թեժասարի նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի և անկատար տեխնոլոգիաների պատճառով: Նա, մասնավորապես, նշել է.  «Թեպետ այդ ժամանակ ծրագրի համար արդեն իսկ ծախսվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, սակայն ծրագիրը կյանքի չկոչվեց…Եթե կոմբինատն աշխատի, ապա 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը կոչնչանա…Կոմբինատը կառուցվել էր մի վայրում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 հազար երեխա…Թափոններից ռիսկի կենթարկվեր ոչ միայն մթնոլորտը, այլև ջուրը…Կոմբինատի թափոնները պետք էր թաղել թափոնների պատիճային եղանակով, ինչպես միջուկային թափոնների դեպքում է»:

Գ.Պ. Ալոյանի «РЕСУРСНЫЙ ПОТЕНЦИАЛ РАДИОАКТИВНОГО СЫРЬЯ АРМЕНИИ И ПЕРСПЕКТИВЫ ЕГО ОСВОЕНИЯ » գիտական հոդվածում («ГОРНЫЙ ЖУРНАЛ, 2007, № 6 35 УДК 533.04:553.495 ©) նաև արձանագրված է, որ Թեժասարի հանքավայրի հանքաքարում ուրանի պարունակությունը հասնում է 0,09%-ի:

Քննարկման մանրմասները դիտեք տեսանյութում: 



Դեկտեմբեր 18, 2023 at 16:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր