15 տրիլիոն դոլարի հարստություն և անդառնալի կորուստներ. ինչո՞ւ է տուժում Հայաստանի բնությունը հանքարդյունաբերությունից

15 տրիլիոն դոլարի հարստություն և անդառնալի կորուստներ. ինչո՞ւ է տուժում Հայաստանի բնությունը հանքարդյունաբերությունից

Լեհաստանի հանրային հեռուստաընկերության (TVP) միջազգային հեռարձակման կենտրոնը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ՝ վերհանելով ընդերքի շահագործումից ստացվող տեսական օգուտների և բնությանն ու մարդկանց հասցվող իրական վնասների միջև առկա խորը հակասությունը։

Մինչ մեր երկրից դուրս է բերվում ֆինանսական հսկայական կապիտալ, տեղում մնում են ծանր հետևանքները՝ պոչամբարները, թունավորված ջուրն ու հողը, որոնք ուղղակի վտանգ են մարդկանց առողջության և կյանքի համար։ 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ներկայացրել է իրավիճակը ազդակիր համայնքներում։ Որպես օրինակ՝ բնապահպանը հիշատակել է դեպքեր, երբ պոչամբարից ջուր խմելու պատճառով ծանր հիվանդացել է գյուղացու կովը, և նույն ջրափոսը մտած երեխայի մաշկը սկսել է պլոկվել։

«Շատ բաներ դարձել են անդառնալի։ Մենք ունենք մեռած գետեր», - նշել է Զարաֆյանը՝ հավելելով, որ թեև գոյություն ունեն կանխման և մաքրման ժամանակակից տեխնոլոգիաներ, դրանց կիրառումը դեռևս առաջնահերթ չի համարվում պետության կողմից և չի պարտադրվում արդյունահանողներին։

Ըստ հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ Գեորգի Միրզախանյանի՝ Հայաստանի ընդերքը չափազանց հարուստ է բազմամետաղներով, ուրանով և հազվագյուտ մետաղներով, որոնց ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 15 տրիլիոն դոլարի։ Փորձագետի հաշվարկներով՝ այս հարստության արդարացի բաշխման դեպքում յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կարող էր բաժին ընկնել տարեկան շուրջ 50 հազար դոլար։ Սակայն այս ռեսուրսները չեն ծառայում հանրային բարեկեցությանը մի քանի հիմնարար պատճառներով՝

Հանքարդյունահանող ընկերությունները հիմնականում գրանցված են օֆշորային գոտիներում և պետությանը չեն տրամադրում թափանցիկ տեղեկատվություն, իսկ կառավարությունը չի կարողանում օֆշորային բանկերից ինֆորմացիա ստանալ։
Երկրում չկա արտոնագրված հատուկ լաբորատորիա, որը թույլ կտա ճշգրիտ գնահատել արդյունահանվող պաշարների իրական քանակն ու արժեքը։
Հայաստանը լեռնամետալուրգիայով զբաղվող եզակի երկրներից է, որը չի ընդունել արտադրանքի բաշխման համաշխարհային օրենքը։

Մասնագետների համոզմամբ՝ ստեղծված վիճակի հիմնական պատճառը թերի օրենսդրական դաշտն է։ Ընդերքի պատկանելության վերաբերյալ սահմանադրական ձևակերպումների երկու անգամ փոփոխվելը թուլացրել է ոլորտի կառավարումը, ինչի հետևանքով հրատապ է դարձել խորքային օրենսդրական բարեփոխումների իրականացումը՝ պետական և հանրային խիստ վերահսկողություն ապահովելու նպատակով։



Նոյեմբեր 19, 2026 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր