

ՀՀ տարածքային կառարվարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է ընդերքօգտագործման նպատակով հողի տրամադրման ընթացակարգի պարզեցում։ Օրենսդրական փոփոխություններ են նախատեսված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում և ՀՀ հողային օրենսգրքում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում։
Օրենսդրական նախաձեռնությունը բխում է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունից։ Ռազմավարության մշակման փուլում ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցությունը դեմ է հանդես եկել այս նախաձեռնությանը՝ առաջարկելով հանել այդ դրույթը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ պարզ ու հստակ է սահմանված հողերի ձեռքբերման կարգը և որևէ պարզեցման կարիք չկա, հակառակը այն հանքարդյունաբերության համար պետք է նույնիսկ բարդացվի, քանի որ հողն ընդմիշտ կորցնում է իր պիտանելիությունը հանքի փակումից հետո։ Ցանկացած պարզեցում բերելու է անձանց /քաղաքացիների, իրավաբանական անձանց և համայնքների/ հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտման, ինչը ՀՀ Սահմանադրության խախտում է։ Քաղաքացիական հասարակության խմբակցության նկատառումները գրավոր ներկայացվել են այն մշակող մարմնին։
Սակայն այն հաշվի չառավ ներկայացված կարծիքը և այդ դրույթն ամրագրվեց «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատված ռազմավարությունում։
Էկոլուրի նկատառումները օրենսդրական փաթեթի նախագծի վերաբերյալ
1․ Օրենսդրական փաթեթի նախագիծը մշակված է բացառապես ընդերքօգտագործողի բիզնեսի շահերի պաշտպանության և գերակայության տեսակետից։
2․ Շրջակա միջավայրի պահպանության, ընդերքօգտագործման հետևանքով ազդակիր բնակչության առողջական, նպատակային հողօգտագործման խնդիրները չեն ներառվել օրենսդրական փաթեթում։
3․ ՇՄԱԳ-ի օրենքում առաջարկվող փոփոխություններով ընդերքօգտագործման նպատակով համայնքային կամ մասնավոր հողատարծքների սեփականատերերի և ընդերքօգտագործողի միջև նախատեսում է նոտարական վավերացված նախնական համաձայնության պայմանագրի կնքման պահանջ։ Պայմանագրում առաջարկվում է ամրագրել հատուկ՝ հողի սեփականատիրոջ կողմից իրավունքի տրամադրումից հրաժարվելու պարագայում, ընդերքօգտագործողին ընդերքօգտագործման իրավունքի գործընթացում կատարած ծախսերի հատուցման կետի ներառում։ Սա միակողմանի պայմանագիր է, քանի որ նախնական պայմանագրում չի ներառվում նաև հողի սեփականատիրոջ՝ ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման երկարատև, շատ դեպքերում մինչև կես տարի և ավելի ժամանակհատվածում կրած օգուտների կորստի և վնասների հատուցման դրույթ։
4․ Նոտարական վավերացված պայմանագիրը ընդերքօգտագործողի համար դառնում է հաղթաթուղթ և «շանտաժի» գործիքակազմ ընդերքօգտագործման իրավունքի ձեռք բերման ողջ գործընթացում և հանդիսանում կոռուպցիոն ռիսկերի հիմք։
5․ Նախնական համաձայնություն ստանալու նպատակով ընդերքօգտագործողի կողմից ազդակիր բնակավայրում կազմակերպվող հանրային լսումների ժամանակ ազդակիր համայնքը բավարար տեղեկացված չէ ընդերքօգտագործման հետևանքով բնակավայրի/համայնքի ենթակառուցվածքների, համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի, շրջակա միջավայրի բաղադրիչների աղտոտման, բնական ռեսուրսների՝ հողի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, կենդանական և բուսական տեսակների և մարդկանց առողջության վրա հնարավոր բացասական հետևանքների ամբողջական պատկերին, և մեծ է սխալվելու հավանակությունը հանրության/հողի սեփականատիրոջ կողմից։ Դրանից ելնելով, հանրային վերջնական կարծիք ձևավորելու նպատակով ՀՀ ՇՄԱԳ օրենքով նախատեսվում է մի քանի հանրային լսումներ։ Լսումների նախնական փուլի արդյունքներով հողօգտագործման իրավունքի և հողի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ քաղաքացիաիրավական փաստաթղթի վավերացումը իրավաչափ չէ։
Նոյեմբեր 11, 2024 at 15:53
