

Էդիկ Բաղդասարյան, Հետք
Վերահսկիչ պալատը (ՎՊ), ուսումնասիրելով «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման օրինականությունը, Կառավարությանն առաջարկում է քննարկել ընկերության հանքային իրավունքների դադարեցման հարցը:
Հայկական ոսկու ամենամեծ հանքավայրը` Սոթքը, համարվում է Հայաստանի հանքարդյունաբերության զարդը: Սակայն այդ «զարդի» բախտը, կարծես թե, չի բերում: Միշտ հայտնվում է անբարեխիղճ սեփականատերերի ձեռքում եւ թալանվում: Իշխանություններն էլ մինչեւ հասկանում են, որ Հայաստանի ընդերքը թալանվում է, սեփականատերը փոխվում է` կանադացիներ, հնդիկներ, վրացի/ռուսներ:
Եթե ՎՊ-ն նման առաջարկով հանդես է եկել, նշանակում է` խոշոր չարաշահումներ է հայտնաբերել: Եւ հաշվի առնելով, որ ՎՊ-ն հրապարակել է այդ արդյունքները, կարելի է ենթադրել, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն իսկապես լիցենզիայից զրկվելու ճանապարհին է: ՎՊ-ն պարզել է նաեւ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը 2004 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2008 թ. փետրվարի 29-ը Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերն ապօրինաբար է շահագործել` առանց ուժի մեջ մտած լիցենզիաների:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դեռեւս չի արձագանքել այս բացահայտումներին: Մեր հարցմանն ի պատասխան` գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերում հայտնաբերված օրինախախտումների վերաբերյալ Վերահսկիչ պալատից դատախազությունը նյութեր չի ստացել:
Պետական եկամուտների կոմիտե ներկայացրած հաշվետվությունների համաձայն` «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի վնասը 2007 թ. կազմել է 16,034,189.0 հազար դրամ, 2008-ին` 17,270,237.0 հազ. դրամ, 2009-ին` 11,605,621.0 հազ. դրամ: 2008 թ. հուլիսի 22-ին «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն վերանվանվեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցված է Կայմանյան կղզիներում, սեփականատերը «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն է: Իսկ թե ովքեր են այդ ընկերության բաժնետերերը, անհայտ է: Մեր վրացի գործընկերներից մեկը պնդում է, որ այնտեղ մասնաբաժին ունի նաեւ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին` իր քեռու անունով:
Սա չի բացառվում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Վրաստանի նախագահը մի քանի անգամ եղել է Կայմանյան կղզիներում: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը մեկ տարի առաջ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ ցանկանում էր Սեւանա լճի մերձակայքում լճի համար աղետալի մի ծրագիր իրականացնել:
Բարեբախտաբար, ընկերությանը չհաջողվեց իրագործել այդ ծրագիրը:
Եւ այսպես, ներկայացնենք մի քանի թվեր` պատկերացում կազմելու, թե ինչպես է այս ընկերությունը թալանում Հայաստանի ընդերքը:
«Ընկերությունը, 01.01.2008 – 01.04.2010 թթ. ժամանակահատվածում Սոթքի հանքից Արարատի կորզման ֆաբրիկա է առաքել 648.0 հազ. տոննա ապրանքային հանքաքար, որտեղ ոսկու քանակը կազմել է 2031 կգ: Ֆաբրիկայում վերամշակվել է 656.0 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը կազմել է 2026 կգ, կորզվել է 1214 կգ ոսկի, կորզումը կազմել է 59.89%, որը շուրջ 22.6% ցածր է նախագծով նախատեսված` 82.5% ցուցանիշից (պետք է կորզվեր` 1672 կգ), այսինքն` շուրջ 458 կգ-ով պակաս է կորզվել»,- գրված է ՎՊ-ի ընթացիկ հաշվետվության մեջ:
