ԹԱԼԱՆԻ ՏՐՎԱԾ ՀԱՆՔԵՐ

ԹԱԼԱՆԻ ՏՐՎԱԾ ՀԱՆՔԵՐ

Ա. Հարոյան, Հայոց Աշխարհ

Ոսկի արդյունահանողը՝ ահռելի վնասներո՞վ
  
Հակիրճ այսպիսի եզրակացության կարելի է հանգել՝ ծանոթանալով ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության եւ ընդերքի օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ Վերահսկիչ պալատի (ՎՊ) ընթացիկ հաշվետվությանը։
  
Գեղարքունիքի մարզի Սոթքի, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի առնչությամբ ՎՊ-ն բացահայտել է ոչ միայն աղաղակող, խայտառակ, այլեւ, կարծում ենք, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կամ Հատուկ քննչական ծառայության ուշադրությանն արժանի խախտումներ։ Դատեք ինքներդ...
  
Մինչ կատարված բացահայտումները ներկայացնելը, ավելորդ չենք համարում նշել, որ բացի բուն ընդերքօգտագործողից՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից, ՎՊ-ի կողմից իրականացված վերահսկողության օբյեկտներ են եղել նաեւ բնապահպանության, ինչպես նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները։ Վերոնշյալ ընկերության կողմից պետական եկամուտների կոմիտե ներկայացված շահութահարկի հաշվարկ-հաշվետվությունների համաձայն, ընկերության վնասը 2007թ. կազմել է 16,034,189.0 հազար դրամ, 2008-ին՝ 17,270,237.0 հազ. դրամ, 2009-ին՝ 11,605,621.0 հազ. դրամ։
  
Պատկերացնո՞ւմ եք՝ ոսկի արդյունահանող, ոսկու հետ գործ ունեցող ընկերությունը նույնիսկ վնասներով է աշխատել, ու չնայած դրան՝ չի դադարեցրել, շարունակել է իր գործունեությունը։ Բնական է, որ իր գործունեության արդյունքում վնաս ներկայացնելով, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ¬ն նշված տարիների համար պետությանն անգամ 10 դրամի շահութահարկ չի վճարել։ ՎՊ-ի վերահսկողությունն ընդգրկել է հիմնականում այդ ժամանակահատվածը։
  
Տեղեկացնենք նաեւ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն նախկին, 2008թ. հուլիսի 22-ին վերանվանված «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն է, որը մեր հասարակությանն առավելապես հայտնի է Սեւանա լճի եւ, ընդհանրապես, Հայաստանի համար էկոլոգիապես խիստ վտանգավոր, պաշտոնապես մերժված-ձախողված իր տխրահռչակ ծրագրով։ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ¬ի միակ մասնակից, 100% բաժնեմասի սեփականատերն է Կայմանյան կղզիներում գրանցված «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն։
  
ՈՍԿԻՆ «ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈ՞ՒՄ»

Ընկերությունը 2008թ. Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում վերամշակել է 50.3 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը եղել է 175-277 կգ։ Սակայն կորզվել է 123.828 կգ ոսկի (70,65%), որը մոտ 11,8% ցածր է նախագծով նախատեսված կորզման 82,5% ցուցանիշից, այսինքն՝ շուրջ 20 կգ 770 գրամով պակաս է կորզվել։ Պակա՞ս է կորզվել, թե՞ այդպես ներկայացվել է։
  
Այստեղ ընդգծենք, որ ոսկու հանքաքարի վերամշակումը եւ ոսկու կորզումը կատակ բան չեն, ամեն ինչ նախապես գիտականորեն, թե' տեսական, թե' գործնական առումով մանրակրկիտորեն հաշվարկված է եւ նոր միայն նախագծով նախատեսված ոսկու կորզման որոշակի ցուցանիշ։ Եթե դրանից նույնիսկ շեղումներ կարող են լինել, ապա չնչին չափով, բայց ոչ 11,8 կամ ավելի քան 38%-ի չափով, ինչպես արձանագրվել է այս տարի։

ՎՊ-ի ստուգմամբ պարզվել է, որ 2009թ. ընթացքում հիշյալ ֆաբրիկայում վերամշակվել է 486.1 հազ. տոննա հանքաքար, որի մեջ ոսկու քանակը եղել է 1514.1 կգ, կորզվել է 940 կգ 163 գրամ ոսկի, կորզումը եղել է 62.1%, որը 20.4%-ով ցածր է նախագծով նախատեսված 82,5% ցուցանիշից, այսինքն՝ շուրջ 308.96 կգ պակաս է կորզվել։
  
2010թ. առաջին եռամսյակում հիշյալ ֆաբրիկայում վերամշակվել է 120.3 հազ. տոննա հանքաքար, որում ոսկու պարունակությունը կազմել է 337.373 կգ։ Ներկայացված տվյալների համաձայն, վերամշակման արդյունքում կորզվել է 149.987 կգ ոսկի, կորզումը եղել է 44.43%, որը 38.1%-ով ցածր է նախագծով նախատեսված 82,5% ցուցանիշից, այսինքն՝ պակաս է կորզվել շուրջ 128 կգ 340 գրամ ոսկի։

