

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի 2448 աշխատակից «այո» է քվեարկել աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով կազմակերպված քվեարկությանը: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից։ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4600 մարդ։
Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարյուրավոր աշխատակիցներ սույն թվականի հունվարի 31-ից սկսել են բողոքի ակցիա և դուրս չեն եկել աշխատանքի։ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունն աշխատակիցների գործողությունները որակել են որպես «անօրինական գործողություններ»՝ նշելով «չարտոնված գործողություններում ներգրավված աշխատակիցների թիվը չի գերազանցում ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի 7-8%-ը»։ Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները քվեարկություն են նախաձեռնել, որի արդյունքներով աշխատակիցների կեսից ավելին կողմ է բողոքի ակցիայի պահանջներին։
Ստեղծված իրավիճակին արձագանքել է նաև Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ որակելով «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աշխատակիցների բողոքը «անօրինական»։
«Նման նախաձեռնությունը չի բխում նաև աշխատավորների շահերից, քանի որ Օրենսգրքի 78 հոդվածով սահմանված կարգով գործադուլը անօրինական ճանաչվելու դեպքում Օրենսգրքի 82 հոդվածի համաձայն գործադուլին մասնակցած աշխատողները գործատուին պատճառված վնասի համար կրելու են համապարտ պատասխանատվություն: Գործատուների միությունը կոչ է անում բոլոր բողոքավոր աշխատավորներին վերադառնալ բնականոն աշխատանքի, գնալ կառուցողական բանակցությունների, գտնել փոխզիջումներ և խոչընդոտ չդառնալ գործատու ընկերության գործունեությանը, իսկ բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում գործադուլի նախաձեռնություն սկսել օրինական ճանապարհով», - նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը։
Լուսանկարը՝ www.azatutyun.am
Փետրվար 04, 2025 at 15:31