

Մարատ Հարությունյան, Սյունյաց Երկիր
Մինչ ուրանի մահաբեր ուրվականը, սավառնելով Սյունյաց երկնակամարում, պատրաստվում է վայրէջքի, նրա հարազատ եղբայրը` մոլիբդենը, վաղուց տնավորվել եւ իր գերիշխանությունն է հաստատել մարզի տնտեսական եւ քաղաքական կյանքում:
Գենոֆոնդին եւ բնապահպանությանը հասցված վնասն անհամարժեք է ֆինանսական եւ սոցիալական այն չնչին հատուցումների նկատմամբ, որն իրականացվում է բնակչության հետ հաշիվը փակելու համար:
Իրավիճակի պաշտոնական տվյալների բացակայությունը լրացնելու համար մեջբերեմ ուսումնասիրությունների համար հաճախակի Քաջարան գործուղված ընդհանուր հիգիենայի եւ պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտի աշխատակցի զրույցը մեզ հետ, որտեղ նա մռայլ գույներով ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները: Գերշահույթ ստանալու նպատակով վերջին տարիներին պղնձամոլիբդենային կոմբինատում ներդրված տեխնոլոգիաները նոր առողջական խնդիրներ են առաջացրել բնակչության շրջանում (հատկապես երեխաների) եւ նույնիսկ համաճարակի սպառնալիք ստեղծել:
Տագնապ են հնչեցնում Կապանի տարածքի այն գյուղերի բնակիչները, որոնց հարեւանությամբ կուտակվում է կոմբինատի արտադրության մնացորդը` հագեցված Մենդելեեւի աղյուսակի վնասակար նյութերով: Խնդիրը նույնն է` մարդկանց առողջության եւ բնության ներդաշնակության խանգարում:
Նույնիսկ դիլենտանտի համար պարզ է իրավիճակը որոշակի մեղմելու եղանակը:
Անհրաժեշտ են լուրջ ֆինանսական ներդրումներ արտադրությունը էկոլոգիապես անվնաս դարձնելու համար` այն բարձրացնելով նոր գիտատեխնիկական որակի:
Ցանկություն կունենա՞ մոլիբդենյան խմբավորումը ներդրումների համար հրաժարվել այն հսկայական եկամուտներից, որոնք նախատեսված են պետության քաղաքական կյանքում ներկայանալի լինելու (հիմնականում ընտրությունների միջոցով), երկրով մեկ (առավել մեծ չափով Երեւան եւ Կապան քաղաքներում) անշարժ գույք ձեռք բերելու եւ հզոր տնտեսական կառույցներ ստեղծելու (վտանգելով փոքր եւ միջին բիզնեսի գործունեությունը) համար: Կարծում եմ` ոչ:
Կյանքի շքերթը 333 համարանիշի «Ջիպերով» գլխավորելու նրանց ցանկությունը հզոր է ու հիվանդագին:
Նոյեմբեր 02, 2010