Սա նշանակում է, որ 458 կգ-ով պակաս ոսկի է կորզվել: Դժվար գտնվի մեկը, որ հավատա ընկերության ներկայացրած թվերին: Միանշանակ է, որ ընկերությունը թաքցրել է ոսկին, քանի որ չի կարողանում ապացուցել, որ հանքանյութում քիչ ոսկի է եղել, կամ էլ` չեն կարողացել կորզել:
Նրանց ներկայացրած վիճակագրության ոչ հավաստիության վերաբերյալ մի համոզիչ փաստարկ կա` ընկերությունում չեն պահպանվել հանքաքարի վերամշակման գործընթացում կատարված նմուշարկման արդյունքում ստացված նմուշների կրկնօրինակները:
Դա նախատեսված է օրենքով, այդ նմուշների բացակայությունը թույլ չի տալիս կրկնակի անալիզ կատարել: Թե ինչու ընկերությունը չի պահպանել կրկնօրինակները, պետք է պարզեն իրավապահ մարմինները:
ՎՊ-ն պարզել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը Սոթքի հանքավայրը երկար ժամանակ անօրինականորեն է շահագործել: Բնապահպանության նախարարությունը «չի նկատել» դա: Սոթքի հանքավայրի շահագործման համար լեռնահատկացումը կատարվել է 2009 թ. օգոստոսի 25-ին, թիվ 279 լեռնահատկացման ակտով: Դա նշանակում է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը 2007 թ. հունվարի 1-ից մինչեւ 2009 թ. օգոստոսի 25-ը Սոթքի հանքավայրը շահագործել է ապօրինաբար:
Ընկերությունը պետական բյուջե չի վճարել 24 մլն դրամ կոնցեսիոն վճար: Չի վճարել նաեւ 2009 թ. ոսկու մարված պաշարի համար լրացուցիչ բնօգտագործման մոտ 113 մլն դրամ գումարը: 2010 թ. առաջին եռամսյակի համար չվճարված լրացուցիչ բնօգտագործման գումարը կազմել է մոտ 50 մլն դրամ:
Ընկերության 100% բաժնեմասը գրավադրված է, իսկ որտե՞ղ է 250 մլն դոլարը: ՎՊ-ի ուսումնասիրության մեջ ամենաուշագրավը հաշվետվության վերջին մասն է:
Պարզվում է` 2010 թ. հուլիսի 22-ին, համաձայն բաժնեմասի գրավի պայմանագրի, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության միակ մասնակից, 100% բաժնեմասի սեփականատեր «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» լիմիթեդ ընկերությունը «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկում (ռուսաստանյան ՎՏԲ բանկի անգլիական մասնաճյուղ) գրավադրել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը` ի շահ «Կառլոու ԲիՎի» ընկերության:
Այս ընկերությանը «ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի» բանկը 2010 թ. հունիսի 22-ին տրամադրել է 250 մլն դոլար վարկ: Բաժնեմասի գրավի պայմանագրի 9-րդ կետի դրույթներով նախատեսված են մի շարք հանգամանքներ, որոնց ի հայտ գալուն պես վարկառուի պարտավորությունները համարվում են չկատարված, եւ այդ դեպքում «ՎՏԲ Կապիտալ» բանկը ձեռք է բերում բացարձակ իրավունք` գրավի տակ գտնվող ակտիվները փոխանցելու երրորդ անձանց, առանց գրավատուի համաձայնությունը ստանալու:
«Կառլոու ԲիՎի» ընկերության ստացած 250 մլն դոլար վարկի գումարներից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հաշվին միջոցներ չեն փոխանցվել:
Իսկ ընկերությունը, համաձայն, 2008 թ. փետրվարի 29-ին կնքված Սոթքի, ինչպես նաեւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերից «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման» համապատասխան թիվ 368 եւ 369 լիցենզային պայմանագրերի, ստանձնել է մի շարք ներդրումային պարտավորություններ, որոնք մինչ օրս չեն կատարվել:
Ի՞նչ է եղել 250 մլն դոլարը. այս հարցի պատասխանը պետք է ստանան Հայաստանի իշխանությունները, եւ ինչքան շուտ, այնքան լավ: Հնարավոր է պարզվի, որ այս փողով ինչ-որ կեղտոտ գործարքներ են կատարվում աշխարհի այլ երկրներում:
Առյաժմ նաեւ հայտնի չէ` ՎՊ-ն կստուգի՞ մնացած հանքավայրերը շահագործող ընկերությունների գուծունեությունը: Հայկական ընդերքը շահագործող բոլոր կազմակերպություններն էլ իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ չարաշահումներ են թույլ տալիս: Մամուլում պարբերաբար կարելի է նման փաստեր պարունակող հրապարակումների հանդիպել:
Ժամանակն է նաեւ ստուգել Քաջարանի, Կապանի, Ախթալայի հանքավայրերը շահագործողներին: ՎՊ-ին խորհուրդ ենք տալիս նաեւ ուշադրություն դարձնել այս ընկերությունների կողմից շրջակա միջավայրի աղտոտմանը, նրանց բնապահպանական պարտավորություններին: Պետք է հատկապես ուշադրություն դարձնել այդ ընկերությունների` գործուղումների համար կատարված եւ ներկայացուցչական ծախսերին, ինչպես նաեւ` արտահանվող հանքանյութի բաղադրությանը:
Հայկական ոսկի. պատմական ակնարկ
Ըստ խորհրդային գիտնականների` Հայաստանում էր գտնվում Կովկասի ոսկու հաշվառված պաշարների 80 տոկոսը: Հետազոտված պաշարները բնութագրվում են մի քանի հարյուր տոննա մաքուր ոսկու համարժեքով:
Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է պատկանում: 1976 թ.-ից գործող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան կառուցվել է ոչ միայն Կովկասի, այլեւ Միջին Ասիայի բոլոր հանրապետությունների պաշարների հաշվառմամբ:
Հայաստան հանքանյութ էր բերվում նաեւ այդ հանրապետություններից: Առհասարակ, Հայաստանում արդյունահանման ծախսերը միջինից բավական ցածր են եւ գրավում են ներդրողներին: Աշխարհում կան վայրեր, որտեղ ոսկին մակերես է դուրս գալիս բնածին զտված քարերի տեսքով:
Հայկական ոսկին դժվար կորզվող է: Սոթքի 1 տոննա հանքաքարը պարունակում է 5-7 գրամ ոսկի: Հայաստանը Խորհրդային Միության գանձարան էր փոխանցում տարեկան երեք տոննա ոսկի: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, կառուցված լինելով հիմնական հանքավայրից` Սոթքից 260 կմ հեռավորության վրա, խլում է ինքնարժեքի 20 տոկոսը` ճանապարհային ծախսերի ձեւով: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը անուշադրության մատնվեց:
Տեխնոլոգիական գործընթացներն արդեն անարդյունավետ էին, եւ ձեռնարկությունը բարոյապես մաշվել էր: Տարեցտարի սկսեցին կրճատվել ոսկու արդյունահանման ծավալները: 1996-ին արտադրվեց ընդամենը 172 կգ ոսկի եւ, ի վերջո, ձեռնարկությունը դադարեց գործել: Ֆաբրիկան հսկայական պարտքեր ուներ պետությանը: Հարցականի տակ էր ընդհանրապես ոսկու արդյունահանման նպատակահարմարությունը:
1996-ին «Հայոսկի» պետական ձեռնարկության եւ ամերիկյան «Գլոբալ Գոլդ» ընկերության նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ ձեռնարկություն, որը պետք է մշակեր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի 12 մլն տոննա թափոնները եւ ձեռնամուխ լիներ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի զարգացմանը:
