

Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
«Գեգամետ» ընկերությունը Շորժայում ոչ միայն հումք է արդյունահանում, այլ նաեւ այնտեղ՝ Սեւանի ափից 2կմ հեռավորության վրա, հումքի վերամշակման գործունեություն է ծավալում: Դրանում կարելի է համոզվել՝ դիտելով «ԷկոԼուր»-ի ֆոտոռեպորտաժը, որն արվել է սույն թվականի դեկտեմբերի 7-ին՝ Շորժայում: Լուսանկարներում պատկերված են՝
- Շորժա գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող բաց դունիտ-պերիդոտիտների եւ քրոմաքարի հանքը
- հին փորձարարական գործարանը, որը ներկա դրությամբ չի աշխատում
- նոր վերամշակող արտադրությունը՝ բաց երկնքի տակ:
Տեղի բնակիչները մեզ հավաստիացրեցին, որ արտադրությունն աշխատում է ավելի քան երեք ամիս, եւ դա այն դեպքում, երբ ընկերությունը պաշտոնապես ընդամենը մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 12-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցող հանդիսավոր շնորհանդեսի ժամանակ է Շորժայի եւ Ջիլի հանքավայերի շահագործման եւ վերամշակման ձեռնարկության կառուցման նախագծի իրականացումն սկսելու վերաբերյալ պայմանագիր ստորագրել:
Հիշեցնենք, որ «ԷկոԼուրը» նոյեմբերի 25-ին՝ Սեւանի արտագնա նիստի ժամանակ, ՀՀ բանապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարց էր ուղղել, թե արդյոք «Գեգամետ» ընկերությունը չի խախտում «Սեւանի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ Սեւանի ավազանում հանքարդյունաբերական ցանկացած գործունեություն արգելված է, քանի որ կարող է լճին անուղղելի վնաս հասցնել: Նախարարը խոստացել էր ստուգում անցկացնել եւ ցուցումներ էր տվել բնապահպանական պետական տեսչությանը: Մեր տվյալների համաձայն՝ տեսչությունը ստուգում անցկացրել է, սակայն ադյունքները չի հրապարակել:
Նշենք, որ «Գեգամետ» ընկերության հիմնադիրներից մեկը Արամ Հարությունյանի կուսակիցն է, ՀՀ ԱԺ պատգամավոր, հանրապետական Խաչիկ Մանուկյանը:
Դեկտեմբեր 22, 2008
