ՃՈՃԿԱՆԻ ՊՈՉԱՄԲԱՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՇՏԱԲԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ՃՈՃԿԱՆԻ ՊՈՉԱՄԲԱՐԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՇՏԱԲԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Արմինֆո

Ախթալայի «Մեթալ Փրինս» լեռնահարստացման կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը լուրջ էկոլոգիական սպառնալիք է ներկայացնում: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:

Պոչամբարը շահագործման է հանձնվել 1965 թվականին, իսկ 1988-89 թվականներին ենթարկվել է ռեկուլտիվացման: Բարձր լեռներում գտնվող պոչամբարը պարունակում է 22 մլն խմ թունավոր թափոններ: Սակայն, քանի որ դրա դրենաժային համակարգը չի գործում, պարունակությունը, մասնավորապես, տեղումների ազդեցության տակ վեր է ածվել թունավոր կոյաջրի, ավելացրել է իր ծավալը և  սպառնում է վայր հոսել լեռնային աստիճաններով: Առաջնահերթ վտանգն այն է, որ թունավոր թափոնները կարող են լցվել Դեբետ գետը:

«Այդպիսի թունավոր սողանքն անհնար կլինի դադարեցնել: Իսկ արդյունքը կլինի միջազգային նշանակության էկոլոգիական աղետը», - ընդգծել է Ի.Զարաֆյանը:

Նրա ասելով՝ Ճոճկանի պոչամբարի հարցով «Մեթալ Փրինս» ընկերությունն արդեն անց է կացրել հասարակական լսումներ:

«Սակայն դա լուրջ խնդիր է, և բնավ ճիշտ չէ այն լուծել միայն ընկերության կամ նախարարության մակարդակով: Մենք կասկած չունենք այն բանում, որ այն միազգային և պետական հզոր միջամտության կարիք ունի», - նշել է Ի.Զարաֆյանը:

Էկոլոգների տեղեկությունների համաձայն՝ «Մեթալ Փրինսը» մտադիր է շահագործել Ճոճկանի պոչամբարը:

Նոյեմբեր 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր