

Սիլվա Այվազյան, Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությում տեղի ունեցան ՀՀ ընդերքի մասին նոր օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակի հասարակական լսումներ:
Լսումներն իրականացվում էին հասարակության պահանջով, քանի որ 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Օրհուս կենտրոնների համակարգողների ստորագրությամբ դիմում էր ուղղվել ՀՀ վարչապետին` «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ընդունման գործընթացին հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով: Նախագիծը մշակել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Օրինագիծը կառավարությանն է ներկայացվել փաթեթով` «ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքը» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ենթաօրենսդրական ակտերով:
Լսումներին մասնակցում էին ՀՀ էներգետիկայիև բնական պաշարների և ՀՀ բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, գիտական հիմնարկների, Երևանի Օրհուս կենտրոնի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառումը վարում էր ՀՀ էներգետիկայիև բնական պաշարների փոխնախարարը, ով, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ օրինագիծը տարածվում է բոլոր տեսակի օգտակար հանածոների վրա` բացառությամբ նավթի և գազի, իսկ ռադիոակտիվ նյութերի մասով` միայն ուսումնասիրությունների վրա: Այս նյութերի, ինչպես նաև նավթի և գազի արդյունահանման մասով կմաշկվեն առանձին օրենքներ:
Լսումներին ներկա շրջակա միջավայրի հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիտողությունները և առաջարկները նախագծի վերաբերյալ, որոնք հիմնականում վերաբերում էին օրինագծի ընդունման գործընթացի թափանցիկության ապահովմանը, օրինագծի էկոլոգիական մասին և այլն: «Բուրգ» հասարակական կազմակերպության նախագահի կարծիքով նախագծի էկոլոգիական մասը բազմաթիվ թերություններ ունի: Փոխնախարարը առաջարկեց գրավոր ներկայացնել նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները և դիտողությունները` հավաստիացնելով, որ հեղինակները մոտակա նիստում կանդրադառնանան ներկայացված բոլոր նյութերին:
Հոկտեմբեր 18, 2010
