

Սամվել Ալեքսանյան, Սյունյաց Երկիր
Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված առեղծվածային իրավիճակին անդրադարձել ենք քանիցս: Վերջին անգամ այդ մասին խոսեցինք թերթի ս.թ. հուլիսի 30-ի համարում: Առիթը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունն էր առ այն, որ գործարար Սիլվա Հակոբյանը զրկվել է լիցենզիայից` հանքավայրն անբարեխիղճ շահագործելու պատճառով, որ հանքավայրը կհանվի աճուրդի, որ արդեն կան հետաքրքրվողներ, եւ ամեն ինչ կորոշվի մեկ-մեկուկես ամսում:
Պարզվում է, սակայն, որ այդ հանքավայրի շուրջ զարգացումներն ավելի խորն են եւ ոչ սովորական:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը, ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի (13.10.2010թ.), դեռ 2009թ. հրաման է արձակել Մեղրիում գտնվող «Սիփան-1» ընկերության Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին: Ընկերությունը նախարարի հրամանն ապօրինի ճանաչելու համար դիմել է ՀՀ վարչական դատարան: Ինը ամիս գործը քննելուց հետո վարչական դատարանը մերժել է ընկերության հայցը: Վճռաբեկ դատարանը, սակայն, 2010թ. հունիսի 30-ին բեկանել է վարչականի որոշումը եւ նախարարի հրամանը ճանաչել ապօրինի: Վերջինս վճռաբեկի որոշումից երկու ամիս անց` հոկտեմբերի մեկին, արձակել է երկրորդ հրամանը` նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:
Ի՞նչ հիմնավորմամբ է նախարարը Սիլվա Հակոբյանին զրկել լիցենզիայից: Ըստ առաջին հրամանի` օրենքով սահմանված ժամկետում լիցենզիայի համար պայմանագիր չկնքելու համար: Ըստ երկրորդ հրամանի` Լիճքվազ-Թեյ հանքավայրը օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով փորձաքննություն չանցնելու համար:
Սիլվա Հակոբյանը, մինչդեռ, լրատվամիջոցներին տված հարցազրույցում մատնանշել է նախարարի հրամանների սնանկությունը եւ ապօրինի համարել դրանք:
Ընթերցողին հիշեցնենք, որ վիճարկվող հանքավայրը, ինչպես եւ այն շահագործող «Սիփան-1» ՍՊԸ-ն պատկանում էին ավստրալական «Թամայա ռիսորսիզ» ընկերությանը: Այդ ընկերությունը Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու լիցենզիան ստացել էր 1999թ.: «Սիփան-1»-ն այդ ընթացքում կառուցել է ոսկու կորզման ֆաբրիկա եւ շուրջ չորս տարի շահագործել հիշյալ հանքերը: 2005-ին «Սիփան-1» ՍՊԸ-ն գնեց ավստրալական «Այբիրիան ռիսորսիզ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 86.21%-ն ավելի ուշ ձեռք բերեց ավստրալական մեզ արդեն հայտնի ընկերությունը` «Թամայա ռիսորսիզը»: Վերջինս կարճ ժամանակում Հայաստանում ներդրեց միլիոնավոր դոլարներ` խոստանալով դրա ծավալը հասցնել մինչեւ 65 մլն ԱՄՆ դոլարի: Հանքերում աշխատողների թիվն ավելի քան հինգ անգամ ավելացավ` անցնելով 400-ը: Ակնկալվում էր, որ աշխատատեղերի թիվը կկրկնապատկվի: Եթե նախկին սեփականատիրոջ ժամանակ արտադրվում էր միայն խտանյութ, ապա վերջիններս սկսեցին արտադրել ոսկի` ամսական մոտ 10կգ: «Թամայա ռիսորսիզի» ղեկավարները խոստանում էին (նաեւ մեր թերթին տված հարցազրույցում) 2009-ի աշնանն այդ ցուցանիշն ապահովել օրական: Բայց… Հանկարծ 2008-ի սեպտեմբերին «Թամայա ռիսորսիզ» ընկերությունը հայտարարեց Մեղրիում ոսկու արդյունահանման նախագծի սառեցման մասին:
«Թամայա ռիսորսիզի» հետ կապված այս առեղծվածային պատմության մասին մինչեւ հիմա մեր կառավարությունը որեւէ բացատրություն չի տվել: Ի վերջո, 400 աշխատատեղ միանգամից կրճատվեց, ի վերջո, խոսքը սահմանային Մեղրու մասին էր:
Այդ ամենից հետո էր, որ հանքավայրի շահագործման լիցենզիան տրվեց գործարար Սիլվա Հակոբյանին: Ի դեպ, նա փայատերերից մեկն է միայն: Գլխավոր փայատերը (բաժնեմասերի 51%-ի չափով) հնդիկներ են: Սիլվա Հակոբյանի հայտարարության համաձայն` հանքավայրն առայժմ շահագործվում է «Սիփան-1»-ի կողմից: Մոտ 85 մարդ է այնտեղ աշխատում: Ըստ գործարարի` այնտեղ մեծ ներդրումներ են արվել, արտերկրից անհրաժեշտ սարքավորումներ են ներկրվել, պատրաստվում են առաջիկայում գնել ձուլման արտադրամաս:
Գործարարը դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով սատար կանգնել ներդնողներին եւ ուշադրություն դարձնել դատական գործընթացներին, ինչը շարունակվելու միտում ունի:
Վերջին օրերի իրադարձությունները, սակայն, ցույց են տալիս, որ դատական ատյանում, կարծեք, փոխվել է այդ գործի նկատմամբ վերաբերմունքը:
ՀՀ էներգետիկայի նախարարի հետ մենամարտի առաջին փուլում` 2009 թվականին, գործարարն ուշագրավ մի հաջողություն էր արձանագրել դատական ատյանում: Այդ տարվա հունիսի 23-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել էր «Սիփան-1» ՍՊԸ-ի ներկայացուցչի միջնորդությունը` արգելելով «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման իրավունքն այլ անձի տրամադրելու, փոխանցելու վերաբերյալ որեւէ գործողություն կատարելը, ինչպես նաեւ այլ անձանց, առանց հայցվորի համաձայնության, հանքավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը»: Սակայն հանքի աճուրդի մասին Արմեն Մովսիսյանի վերջին հայտարարությունից հետո՝ արդեն 2010-ի հոկտեմբերի 14-ին, ՀՀ վարչական դատարանը հայցվորի ներկայացուցչի ներկայացրած նույն հիմքով միջնորդությունը մերժել է` պատճառաբանելով, որ «հայցվորը չի հիմնավորել, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը»: Ինչպես նկատեցիք, միեւնույն հարցի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանը մեկ տարվա մեջ իրարամերժ վճիռներ է կայացրել, ինչը մեր օրերի համար այնքան էլ անբնական չէ:
Ընթերցողին տեղյակ պահենք նաեւ, որ Մեղրու ոսկու հանքերին տիրանալու համար (ըստ մայրաքաղաքային մամուլի) պայքարը մղվում է մի քանի մարդկանց կողմից: Բայց հարցը հավելյալ ուսումնասիրության կարիք ունի, ինչին կանդրադառնանք ավելի ուշ: Առայժմ արձանագրենք մեկ անհերքելի իրողություն` այդպիսի հանքերի լիցենզիան մեր երկրում կարող է տնօրինել միայն նախագահականը:
Նոյեմբեր 02, 2010