1996 թ. հունվարին կնքված պայմանագրի արդյունքում «Գլոբալ Գոլդը» 12 մլն դոլար է ներդրել, որով Արարատում կառուցվել է ոսկու մշակման գործարանը: 1997-ին կանադական «First Dynasty Mines» ընկերությունը գնեց «Գլոբալ Գոլդ»-ի բաժնեմասը:
1998-ին Հայաստանի կառավարության եւ «First Dynasty Mines»-ի միջեւ ստորագրվեց նոր պայմանագիր. ստեղծվեց «Ararat Gold Recovery Company» ( AGRC, թարգմանաբար` «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն») համատեղ ձեռնարկությունը: Ձեռնարկությանը հանձնվեցին նաեւ Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերը:
Համատեղ ձեռնարկության ստեղծման հիմնադիր փաթեթը բաղկացած էր 2 պայմանագրից` համատեղ ձեռնարկության հիմնադրման պայմանագիր, ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության եւ ներդրողի միջեւ ծրագրի իրականացման պայմանագիր, ինչպես նաեւ կանադական ընկերության պարտավորագիր: Նախատեսվում էր կատարել 50 մլն դոլարի ներդրում: Որոշվեց Մեղրաձորի եւ Սոթքի ոսկու պաշարների մշակումը կատարել Արարատի գործարանում:
Համատեղ ձեռնարկության կանոնադրական կապիտալը կազմում էր մոտ 40 մլն դոլար, որի մի կեսը պատկանում է հայկական կողմին, մյուս կեսը` կանադականին: Առաջին երեք տարիներին շահույթը պետք է բաշխվեր անհավասար` 70 տոկոսը կանադական կողմին, 30-ը` հայկականին:
Միայն կանադական կողմի ներդրած գումարի վերականգնումից հետո շահույթի բաշխումը պետք է հավասարեցվեր: Ձեռնարկության արտադրողականությունը տարեկան կազմում էր 160 հազար ունցիա ոսկի:
AGRC ձեռնարկությունը սկսել է գործել 1999 թ. հունիսից: Աշխատողների 95 տոկոսը հայեր են: Արարատում 1 ունցիա (31,1 գ) ոսկի ստանալու համար ծախսվում էր 222 դոլար:
Վերջնական արտադրանքը արծաթագույն ձուլակտորներն են: Այս ձուլակտորների մեջ ոսկու պարունակությունը 30-35 տոկոս է, արծաթինը` 63 տոկոս, մնացածը այլ մետաղներ են: Այդ մետաղների վերջնական անջատումը կատարվում է Մեծ Բրիտանիայում:
1997-98 թթ. կանադա-ամերիկյան «First Dynasty Mines» ընկերությունը, որին պատկանում էր AGRC համատեղ ձեռնարկության օտարերկրյա բաժնեմասը, Արարատում ոսկու կորզման գործարանը կառուցելուց հետո զբաղված էր Սոթքի եւ Մեղրաձորի զարգացման ծրագրի ֆինանսավորման համար միջոցների հայթայթմամբ:
AGRC-ի ուղղակի վարկավորումը միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից դժվարանում էր այն պատճառով, որ ընկերության 50%-ը պատկանում էր պետությանը: Անձամբ ճանաչելով «First Dynasty Mines»-ի բաժնետերերից մեկին` հնդիկ միլիարդատեր Անիլ Ագարվալն իրեն պատկանող «Twinstar Holdings» ընկերության միջոցով ձեռք է բերում «First Dynasty Mines» ընկերության մի փոքր բաժնեմաս:
Միաժամանակ «First Dynasty Mines»-ին տրամադրում է «փոխարկելի» վարկ` պայմանով, որ վարկի դիմաց Ագարվալի ընկերությանը տրամադրվի «First Dynasty Mines» ընկերության որոշակի հավելյալ բաժնեմաս: Հետո Ագարվալը ստիպում է «First Dynasty Mines» ընկերության նախագահ Մարկուս Ռանդոլֆին հեռանալ ընկերությունից:
Ագարվալը հայկական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բողոքում է, թե իբր Ռանդոլֆն իր ընկերությունից ստացված միջոցները չի ներդնում Հայաստանի ծրագրերում, հաշվի չի առնում հայկական բաժնեմասը ներկայացնողների կարծիքը ձեռնարկությունը կառավարելու հարցում:
Այս ամենին զուգահեռ, Ագարվալն ուշացնում է վարկի գումարների վճարումը «First Dynasty Mines» ընկերությանը, ինչը հանգեցնում է հայկական կողմի դժգոհությանը կանադա-ամերիկյան ղեկավարության նկատմամբ:
Արդյունքում հեռանում է «First Dynasty Mines» ընկերության նախագահ Մարկուս Ռանդոլֆը: Ընկերության խորհրդից հեռանում են նաեւ այն անդամները, ովքեր, հավանաբար, չէին ցանկանում վնասել իրենց հեղինակությանը Ագարվալի հետ աշխատելով:
Ա. Ագարվալը վատ համբավ ուներ, իր երկրում նրա անունը կապվում էր կոռուպցիոն սկանդալների եւ բնապահպանական աղետների հետ: Արդյունքում Ագարվալը «First Dynasty Mines» ընկերության խորհրդում ձեռք է բերում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթ:
Իրավիճակից օգտվելով` Ագարվալը պարզապես իջեցնում է իրեն պատկանող «Twinstar»ի կողմից «First Dynasty Mines» ընկերությանը տրամադրված փոխարկելի վարկի դիմաց տրամադրվող «First Dynasty Mines»-ի բաժնեմասի գինը, նույն գումարի դիմաց ձեռք է բերում «First Dynasty Mines» ընկերության անհամեմատ ավելի մեծ բաժնեմաս եւ, փաստորեն, տիրանում AGRC ընկերության 50% օտարերկրյա բաժնեմասին:
Արդյունքում Հայաստան է ուղարկվում AGRC համատեղ ձեռնարկության ազգությամբ հնդիկ նոր ղեկավարություն, որը մեկ առ մեկ, սակայն հետեւողականորեն ձերբազատվում է ձեռնարկության կանադացի, ամերիկացի եւ ավստրալացի գրեթե բոլոր մասնագետներից:
Ձեռնարկության պետական մասնաբաժինը 2002 թ. ամբողջությամբ վաճառվեց Անիլ Ագարվալի ընկերությանը` «Ստերլիտ գոլդ»-ին («Sterlite Gold»): Անիլ Ագարվալը դարձավ «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության միակ սեփականատերը:
2007-ի օգոստոսին Հայաստանի կառավարությունը ՀՀ գլխավոր դատախազությանը կարգադրել է արգելք դնել Լոնդոնի «Vedanta» ընկերության` Սոթքի ոսկու հանքի նկատմամբ ունեցած իրավունքների օտարման փորձի վրա:
Վեցամսյա նախաքննությունից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը բնապահպանության նախարարության անունից մտել էր դատարան` 1998-ից «Vedanta»-ի կանադական գրանցմամբ «Sterlite Gold» դուստր ձեռնարկությանը տրված Սոթքի հանքավայրի շահագործման արտոնագիրն անվավեր ճանաչելու հայցով: 2007 թ. ընկերությունը հնդիկ սեփականատերերից գնեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը:
Գործարքը կատարվել է վրացական «Մադնեուլի» ԲԸ-ի միջոցով: «Մադնեուլի» ԲԸ-ն ռուսական «Պրոմինվեստ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Հիմնական սեփականատերերն են Սերգեյ Գեներալովը եւ Սիման Պովերենկինը:
Գեներալովը Ռուսաստանի էներգետիկայի նախկին նախարարն է եւ Դումայի նախկին պատգամավոր: Սակայն այս բաժնետերերը հետագայում դուրս են մնացել: Եւ այսօր էլ հայտնի չէ, թե ովքեր են ընկերության իրական բաժնետերերը:
ԻՆՉՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
Քրիստինե Աղալարյան, Հետք
Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ՎՊ-ի վերջին ուսումնասիրությունների արդյունքները։ Առաջին և կարևորագույն հարցը, որ անդրադարձավ ՎՊ նախագահը, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող Գեղարքունիքի մարզի Սոթքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործումն էր և թույլ տրված ապօրինությունները:
