

Սամվել Ալեքսանյան, «Սյունյաց երկիր»
Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի համար երկու տարի շարունակվող մարտերի մասին գրել ենք քանիցս, վերջին անգամ` թերթի հոկտեմբերի 26-ի համարում` «Մեղրու ոսկու հանքավայրի համար պայքարը թեժանում է» վերտառությամբ: Այդ հրապարակման մեջ նշել էինք, որ 2009-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ուժը կորցրած է ճանաչել «Սիփան-1» ընկերության Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան: Ընկերությունը կարողացել է, ի վերջո, նախարարի հրամանն ապօրինի ճանաչել Վճռաբեկ դատարանի զորությամբ: Դրանից երկու ամիս անց` 2010թ. հոկտեմբերի 1-ին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն արձակել է մի նոր հրաման եւ վերստին ուժը կորցրած ճանաչել վիճարկվող լիցենզիան: Գրել ենք նաեւ, որ «Սիփան -1»-ի սեփականատերերից մեկը` Սիլվա Համբարձումյանը (նշված հրապարակման մեջ սխալմամբ նրա ազգանունը Հակոբյան ենք գրել, ինչի համար ընթերցողի ներողամտությունն ենք հայցում), դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով սատար կանգնել ներդնողներին եւ ուշադրություն դարձնել դատական գործընթացին: Իսկ դատական գործընթացը վերսկսվել է արդեն: «Սիփան-1»-ը փորձում է կրկին ապօրինի ճանաչել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հերթական հրամանը: ՀՀ վարչական դատարանը ս.թ. նոյեմբերի 9-ին սկսել է «Սիփան-1» ՍՊԸ հայցի քննարկումը: Դատական գործընթացը շարունակվում է, եւ ընթերցողին տեղյակ կպահենք արդյունքների մասին:
Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շուրջ զարգացումներն այսօր մարզի հանրության ուշադրության կենտրոնում են, արվում են տարաբնույթ մեկնաբանություններ ու ենթադրություններ: Ուստիեւ փորձեցինք տեղում ծանոթանալ իրավիճակին եւ հնարավորինս հասկանալ հարցի էությունը, ինչի համար եւ նոյեմբերի 17-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն ընկերությունում էր:
… Աշխատանքային բնականոն մթնոլորտի ականատես եղանք այնտեղ, յուրաքանչյուրն իր գործով էր զբաղված. հանքավայր, լաբորատորիա, մեքենաների հավաքակայան… Այնուհետեւ զրույցի հրավիրեցինք ընկերության ՍՊԸ գործադիր տնօրեն (2009-ի հունիսի 1-ից է վարում այդ պաշտոնը) Արմո Ադամյանին: Հանքարդյունաբերության ոլորտում քառասուն տարվա աշխատանքային փորձ ունեցող տնօրենը (ավելի վաղ` «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ արտադրական բաժնի պետ), կարծեք, նոր լույս սփռեց ոսկու հանքավայրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, դրանց պատճառներին: Ստորեւ` նրա հետ ունեցած զրույցը:
– Պարո՛ն Ադամյան, նախ շնորհակալություն, որ ստեղծված ոչ ստանդարտ եւ լարված իրավիճակում, ինչն ավելի շատ նկատելի է Ձեր ղեկավարների հետ շփվելիս, համաձայնեցիք թերթի էջերում քննարկել «Սիփան-1»-ի վիճակն ու ընկերությանը հայտարարված պատերազմի որոշ հանգամանքներ:
Հենց նոր ականատես եղանք Ձեր գլխավորած ընկերության աշխատանքային առօրյային: Այդուհանդերձ` քանի՞ աշխատող են ներկայումս ընդգրկված «Սիփան-1»-ում:
– Ութսունհինգ աշխատող ունենք` հանրապետության տարբեր շրջաններից եւ հանքային ծննդավայրին հարակից գյուղերից. բանվորներ են, ինժեներատեխնիկական աշխատողներ:
Հետաքրքիր մի երեւույթ է վերջին շրջանում նկատվում` եթե մեղրեցին նախկինում խուսափում էր ստորգետնյա հանքում աշխատելուց, ապա այսօր այդպես չէ: Մեղրու շրջանից հիմա 12 հանքափոր ունենք: Ունենք նաեւ 253 դիմում. մարդիկ ուզում են մեզ մոտ աշխատել: Մասնագետները հիմնականում դրսից են. փորձառու, պրոֆեսիոնալ հանքագործներ են:
– Բնութագրե՛ք, խնդրեմ, արտադրական պրոցեսը:
– Զբաղված ենք հանքաքարի արդյունահանմամբ` միայն ստորգետնյա եղանակով, հանքաքարի տեղափոխմամբ եւ պահեստավորմամբ: Առայժմ` այդքանը:
Ուզում եմ նկատի ունենաք` ոսկու արդյունահանումը սովորաբար բաղկացած է երեք փուլից` արդյունահանում, հարստացում եւ ձուլում: Ինչպես ասացի, առայժմ միայն առաջին փուլն ենք իրագործում: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ այդ փուլն ընդգրկում է ոսկու արդյունահանման կամ ինքնարժեքի մոտ 60 տոկոսը:
Արտադրական այս փուլի համար ապահովված ենք անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում` արդիական:
– Մի քանի խոսք` հանքավայրի մասին:
– Հանքավայրը կոչվում է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայր: Տասնյակ տարիներ հանքավայրը հետազոտվել է, պաշարները ճշտվել են, նախնական տվյալներով կա մոտ 17տ ոսկու պաշար:
Հանքավայրը բազմաթիվ հանքուղիներ ունի, բոլորը վերանորոգել ենք:
Նախատեսում ենք հանքաքարի բաց եղանակով արդյունահանում եւս` հանքավայրի 16-րդ հանքուղուց (1420 մետրից) վերեւ գտնվող մակերեսում: Այդ ուղղությամբ մեր նախորդների կողմից որոշակի աշխատանք է կատարվել ժամանակին, բայց անելիքներ դեռ կան:
Ծննդավայրը կարծր ապարներից է բաղկացած` 14-16-րդ կարգի ապարներ են, գրեթե փլուզումներ չեն լինում:
– Իսկ հանքաքարի արդյունահանման ի՞նչ ծավալների մասին է խոսքը:
– Երրորդ ամիսն է, ինչ զբաղվում ենք զուտ արդյունահանմամբ: Ամսական արդյունահանում ենք միջինը 1200տ հանքաքար:
– Ծրագրեր ունե՞ք ներկա ծավալներն ընդլայնելու համար:
– Իհարկե: Ստորգետնյա հանքաքարի արդյունահանումը տարեկան կհասցնենք 40 հազար տոննայի, իսկ բաց եղանակով կարդյունահանենք 200 հազար տոննա, ինչին ձգտում ենք:
Վերն ասվածը Լիճքվազ-Թեյի հանքավայրի մասին էր: Բայց ունենք նաեւ Տերտերասարի հանքավայրը (այստեղից 8կմ հեռավորության վրա է գտնվում): Ի դեպ, Տերտերասարը ոչ հարուստ ծննդավայր է, որի հետազոտված պաշարները եւ ամրագրված տվյալներին: Այդ պարունակությունն ավելի քան կրկնակի զիջում են ծննդավայրի առանձին շահագործումը տնտեսապես արդյունավետ եւ ձեռնտու չէ:
Մեր այս ծրագրերը, եթե չխանգարեն, իրականություն կդառնան մեկ տարում, եւ կունենանք 400-450 աշխատատեղ:
– Բայց դրանք, որքանով հասկանում ենք, լուրջ ներդրումներ են ենթադրում:
– 2009-ի ապրիլից հանքավայրը տնօրինում է նոր սեփականատերը: Այդ ընթացքում կատարվել է մոտ 1.5 մլրդ դրամի ներդրում:
Առհասարակ լեռնահանքային արդյունաբերությունն աչքի է ընկնում մեծ ծախսատարությամբ, ծախսերի հետգնման տեւականությամբ: Նման ձեռնարկությունները սովորաբար բաժնետիրական են լինում եւ մի քանի ներդրողներ են ունենում: Մեր պարագայում նույնպես շատ կարեւոր են օտարերկրյա ներդրումները` ե՛ւ գումարի, ե՛ւ տեխնոլոգիաների տեսքով: Հիմա ներդրումների կոնկրետ առաջարկություններ ունենք. մասնավորապես, ֆաբրիկայի կառուցման առաջարկ: Սակայն այդ առաջարկությունները վերջնականապես չենք քննարկում, քանի դեռ մեզ վրա գրոհները շարունակվում են: Զգուշավորությունը` զգուշավորություն, բայց նոր ֆաբրիկայի կառուցումն օրախնդիր է: Նախկին ֆաբրիկան տնայնագործական էր` հին սարքավորումներով: Ավելի ճիշտ` դա չէր էլ կարելի ֆաբրիկա կոչել:
– Քիչ առաջ նշեցիք, որ աշխատողների զգալի մասը դրսից է: Հետաքրքիր է` կարողանո՞ւմ եք նրանց հոգսերը հոգալ:
– Դրսից 25 աշխատող ունենք, ովքեր բնակվում են մերձակա եվրոտնակներում` ապահովված կենցաղային անհրաժեշտ պայմաններով: Օրական երեք անգամ անվճար սնունդ ենք տալիս (հանքում աշխատող մեղրեցիներին` օրական մեկ անգամ):
– Եվ որքա՞ն է կազմում ամսական միջին աշխատավարձն ընկերությունում:
– 180 հազար դրամ, մաքուր աշխատավարձը մոտ 150 հազար դրամ է:
– Մեր զրույցի սկզբում ասացիք, որ հանքանյութն առայժմ պահեստավորում եք, մինչեւ ե՞րբ:
– Կուտակվող հանքաքարը կմշակենք կառուցվելիք ֆաբրիկայում. աշխատանքի համար մոտ մեկ տարվա պաշար ունենք պահեստավորած:
– Երբվանի՞ց է «Սիփան-1»-ը Մեղրիում:
– 2000 թվականից սկսել է Տերտերասարի հանքավայրի շահագործումը, բայց լիցենզիան, որքան էլ տարօրինակ է, ստացել է 2003-ին:
Տերտերասարի հանքավայրի վերին հորիզոններում օքսիդային հանքաքար է եղել, ոսկին եղել է ազատ վիճակում եւ կորզվել է գրավիտացիոն եղանակով: Երբ այդ շերտը յուրացվել է, ծննդավայրի միջին եւ ներքին հորիզոններում գործ են ունեցել սուլֆիդային հանքաքարի հետ, որի մեջ ոսկին գտնվում է այլ մետաղների հետ միացված, այլ մետաղներում ներծծված: Նման որակի հանքաքարից ոսկու կորզումն իրականացվում է միայն ֆլոտացիոն եղանակով: Եվ գործող ֆաբրիկան` սահմանափակ հզորություններով, ոչ պրոֆիլային սարքավորումներով, չէր կարող բավարարել սուլֆիդային հանքաքարից ոսկու կորզման պահանջները: Եվ առաջ եկավ նոր ֆաբրիկայի կառուցման կամ եղածի արդիականացման անհրաժեշտություն: Առկա սարքավորումներով սուլֆիդային հանքաքարից կարելի էր կորզել եղած ոսկու միայն 7-15 տոկոսը: Իսկ նոր ֆաբրիկայի կառուցման համար անհրաժեշտ էր ե՛ւ ժամանակ, ե՛ւ միջոց: Նախկին սեփականատերը, ով տասնյակ մլն դոլարի ներդրումներ էր կատարել այստեղ, փորձում էր նաեւ նոր ֆաբրիկա կառուցել. սարքավորումները ճանապարհին էին: Բայց… Տեղի ունեցավ անսպասելին ու անհասկանալին` ընկերությունը զրկվեց լիցենզիայից: Դա անակնկալ էր, անսպասելի հարված, եւ, բնականաբար, վիրավորվածության, չհասկացվածության զգացողություն առաջ եկավ: Արդյունքում սկսեցին ձեռնարկության ունեցվածքի շատ արագ ապամոնտաժումն ու վաճառքը: Վաճառվեց այն, ինչ հնարավոր էր: Մոտ 400-450 մարդ մեկ օրում դարձավ գործազուրկ: Սեփականատերը, բացի ֆաբրիկայից, ձեռք էր բերել ջարդման ժամանակակից արտադրամաս, ձուլարան, լաբորատորիա, օդամղիչ սարքավորումներ եւ այլն: Մարդիկ ժամանակակից հարմարություններով տնակային բանավան էին կառուցել: Հանքարդյունաբերության համար ստեղծվել էին գրեթե բոլոր ենթակառուցվածքները: Եվ կարճ ժամանակամիջոցում դրանց մեծ մասը փոշիացվեց:
Սովորաբար գործող ձեռնարկությունները վաճառվում են փաթեթով: Այս դեպքում… Ամեն ինչ վաճառվեց, փոշիացվեց, հանքերը թալանվեցին: Փաստորեն մենք զրոյից սկսեցինք, չկար ոչ մի աշխատող հանգույց` բացի լաբորատորիայից: Եվ հիմա, կարծեք, այդ պատմությունը կրկնելու միտում է դրսեւորվում:
– Այս պահին դատական գործընթաց է ընթանում…
– Լիցենզիայից զրկելուց առաջ, եթե նպատակն իրոք ազնիվ է, կարող էին չէ՞ ասել, հիշեցնել` այսքան ժամանակում այս-այս հարցերը լուծեք, փաստաթղթային թերությունները շտկեք: Իսկ իրենք… Տասնյակ մլն դոլարի ներդրումներ են կատարվել սկզբից ի վեր, իսկ հիմա ուզում են միանգամից զավթել:
2003-ին (Տերտերասար), 2004-ին (Լիճքվազ-Թեյ) լիցենզիաները տրվել են ՀՀ արդյունաբերության նախարարության կողմից: 2008-ին մեզ լիցենզիայից զրկել է բնապահպանության նախարարությունը: Հիմա էլ մեզ լիցենզիայից զրկում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Ինչպես տեսնում եք, ընդերքի կառավարումը վերջին յոթ տարում երեք անգամ ձեռքից ձեռք է անցել: Բոլոր անհստակություններն ու անկատարությունները նախեւառաջ դրանից են գալիս:
– Եվ, կարծեք, ակնհայտ է` ամեն գնով փորձում են հանքավայրի շահագործման լիցենզիան ձեզանից խլել, ինչո՞ւ:
– Դե երեւի ոսկու աննախադեպ բարձր գներն են այդ մարդկանց գայթակղում: Հավանաբար տեղյակ եք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ոսկու գները զգալիորեն աճեցին եւ շարունակում են աճել: Պատճառը հասկանալի է` ոսկին միակ կայուն վալյուտան է: Մի օր, իհարկե, գների վերընթացը կանգ կառնի, եւ կսկսի հակառակ պրոցեսը: Իսկ առայժմ բարձր գներ են համաշխարհային շուկայում: Եվ նման պայմաններում իրական դրդապատճառները թաքցնելով` հազար ու մի պատճառներ են մոգոնում` լիցենզիան ընկերությունից վերցնելու համար:
Նույն այդ մարդիկ շատ լավ օգտվում են բնագավառի տնօրինման-շահագործման մեխանիզմների անկատարությունից: Վերեւում արդեն մի օրինակ բերեցի: Հավատացեք, մեզ ներկայացվող որոշ պահանջներ մտացածին են: Ինքներդ դատեք` 2004-ին տվել են լիզենզիա, բայց լիցենզիոն պայմանագիր չի կնքվել: Օրենսդրությունը, մինչդեռ, պահանջում է լիցենզիան ստանալուց հետո ինը ամսում պայմանագիր կնքել: Չորս տարի հանքը տնօրինվել է, բայց միայն հիմա են հիշում, որ լիցենզիոն պայմանագիր չկա: Եվ հիշել են այն ժամանակ, երբ պաշարների վերագնահատմամբ ենք զբաղված եւ ձգտում ենք դրանից հետո պայմանագիր կնքել:
Պատկերացնո՞ւմ եք, երկար ժամանակ նույնիսկ հստակեցված չէր` ո՞ւմ հետ կնքել պայմանագիր` բնապահպանությա՞ն, թե՞ էներգետիկայի նախարարության հետ:
Պատկերացնո՞ւմ եք, այս ընթացքում մեզանից պահանջեցին այնպիսի հարցերի լուծում, որոնք սովորաբար նախատեսված են լինում պայմանագրով, որը… չկա: Եվ, կրկնում եմ, մարդիկ օգտվում են այդ անհստակությունից: Բա ինչո՞ւ մեզ չեն զրկում Տերտերասարի հանքավայրի լիցենզիայից:
– Եվ ի՞նչ է անում ձեր ընկերությունը ահագնացող այդ գրոհներին դիմագրավելու համար:
– Հիմա, արդեն ասվեց, դատական նոր գործընթաց է սկսվել` էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի հրամանն այս անգամ եւս ապօրինի ճանաչելու համար` մեր հայցի հիման վրա: Ընկերությունը խիստ վճռական է տրամադրված եւ ամեն ինչ անում է իր իրավունքները պաշտպանելու համար:
Մի բան միայն ավելացնեմ ասվածին` ուղղված լիցենզիան վերցնելու գործին լծված պաշտոնյաներին` պարոնա՛յք, այդպես չի կարելի վարվել մարդկանց հետ, արտադրողի հետ…
Հ.Գ. 1. «Առավոտ» թերթի ս.թ. նոյեմբերի 10-ի համարում «Հանքի նոր մուշտարի են գտել» վերտառությամբ հոդվածից իմացանք կողմերի դիրքորոշումը` ներկայացված նոյեմբերի 9-ի դատական նիստում:
Նախարարության հիմնավորումը` ա) «Լիցենզիան տրված է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի համար, իսկ դա տրվում է պաշարների վերահաստատման արդյունքում, օրենի ուժով, դեռեւս 2005թ. ապրիլի 3-ի դրությամբ: Հայցվոր կողմը չի բերել շահագործման նախագիծ, իննամսյա ժամկետում չի կնքել լիցենզիոն պայմանագիր, իսկ լիցենզիան ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքման պահից, հետեւաբար այդ լիցենզիան այլեւս չկա»: բ) Իրականում ընկերության կողմից շահագործվող տարածքն ավելի մեծ է, քան նշված փաստաթղթում:
Հայցվոր կողմի հիմնավորումը` «Բառախաղ են սարքել: Խնդիրն այն է, որ կոնցենսիայի մասին օրենքն ուղղակիորեն ասում է` պայմանագիրը կապում են ինը ամսվա ընթացքում, բայց եթե գնում է պաշարների վերահաստատում, ապա պայմանագիրը կնքում են վերագնահատումից հետո ինը ամսվա ընթացքում: … Սկսել ենք վերագնահատման փուլը, որը պետք է ավարտվի, որ գնանք լիցենզիոն պայմանագիր կնքենք»:
2. Հարցազրույցն ավարտել էինք, երբ ՍՊԸ գործադիր տնօրեն Արմո Ադամյանը հեռախոսով հավելեց հետեւյալը. «Որպեսզի Դուք լիովին հասկանաք ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պատկերացումները սկզբունքայնության եւ օրինապահության մասին, բերեմ եւս մեկ օրինակ: Մեղրու շրջանում կա բավարար չափով հետախուզված, պետական մարմինների կողմից հաստատված, արդյունաբերական նշանակություն ունեցող երկու հանքավայր` պղնձային եւ պղնձամոլիբդենային: Երկու ծննդավայրում էլ` առանձին-առանձին վերցրած, հանքային պաշարների համախառն գինը չի զիջում Լիճքվազ-Թեյ ծննդավայրի համապատասխան ցուցանիշին: Մեկը Լիճքի պղնձային հանքավայրն է, մյուսը` Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրը: Երկու հանքավայրում էլ լիցենզիան ստանալուց ի վեր, տարիներ շարունակ որեւէ աշխատանք չի կատարվել այդ հանքավայրերի շահագործման ուղղությամբ, ինչը նույնպես հակասում է գործող օրենսդրությանը: Հարց. ինչո՞ւ նախարարությունը չի մտահոգվում նաեւ այդ հանքավայրերի ճակատագրով»:
3. Արմո Ադամյանը, եթե հավատանք նրա խոսքերին, տեղյակ չէ, թե ում են պատկանում Լիճքի պղնձային եւ Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրերը, որոնց մասին խոսք եղավ: Մեղրիում, մինչդեռ, շարունակվում է խոսակցությունն այն մասին, որ այդ հանքավայրերից մեկի տերը բնապահպանության նախկին նախարար (ներկայումս` ԱԺ պատգամավոր) Վարդան Այվազյանն է:
4. Ինչպես տեղեկանում ենք "Առավոտ" օրաթերթի 2010թ. նոյեմբերի 24-ի համարից` "2010թ. դեկտեմբերի 3-ին կառավարության թիվ 1 մասնաշենքում տեղի կունենա ՀՀ տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման եւ եկամուտների երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով հանքային իրավունքի ձեւավորման առաջնահերթություն ստանալու ընդհանուր դասական աճուրդ: Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն աճուրդի մասին հայտարարություն է տարածել: Ի թիվս այլ հանքավայրերի` աճուրդում ներկայացված է նաեւ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հանքը շահագործելու լիցենզիան կասեցրել է` "Սիփան-1" ընկերությանը զրկելով հանքի շահագործման իրավունքից: Ավելի քան մեկ տարի է, ինչ ընկերությունը դատական ատյաններում վիճարկում է նախարարի այդ որոշումը: …Բանն այն է, որ 2009թ. հունիսի 23-ի որոշմամբ, ՀՀ վարչական դատարանը` դատավոր Ա.Միրզոյանի գլխավորությամբ, բավարարել էր «Սիփան-1» ՍՊԸ-ի փաստաբան Կարեն Թունյանի միջնորդությունը` արգելելով «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը ՀՀ Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական իրավունքն այլ անձի տրամադրելու, փոխանցելու վերաբերյալ որեւէ գործողություն կատարելը, ինչպես նաեւ այլ անձանց, առանց հայցվորի համաձայնության հանքավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը»: Իբրեւ հիմնավորում էլ նշվել էր այն, որ ընթացող դատական գործով հայցվորը, փաստորեն, փորձում է վերականգնել իր իրավունքները, որը ոտնահարել է ՀՀ կառավարությունը` Արմեն Մովսիսյանի թիվ 147-ԱԶ հրամանով, եւ այդ ընթացքում այլ գործողությունների ձեռնարկումը կդժվարացնի կամ անհնարին կդարձնի դատական ակտի կատարումը:
Հատկանշական է, որ արդեն 2010թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչական դատարանը` դատավոր Կ.Բաղդասարյանի գլխավորությամբ, հայցվորին ներկայացրած նույն հիմքով միջնորդությունը մերժում է` պատճառաբանելով, որ «Հայցվորը չի հիմնավորել, որ հայցը ապահովման միջոցներ ձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը»:
5. Սյունիքյան իրականությանը գոնե մի քիչ իրազեկ մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում մայրաքաղաքային մի քանի թերթերի կողմից հետեւողականորեն մատուցվող ինֆորմացիան (ենթադրությունը) առ այն, թե իբր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը "Սիփան-1"-ից լիցենզիան վերցնում է` Սյունիքի մարզպետին ընծայելու համար: Իրականում, մինչդեռ, հնարավոր չէ գոնե տեսականորեն պատկերացնել այն վիճակը, երբ Արմեն Մովսիսյանը դատական ատյանների հետ կռիվ է տալիս, անընդհատ արժանանում մամուլի խարազանումներին` Սուրեն Խաչատրյանի համար լիցենզիա ձեռք բերելու համար: Թերթային այդ հրապարակումներն իրական խաղացողներին թաքցնելու պրիմիտիվ հնարանքի տպավորություն են թողնում: Մի քիչ էլ տարօրինակ է Սիլվա Համբարձումյանի` Արթին պապի հանգույն, թագավորին նամակ հղելն ու արդարություն փնտրելը: Երանի թագավորը տեղյակ չլիներ այդ ամենին եւ նախագահական հասած նամակից միայն իմանար, որ Մեղրու ոսկու հանքավայրի շուրջ կռիվ է ընկել: Երանի "Սիփան-1"-ին էլ լիցենզիան հասած լիներ ոչ այն ճանապարհով ու մեթոդով, ինչ ճանապարհով ու մեթոդով ուզում են նրանից խլել: Իսկ օրենսդրության ինչ-որ կետեր այս կռվում երկուստեք վկայակոչելը շուլուխի տպավորություն է թողնում եւ դժվար թե բուն գործընթացի հետ կապ ունենա:
Եվ, իբրեւ վերջաբան, մի բան կարող ենք ստույգ արձանագրել` բնական պաշարների օգտագործման ոլորտում գործերը շատ վատ են երկրում: Եվ ոլորտն այդ վիճակից կարող է դուրս գալ բացառապես մեկ ճանապարհով` պետական շահին գոնե մի քիչ տեղ տալով:
Դեկտեմբեր 02, 2010