ՀԱՇՎԱՐԿԻ ԱՂԱՎԱՂՄԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՆԱԼԻԶԻ
  
Ինչպես բացահայտվել է ՎՊ-ի վերահսկողության արդյունքում, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն չունի մեր հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած հանքավայրի շահագործման աշխատանքների նախագիծ։ Ընկերությունը հանքավայրի շահագործումն իրականացրել է դեռ 1982թ. ԽՍՀՄ ՊՊՀ-ի կողմից հաստատված նախագծով, իսկ 2008-2010թթ. հանքարդյունահանումն իրականացվել է 30 ամիսների «Լեռնային աշխատանքների ծրագրով»։
  
Ուշագրավ է, որ ընկերությունում չեն պահպանվել հանքաքարի վերամշակման գործընթացում կատարված նմուշարկման արդյունքում ստացված նմուշների կրկնօրինակները, ինչը թույլ չի տալիս կատարել կրկնակի անալիզ։ Դա, կարծում ենք, ձեռնտու չէ ընկերությանը, դրա համար էլ նմուշների կրկնօրինակները չկան։
  
Պարզվել է նաեւ, որ ապրանքային հանքաքարի ոչ միայն որակը, այլեւ քանակը (կշիռը) վերջնականապես որոշվում եւ ձեռնարկության հանքարդյունահանման ընդհանուր հաշվեկշռում գրանցվում է բացառապես Արարատի ֆաբրիկայում վերամշակման արդյունքում ստացված տվյալներով, հետադարձ հաշվարկով՝ սկսած ստացված վերջնական արդյունքից՝ մինչեւ ընդերքից արդյունահանված հանքաքարը, որն, ինչպես ՎՊ-ն է արձանագրել, անթույլատրելի է եւ հանգեցնում է հետախուզված հաշվեկշռային պաշարների եւ մարված պաշարների հաշվարկի աղավաղմանը։
  
Մեր կարծիքով, սակայն, միայն դրան չէ, որ հանգեցնում է։ Հուսանք, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը կպատասխանի, թե նշված անթույլատրելի գործելակերպն ի՞նչ հնարավորություններ է ընձեռել ընկերությանը, մասնավորապես՝ տվե՞լ է չարաշահման հնարավորություն։

Չնայած ոսկու հանքավայրի անօրինական շահագործմանը

  
Վերահսկիչ պալատը պարզել է նաեւ, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Սոթքի ոսկու հանքը երկար ժամանակ շահագործել է անօրինականորեն։ Այս իրողությունը նույնպես փաստում է, որ ընկերության հետ լիցենզային պայմանագիր կնքած բնապահպանության նախարարությունն իր դերում չի եղել։ Այսինքն՝ չի նկատել սույն աղաղակող փաստը, կամ նկատել, բայց ենթադրելի է, թե ինչ պատճառով, չնկատելու է տվել ու հանդուրժել։
  
«Ընդերքի մասին» օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման համար լեռնահատկացումը կատարվում է լիազոր մարմնի կնքած լիցենզային պայմանագրի հիման վրա, հանքավայրի շահագործման նախագծերով։ Լեռնահատկացման ակտը կցվում է լիցենզային պայմանագրին որպես դրա անբաժանելի մաս։
  
Եվս մեկ կարեւոր հղում. ըստ նշված օրենսգրքի 38-րդ հոդվածի, առանց լեռնահատկացման ակտի, արգելվում է օգտակար հանածոյի արդյունահանումը շահագործական նպատակով։ ՎՊ-ն իր վերահսկողության ընթացքում բացահայտել է, որ Սոթքի հանքավայրի շահագործման համար լեռնահատկացումը կատարվել է 2009թ. օգոստոսի 25-ին թիվ 279 լեռնահատկացման ակտով, այսինքն՝ հիշյալ ընկերությունը 2007թ. հունվարի 1-ից մինչեւ 2009թ. օգոստոսի 25-ը (շուրջ 2 տարի 8 ամիս) Սոթքի ոսկու հանքավայրը շահագործել է անօրինականորեն։
  
ՈՍԿՈՒ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԶՐՈՅԱԿԱՆ
  
2009թ. արդյունահանվել է 476.2 հազար տոննա ապրանքային հանքաքար (ոսկու ընդհանուր քանակը՝ 1501.7 կգ)։ 476.2 հազ. տոննա ապրանքային հանքաքարի մեջ արդյունահանված օգտակար հանածոն կազմել է 304.5 հազ. տոննա, իսկ աղքատացումը՝ 171.7 հազ. տոննա կամ 36%-ը։ Աղքատացման ցուցանիշը տարեկան հաշվետվություններով լիազոր մարմնին ներկայացվել է 30 ամիսների «Լեռնային աշխատանքների ծրագրով» սահմանված 15%-ի չափով, որը պետք է կազմեր 53.7 հազ. տոննա հանքաքար։
  
Սակայն, ինչպես պարզվել է, ծրագրով նախատեսվածի եւ փաստացի ցուցանիշների տարբերությունը կազմել է 118.0 հազ. տոննա կամ արդյունահանված զանգվածի 24,7%-ը։ ՎՊ-ն արձանագրել է, որ «Դա անթույլատրելի շեղում է, եւ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, համարվում է էական խախտում։
  
Վերահսկիչ պալատի բացահայտումների համաձայն, արդյունահանված ոսկու 1501.7 կգ քանակին փաստացի որեւէ ավելացում չի կատարվել, քանի որ «աղքատացված զանգվածում ոսկու պարունակությունը առանց բավարար հիմնավորման՝ համարվել է զրոյական»։
  
Ըստ նախագծի, հանքային մարմնի եզրագծերում ոսկու միջին պարունակությունը տատանվում է տոննայում 0 գրամից մինչեւ 1 գրամ։ Նույնիսկ այս թվերը հիմք ընդունելու պարագայում, ըստ ՎՊ-ի, 118.0 հազ. տոննա աղքատացված զանգվածի մեջ ոսկու միջին պարունակությունը 0-ից տարբեր ցանկացած թվով հաշվարկելու պարագայում կստացվի ոսկու քանակի էական տարբերություն։ Մասնավորապես՝ եթե հիմք ընդունենք վերոնշյալ ցուցանիշի միջինը՝ 1 տոննայում 0,5 գրամ ոսկի, արդյունքում կստացվի 63.05 կգ ոսկի։ Թե ի՞նչ է եղել այդ ոսկին, գուցե գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն պարզեն։

ԱՆՏԵՍԵԼՈՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի կողմից իր ներդրումային պարտավորությունների անտեսումը միանգամայն սպասելի էր։ Ինչպես արդեն նշել ենք, ընկերության միակ մասնակից, 100% բաժնեմասի սեփականատեր «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն գրանցված է Կայմանյան կղզիներում, այսինքն՝ օֆշորային գոտում։ Բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնյաները պետք է պատասխանեն այն հարցին, թե Հայաստանի ոսկու կարեւորագույն հանքերի շահագործումն ինչո՞ւ է տրվել մի ընկերության, որի 100% բաժնեմասի սեփականատերը ոչ թե, ասենք, Գերմանիայում, Շվեյցարիայում կամ Ֆրանսիայում, այլ օֆշորային գոտում է գրանցված։
  
Կայմանյան կղզիներում գրանցված հենց այդ ընկերությունն էլ 2010թ. հուլիսի 22-ին, համաձայն բաժնեմասի գրավի պայմանագրի, ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի բանկում (ռուսաստանյան ՎՏԲ բանկի անգլիական մասնաճյուղ) գրավադրել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը ի շահ Կառլոու ԲիՎի ընկերության, որին ՎՏԲ Կապիտալ Փի-Էլ-Սի բանկի կողմից 2010թ. հունիսի 22-ին տրամադրվել է 250 000 000 ԱՄՆ դոլար վարկ։
  
Բաժնեմասի գրավի պայմանագրի 9-րդ կետի դրույթներով նախատեսված են մի շարք իրադարձություններ, վիճակներ, որոնց ի հայտ գալուն պես վարկառուի պարտավորությունները համարվում են չկատարված։ Այդ դեպքում, ինչպես պայմանագրով նախատեսված է, ՎՏԲ Կապիտալ բանկը ձեռք է բերում բացարձակ իրավունք գրավի տակ գտնվող ակտիվները փոխանցելու երրորդ անձանց՝ առանց գրավատուի համաձայնությունը ստանալու։
  
ՎՊ-ն անհրաժեշտ է համարում նշել վերահսկողության ընթացքում արձանագրված նաեւ հետեւյալ փաստը. Կառլոու ԲիՎի ընկերության կողմից ստացված 250000000 դոլար վարկի գումարներից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի հաշվին միջոցներ չեն փոխանցվել՝ այն դեպքում, երբ այդ ընկերությունը, համաձայն 29.02.2008թ. կնքված Սոթքի, ինչպես նաեւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերից «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման» համապատասխանաբար թիվ 368 եւ 369 լիցենզային պայմանագրերի համապատասխան դրույթների, ստանձնել է մի շարք ներդրումային պարտավորություններ։
  
Մասնավորապես՝ հանքաքարի վերամշակման նոր սարքավորումների եւ հանգույցների ձեռքբերում եւ տեղադրում, վերամշակման տեխնոլոգիաների կատարելագործումներ եւ արդիականացումներ, որոնք, ինչպես ՎՊ-ն է արձանագրել, մինչ օրս չեն իրականացվել։
  
Ավելին, կարծում ենք, արդեն պարզ է, որ եթե Կառլոու ԲիՎի ընկերությունը վարկառուի իր պարտավորությունները չկատարի, եւ ՎՏԲ Կապիտալ բանկը, գրավի տակ գտնվող ակտիվները երրորդ անձանց փոխանցելու իրավունք ձեռք բերելով, փոխանցի այդ ակտիվները, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ներդրումային պարտավորություններն այդպես կարող են մնալ չկատարված։

Նոյեմբեր 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր