

Երկրաբանական գիտությունների դոկտոր Հ. Ավագյան, Հրապարակ
«Դելովոյ էքսպրես» թերթի 2010թ. նոյեմբերի 5-ի համարում կարդացի «100 млн долл. Инвестиций в добычу золота» խորագրով հոդվածը, որն առնչվում է ՀՀ Սոտքի ոսկու հանքավայրին եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկային։ Հոդվածում գրված է, որ «Գեո Պրո Մայնինգ» ընկերությունը պատրաստվում է 2013թ. թողարկել Արարատի ոսկու կորզման կատարելագործված ֆաբրիկան, որի արտադրական հզորությունը կազմելու է 1,5 մլն տ հանքաքարի մշակում։
Մի կողմ թողնենք այն հարցը, որ խիստ կասկածելի է այդ ֆաբրիկայի կատարելագործման եւ նոր տեխնոլոգիայով («Ալբիոն») վերազինելու համար նախատեսված 100 մլն դոլար գումարի չափը։ Նշված հոդվածում կան ավելի կարեւոր թվեր, որոնց հեղինակը «Գեո Պրո Մայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյն է։ Վերջինս հայտնել է, որ «Ալբիոն» տեխնոլոգիան թույլ է տալիս վերամշակել ոսկու դժվար կորզելի հանքաքարերը եւ ոսկու մաքսիմալ կորզման պարագայում կատարել մինիմալ ծախսեր։
Շատ ուրախալի է, որ այդպես հնարավոր է՝ ոսկու մաքսիմալ կորզման (կարծում ենք՝ ոչ պակաս 98%-ից, քանի որ Սոտքի հանքաքարերի լաբորատոր-տեխնոլոգիական վերամշակման ժամանակ ՀՀ-ում ստացվել են 98%-ի չափով կորզումներ) պարագայում ունենալ մինիմալ ծախսեր (այս պարագայում «Գեո Պրո Մայնինգ» ընկերությունն այլեւս չի պահանջի ոսկու կորզման ֆաբրիկան Արարատ քաղաքից փոխադրել Սոտքի ոսկու հանքերի մոտակայք՝ Սեւանի ջրահավաք ավազան)։
Ընկերության նախագահը հայտնել է, որ «Նոր տեխնոլոգիայի ներդրումը թույլ կտա երեք տարվա ընթացքում ոսկու արդյունահանման քանակը մեծացնել 25-ից մինչեւ 150 հազ. ունցիայի»։ Համոզված ենք, որ այդ 150 հազ. ունցիա քանակը (մոտավորապես 4 հազար 665 կգ) պետք է կորզվի 1,5 մլն տ հանքաքարից, որը, մեր հաստատ համոզմամբ, դարձյալ խիստ անհավանական է։ «Գեո Պրո Մայնինգ» ընկերության նախագահն իր այս հայտարարությամբ նախապատրաստում է մեր ժողովրդին, այդ թվում նաեւ մեր կառավարությանը՝ հաշտվելու տեղի ունեցող եւ սպասվելիք թալանի ու խաբեության հետ։ Հիմնավորենք։
Սոտքի հանքավայրը Կանադայի եւ Հնդկաստանի ձեռներեցների կողմից շահագործվելուց հետո, հանքավայրում կատարված որոշակի վերագնահատման աշխատանքների արդյունքով ՀՀ բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության կողմից 2006թ. վերահաստատվել են Սոտքի հանքավայրի օգտակար տարրերի պաշարները հետեւյալ քանակներով՝ հանքաքարերինը՝ 25 մլն տ, ոսկունը՝ 1 մլն 67 հազ. 272 կգ, արծաթինը՝ 182,1տ, սելենինը՝ 39,7տ, տելլուրինը՝ 11,1տ։ Ոսկու միջին պարունակությունը հանքաքարերում կազմում է 6,6գ/տ, արծաթինը՝ 8,28գ/տ (22 մլն տ հանքաքարերում)։
Սոտքի հանքավայրի ընդերքից բաց հանքի եւ ստորգետնյա եղանակներով հանքաքարերի հավասար քանակներով արդյունահանելու պարագայում աղքատացումը նախագծով նախատեսված է 10%-ի չափով։ Այս պարագայում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա բերվող «ապրանքային» հանքաքարերում ոսկու միջին պարունակությունը պետք է կազմի 6գ/տ, իսկ արծաթինը՝ 7,52 գ/տ։ Արդյունահանման ենթակա 1,5 մլն տ հանքաքարերից կորզվող ոսկու քանակը 98%-ով կորզելու պարագայում պետք է կազմի 8 հազար 820 կգ եւ ոչ թե 4 հազար 665 կգ։ Կորզման ենթակա արծաթի քանակը պետք է կազմի 11 տոննա, որի մասին պարոն նախագահը ոչինչ չի ասել։ Այստեղից էլ հետեւում է, որ արծաթը չի կորզվելու եւ թափվելու է պոչամբար։
Ընդունենք, որ ոսկու (եւ արծաթի) կորզումը կլինի ոչ թե 98%, այլ ընդամենը 90%։ Այդ պարագայում էլ կորզման ենթակա ոսկու քանակը չի կարող կազմել 4 հազար 665 կգ։ Այն, նշված վատագույն կորզման պարագայում, կկազմի 8 հազար 100 կգ։
Այժմ քննարկենք «Գեո Պրո Մայնինգ» ընկերության նախագահի՝ արդյունաբերության գծով առաջին տեղակալ պարոն Կալանդաձեի հայտարարությունները. «Ոսկու արտադրությունը Հայաստանում պետք է համապատասխանի բնապահպանական համաշխարհային ստանդարտներին։ Երբ մենք ընտրում էինք տեխնոլոգիան, գլխավոր խնդիրը եղել է էկոլոգիան։ Դրան համապատասխան օրակարգից հանվել են այլ նախագծերը, որոնք տնտեսական առումով եղել են ավելի ձեռնտու, բայց զիջել են էկոլոգիական առումով։ Ընդհանուրում մենք ընտրել ենք այն տեխնոլոգիան, որը ներդրվում է ամենազարգացած երկրներում, որտեղ կան էկոլոգիական շատ կոշտ պահանջներ»։ Այնուհետեւ պարոն Կալանդաձեն ասել է. «Ընկերությունների խումբը հավաստում է, որ արտադրությունը բնապահպանական առումով կլինի ամենաբարձր մակարդակի»։
Հոդվածում նշված «Ալբիոն» տեխնոլոգիայի վերաբերյալ չկան մանրամասն տեղեկություններ այն մասին, թե Սոտքի հանքաքարերից ոսկուց բացի էլ ինչ տարրեր են կորզվելու։ Հոդվածում անգամ խոսք չկա արծաթի կորզման վերաբերյալ։ Դրանից էլ ելնելով՝ կարծում ենք, որ նշված տեխնոլոգիայով կորզվել է միայն ոսկին եւ ուրիշ ոչինչ, այդ պարագայում էլ բնական միջավայրի ինչ մակարդակի մասին կարող է խոսք լինել։ Պարոն Կալանդաձեն տեղյա՞կ է արդյոք, թե ինչ թունավոր տարրեր կան Սոտքի հանքաքարերում։ Կարծում ենք, որ ոչ, կամ տեղյակ է եւ լռում է։
Եթե պարոն Կալանդաձեն չգիտի (կամ գիտի եւ լռում է), ապա Հայաստանի երկրաբանները շատ լավ գիտեն, որ Սոտքի հանքաքարերում ոսկու եւ արծաթի հետ համատեղ բավականին բարձր պարունակություններով տարածված են սելեն, տելլուր, բերիլիում, մկնդեղ եւ այլ թունավոր (նույնիսկ իրենց միացությունների տեսքով) տարրեր, որոնք ոսկու հետ համատեղ չեն կորզվելու։ Չեն կորզվելու ոչ միայն այնպիսի բարձր տոկոսներով, որպիսին հայտարարել է պարոն Ռոման Խուդոլիյը, այլեւ չեն կորզվելու բոլորովին, եւ դրանք բոլորը հանքաքարերում առկա բավականին մեծաքանակ պիրիտ հանքանյութի հետ միասին թափվելու են պոչամբարներ եւ թունավորելու են Արարատ քաղաքի հարավարեւմտյան ծայրամասն այնպես, ինչպես որ թունավորվել է մինչ այժմ։
Կարծում ենք, որ պարոն Կալանդաձեի հավաստումները զուրկ են հիմքից եւ իրականության հետ չունեն ոչ մի առնչություն։ Այս կապակցությամբ ավելի կոշտ եւ կոպիտ բառեր չեմ ցանկանում օգտագործել, բայց մի բան, այնուամենայնիվ, պետք է ասեմ՝ մեծարգո պարոն Կալանդաձե, մեր ժողովուրդն այդքան պարզամիտ ու տգետ չէ, որ Ձեր հավաստումներին հավատա եւ խաբվի: Կգտնվեն շատ մարդիկ, որ կհասկանան եւ ձեր ասածները, եւ արածները։
Այժմ ցանկանում եմ խոսքս ուղղել ՀՀ կառավարությանը:
Ինձ զարմանք է պատճառել պարոն Ռոման Խուդոլիյի այն հայտարարությունը, որ՝ «Նոր տեխնոլոգիայի ներդրումը թույլ կտա երեք տարվա ընթացքում ոսկու արդյունահանման քանակը մեծացնել 25-ից մինչեւ 150 հազ. ունցիայի»։ Զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ մեր կառավարությունը հանքաշահագործողներին թույլ է տալիս անել ամեն ինչ.
1. հանքավայրերի ընդերքից արդյունահանել եւ մշակել օգտակար տարրերով առավել հարուստ հանքաքարերը, իսկ քիչ ավելի թույլ հանքայնացվածները, որոնք, այնուամենայնիվ, ընդգրկված են պաշարների մեջ, թողնել ընդերքում,
2. ցանկացած չափերով մեծացնել հանքաքարերի արդյունահանումն ու մշակումը, որի հետեւանքով էլ մեր լավագույն հանքավայրերը բարբարոսաբար շահագործվում են լավագույն դեպքում 10-20 տարիների ընթացքում՝ 100-200 տարիների փոխարեն, եւ «դեն են նետվում» փչացած ու ապականված տեսքով, այնպես, ինչպես կատարվել է Մեղրաձորի ոսկու հանքավայրի հետ։
Կարծում ենք, ավելի ստույգ՝ համոզված ենք, որ ՀՀ կառավարությունը հստակ արգելք պետք է դնի նման կերպ շահագործումների առջեւ։ Հանքավայրերը պետք է շահագործվեն տեւական ժամանակահատված, հանքաքարերից պետք է կորզվեն բոլոր օգտակար տարրերը եւ այն էլ շատ բարձր տոկոսներով, որպեսզի պոչամբարներում չմնան (կամ շատ քիչ մնան) ծանր մետաղներն ու թունավոր տարրերը, որպեսզի այդ աշխատանքներում տեղ ունենան ոչ թե մեկ, այլ մի քանի սերունդներ, որպեսզի բնության բարիքներից օգտվեն շատ սերունդներ։
Բնության բարիքները մեր ժողովրդին տրված անվճար պարգեւներն են, դրանք չի կարելի շռայլել ու փոշիացնել, դրանք պետք է օգտագործվեն խնամքով ու փայփայանքով, մեծ արդյունավետությամբ ու տեւական ժամանակահատված։ Այս կապակցությամբ հարգարժան ընթերցողներին ցանկանում եմ տեղեկացնել ԽՍՀՄ օրոք ընդունված շատ բարի ու մարդասիրական ավանդույթի մասին. հանքավայրերի շահագործման տեխնիկատնտեսական հիմնավորումները սովորաբար կազմվում էին 3 տարբերակով (հանքաքարերի արդյունահանման քանակներից ելնելով)։
Ընդունվում էր այն տարբերակը, որն ապահովում էր բավարար շահույթ եւ շահագործման տեւական ժամանակահատված։ Խոտանվում ու չէր ընդունվում այն տարբերակը, որն ապահովում էր շատ փոքր շահույթ եւ շահագործման շատ երկար ժամանակահատված, եւ այն տարբերակը, որն ապահովում էր շատ մեծ շահույթ եւ շահագործման շատ կարճ ժամանակահատված։ Գտնում ենք, որ այդ ավանդույթը (կարգը) պետք է պահպանվի նաեւ այժմ, առավել եւս այժմ։ Սոտքի հետ կապված ասենք նաեւ, որ ԽՍՀՄ օրոք Սոտքի ոսկու հանքավայրը նախատեսված էր շահագործել 150 տարի (հաշվի առնելով նաեւ հանքաքարերի ռեսուրսները), իսկ պարոն Խուդոլիյը մտադրվել է այն շահագործել 15-16 տարի, կորզել մեծամեծ շահույթներ, ծանր մետաղներով ու թունավոր տարրերով առլեցուն հարստապոչերը թափել մեր ժողովրդի «գլխին» ու հեռանալ Հայաստանից՝ մտովի ծաղրելով մեր ժողովրդի միամիտ կեցվածքը։
Նոյեմբեր 22, 2010