Իշխան Զաքարյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են միայն պայմանագիրը, վերլուծել են այն, և փորձել են հասկանալ, թե արդյոք պայմանագրային պարտավորությունները կատարվել են, թե ոչ։ Իսկ մնացած նյութերը հետևանք են պայմանագիրը չկատարելուն։ «Կարծում եմ, տվյալ դեպքում ՎՊ խորհուրդը շատ ճիշտ է վարվել, որ առայժմ դնում է լիցենզիոն պայմանագրի շարունակելու խնդիրը, հանքավայրի հետագա շահագործման հետ կապված խնդրի վավեր կամ անվավեր լինելու հարցը»,- ասաց Ի. Զաքարյանը։
Իշխան Զաքարյանը նշեց, որ ընդերքը պետությանն է և յուրաքանչյուր ոտնձգություն դատապարտելի է, բայց թե ինչու այդ դատապարտելի արարքի մասին դատախազություն նյութերը չեն ուղարկել, պարզաբանեց. «Ես չեմ թաքցնում, որ այս ուսումնասիրությունները շարունակում ենք, և չեմ էլ ուզում բացառել, որ մի օր էլ կարող է որոշակի այլ ինֆորմացիաների կուտակման դեպքում մենք ուղարկենք նաև դատախազություն։ Առայժմ մենք բավարարվել ենք նրանով, որ դրել ենք միայն խնդիրը՝ լիցենզիոն իրավունքից զրկելու և այլ խնդիրներին անդրադառնալու հարցը»։
Թե ովքեր են այս «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող հանքի իրական տնօրինողները, Իշխան Զաքարյանը չցանկացավ մանրամասնել՝ խնդրելով ՎՊ նախագահին սուբյեկտիվ դաշտ չտանել։ «Դուք պատկերացրեք՝ ես սկսեմ անուններով խոսել։ Իհարկե շատ միամիտ կլինի, որ կարծեք, որ մենք որոշակի անուններ չգիտենք կամ գիտենք։ Եթե սկսեմ խոսել անուններով, ազգանուններով, հայրանուններով, վաղը, մյուս օրը գիտե՞ք ինչ կստացվի, ցանկացած մեր հրապարակում, ցանկացած իմ հանդիպումը ձեր հետ կգնա դեպի սուբյեկտիվ դաշտ, և ինչ գնահատական ասես՝ կտաք»,- ասաց Ի. Զաքարյանը։ Նա հավելեց, որ իրենք միայն կատարում են օրենքով իրենց վերապահված գործողությունները։
Նախկինում հանքի շահագործման ստուգումներ կատարվել են, թե ոչ, ՎՊ նախագահը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ չեն եղել, բայց մենք այս երեք տարվա մեջ որևէ ստուգող այլ կազմակերպության նյութերի վրա չենք հենվել»։
Իշխան Զաքարյանը խոստացավ, որ ցանկացած հանքավայր ուսումնասիրվելու է շատ խիստ և ներկայացվելու է հանրությանը։ Իսկ ՎՊ-ի 2011 թ.-ի գործունեության տարեկան ծրագրում դեռևս ուսումնասիրվելու է ընդերքն ու դրա օգտագործման օրինականությունը։
ՄԵԿ ԼՈՒՄԱ ՀԱՐԿ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ 6 ՏԱՐԻ
Ա1+
Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց պալատի հաշվետվությունը երկու ուղղություններով` ընդերքի շահագործման եւ կրթական համակարգերում: Բացահայտումները բավականին ուշագրավ եւ աղմկահարույց են: Մասնավորապես, ՎՊ-ի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ 2004 թվականից մինչեւ 2010 թվականը Գեղարքունիքի մարզի Սոտքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերը շահագործվել են օրենքի մի շարք խախտումներով: Բացի այդ, հանքերը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հարկային մարմիններին ներկայացրել է, թե իբր վնասով է աշխատում, հետեւաբար, ոչ մի լումա չի մուծել պետական բյուջե: Մասնավորապես. 2007 թվականին ընկերությունը իբր ունեցել է 15 մլդ 654 մլն դրամ վնաս, 2008 թվականին 17 մլրդ 273 մլն, 2009 թվականին 11 մլրդ 605 հազար դրամ: Իշխան Զաքարյանը նկատեց, որ միջազգային շուկայում 2007-ից 2010 թվականների ընթացքում ոսկու գինը կրկնապատկվել է` 1 գրամի դիմաց 21 դոլարից բարձրանալով 40 դոլար:
