

Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ ուղղված Վայոց ձորի մարզի բնակիչներին։
Հայտարարության մեջ նշված է․
«Երկիր մոլորակի գլոբալ տաքացման պայմաններում, ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարումը դարձել է կենսական անհրաժեշտություն:
ՀՀ Վայոց ձորի մարզը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Մարզում դիտվում է ջրային ռեսուրսների կրճատում։ Ջրամբարների բացակայության պատճառով հսկայական ջրային ռեսուրսներ հոսում են հանրապետությունից դուրս:
Վայոց ձորի մարզն ունի երեք հիմնական ջրային ավազան, որոնք ապահովում են խմելու և ոռոգման ջրերի պահանջները։ Դրանք են․
- Արփա գետի վերին հովիտ՝ Ջերմուկի տարածաշրջան
- Արփա գետի Եղեգիս վտակի վերին հովիտ՝ Վարդահովիտի տարածաշրջան
- Թեք Սար - Վայոց Սար, Արփա – Եղեգիս գետերի ջրահավաք ավազան:
Թվարկված ջրային ավազանների տարածքներում ցանկանում են շահագործել մետաղական հանքեր` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր, Ղազմայի հանքավայր (Գլաձորի բազմամետաղային հանքավայր) և Վարդենիսի բազմամետաղների հանքերևակում, որոնք պարունակում են կապար, կադմիում, ուրան, ցինկ, պղինձ, ոսկի, արծաթ, թալիում, ծծումբ և այլ տարրեր։ Քննարկվում է նաև ուսումնասիրել Մարտիրոսի, Ազատեկի, Վայքի, Եղեգիսի մետաղական հանքավայրերի պաշարները:
Հանքավայրերի տարածքները ծովի մակերևույթից 2000-2500 մետր բարձրության վրա են, որտեղից սկիզբ են առնում Վայոց ձորի բնակչության խմելու և ոռոգման ջրերը:
Վայոց ձորի մարզը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այստեղ մշտապես եղել են հզոր երկրաշարժեր և ջրհեղեղներ: Երեք հանքավայրերի հարևանությամբ 100-500 մետր խորությամբ անցնում է Արփա - Սևան ջրատարը, ջրատարի շրջակա տարածքների, լեռների գրունտային ջրերը լցվում են Արփա-Սևան ջրատար, թափվում են Եղեգիսի կիրճ և Սևանա լիճ:
Հանքարդյունաբերությունը Վայոց ձորի և Սևանի ավազանի համար մեծ ռիսկեր է պարունակում:
Վայոց ձորի և տարածաշրջանի համար հնարավոր ռիսկերը մետաղական հանքարդյունաբերության դեպքում․
- Տարածքների կայուն և հարատև աղտոտում, որի հետևանքով դրանք դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի, այսինքն, տարածքների առմիշտ կորուստ
- Հազարավոր տարիներ արտադրական թափոնների՝ դատարկ ապարների և պոչհանքի կառավարման համար մեծ ծախսեր
- Ջրային ռեսուրսների աղտոտում
- Տեղանքի լանդշաֆտի և երկրաբանական կառուցվածքի ձևափոխում, խաթարում
- Բուսականության կորուստ
- Վայրի կենդանիների կորուստ
- Բնակչության ապրելու միջավայրի պայմանների վատթարացում
- Երկրագործության, խաղողագործության, գինեգործության և անասնապահության անկում և արտադրանքի նվազում
- Բնակչության եկամուտների նվազում, սոցիալական վիճակի վատթարացում, արտագաղթ, բնակավայրերի ամայացում։
Խորհրդային Միության տարիներին կառավարությունը գիտեր, թե Գլաձորի հանքավայրում ինչ և ինչքան մետաղներ կան, սակայն, հաշվի առնելով ժողովրդի, պետության շահը, կանխատեսվելիք ավերվածությունների և անդառնալի մյուս կորուստների ծավալները, այդ հանքը չի շահագործվել:
Տեղեկություններ Ղազմայի հանքավայրի վերաբերյալ
Մեզ հասած տեղեկություններով առաջին անգամ Ղազմայի հանքավայրում ուսումնասիրությունները կատարվել են 1910-1914թթ. ֆրանսիացի, անգլիացի և ռուս երկրաբանների կողմից:
Երկրորդ ուսումնասիրությունը կատարվել են 1924-1935թթ. խորհրդային Հայաստանի երկրաբանների կողմից:
Երրորդ ուսումնասիրությունը և շահագործումը կատարվել է 1950-1970թթ.:
Նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով Ղազմայի բազմամետաղային հանքավայրը հիմնականում պարունակում է կապար, ուրան, ցինկ, կադմիում, ոսկի, արծաթ և ծծումբ: Նշված տարրերի թթվային միացությունները, օքսիդները թունավոր են հատկապես հանքավայրերին ազդակիր բնակավայրերի բնակիչների, կենդանական և բուսական աշխարհի համար: Թեք սարը, որտեղ Ղազմայի հանքավայրն է, գտնվում է քարտեզագրված Վեդի-Վայքի ուրանային հանքաշերտի վրա:
1970-ական թվականներին շրջանառվել է տեղեկություն, որ եթե Ղազմայի բազմամետաղային հանքավայրը շահագործվի, ելնելով վտանգավորությունից, 30 կմ շառավղով բնակչությունը պետք է տարհանվի:
Ղազմայի հանքավայրի շրջակա տարածքներում գտնվում են Վերնաշեն, Մալիշկա, Կարմրաշեն, Գլաձոր գյուղերի 3500 հա արոտավայրեր և սեփականաշնորհված խոտհարքեր:
Թեք Սարից սկիզբ են առնում Վերնաշեն, Մալիշկա, Կարմրաշեն և Եղեգիսի կիրճ թափվող գետերը, և շրջակա բնակավայրերի խմելու ջրերը:
1971թ. ստեղծվել է Եղեգնաձորի պետական արգելավայրը 4200 հա տարածքով, որն ամրագրվել է ՀՀ Կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի 1059-Ա որոշմամբ: Ղազմայի՝ Գլաձորի բազմամետաղային հանքավայրը գտնվում է արգելավայրի տարածքում:
Վայոց ձորը հարուստ է 5-12-րդ դարերի պատմամշակույթային եզակի կոթողներով՝ Գլաձորի համալսարան և թանգարան, եկեղեցիներ, վանքեր, բերդեր, խաչքարեր:
Հանքերի շահագործման դեպքում կվտանգվի մշակութային ագրո և էկո տուրիզմը, և հյուրատնային բիզնեսը:
Հարգելի Վայոց ձորի բնակիչներ, պետք է կայացնենք որոշում, կարող ենք ապրել մեր չքնաղ հայրենիքում հանքերի հարևանությամբ, թե մենք էլ ստիպված կլքենք տուն ու տեղ, անտեր թողնելով պապերի գերեզմանները և սրբատեղիները, որի համար անհրաժեշտ է անցկացնել տեղական հանրաքվե:
ՈՐՈՇԵԼ
Հանք, թե՞ կյանք
Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ նախաձեռնող խումբ»։
Հունվար 30, 2025 at 16:48