Ընկերությունը պարտավորվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոտքի հանքավայրից տարեկան նվազագույնը արդյունահանել 600,000 տոննա (արդյունահանվել է 2007-ին 16,655 տ, 2008-ին` 29,236 տ, 2009` 320,554 տ, ընդամենը 366,445 տ), իսկ ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքավայրից` 120,000 տոննա հանքաքար (արդյունահանվել է 2007` 1,600 տ, 2008` 0 տ, 2009` 0 տ, ընդամենը 1,600 տ): Պարտավորությունները չեն կատարվել, որով խախտվել են լիցենզային պայմանագրերի պահանջները:
Ի դեպ, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ՎՏԲ բանկից վերցրել է 250 մլն դոլար վարկ եւ ոչ մի ներդրում չի արել հանքավայրերի շահագործումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Այսինքն, անգամ վարկն է «մսխվել»: Իսկ բանկում ընկերության համար երաշխավորել են մի շարք օֆշորային կազմակերպություններ, որոնց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բոլոր դեպերում ստորագրությունը նույն մարդունն է:
Իշխան Զաքարյանը նշեց, որ ընդերքը պետությանն է և յուրաքանչյուր ոտնձգություն դատապարտելի է: Ու թեեւ դատապարտելի է, բայց ՎՊ-ն չի դիմել դատախազություն` ակնհայտ հանցագործության մասին հայտնելով, այլ միայն բավարարվել է կառավարությանը տեղեկացնելով: ՎՊ-ն միաժամանակ առաջարկում է զրկել «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությանը լիցենզիայից.«Կարծում եմ, տվյալ դեպքում ՎՊ խորհուրդը շատ ճիշտ է վարվել, որ առայժմ դնում է լիցենզիոն պայմանագրի շարունակելու խնդիրը, հանքավայրի հետագա շահագործման հետ կապված խնդրի վավեր կամ անվավեր լինելու հարցը»,- ասաց Իշխան Զաքարյանը եւ ավելացրեց, որ ֆինանսատնտեսական ուսումնասիրություն չեն արել, թեեւ եթե հարկ լինի նույն մանրամասնությամբ դա եւս կարվի։ Նաեւ չբացառեց, որ մի օր կարող են դիմել դատախազություն. «Ես չեմ թաքցնում, որ այս ուսումնասիրությունները շարունակում ենք, և չեմ էլ ուզում բացառել, որ մի օր էլ կարող է որոշակի այլ ինֆորմացիաների կուտակման դեպքում մենք ուղարկենք նաև դատախազություն»։
Թե ովքեր են այս «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությանը պատկանող հանքի իրական տնօրինողները, Իշխան Զաքարյանը չցանկացավ մանրամասնել՝ խնդրելով ՎՊ նախագահին սուբյեկտիվ դաշտ չտանել։ «Դուք պատկերացրեք՝ ես սկսեմ անուններով խոսել։ Իհարկե շատ միամիտ կլինի, որ կարծեք, որ մենք որոշակի անուններ չգիտենք կամ գիտենք։ Եթե սկսեմ խոսել անուններով, ազգանուններով, հայրանուններով, վաղը, մյուս օրը գիտե՞ք ինչ կստացվի, ցանկացած մեր հրապարակում, ցանկացած իմ հանդիպումը ձեր հետ կգնա դեպի սուբյեկտիվ դաշտ, և ինչ գնահատական ասես՝ կտաք»,- ասաց Իշխան Զաքարյանը։ Նա հավելեց, որ իրենք միայն կատարում են օրենքով իրենց վերապահված գործողությունները։
Իշխան Զաքարյանը խոստացավ, որ ցանկացած հանքավայր ուսումնասիրվելու է շատ խիստ եւ ներկայացվելու է հանրությանը։
Նոյեմբեր 05, 2010
