ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄ, ՈՐԸ ՆՄԱՆ ԷՐ ՇՈՒԿԱՅԻ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԼՍՈՒՄ, ՈՐԸ ՆՄԱՆ ԷՐ ՇՈՒԿԱՅԻ

Գալուստ Նանյան,  էկոԼուր

Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի գյուղապետարանում օրեր առաջ «կռիվ էր ընկել»: Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը ուզում էր՝ իր գյուղի միակ հանքավայրը շահագործվի, իսկ  Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը դեմ էր, ու բացատրում էր, որ դրանով խախտվում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքն, այն է, որ, ըստ նույն օրենքի 10-րդ հոդվածն արգելում է Սեւանի ավազանում վերամշակման գործունեություն:

Արդեն երկու տարի է «Գեգամետ պլյուս» ընկերությունը Սևանա լճից 2 կմ հեռավորության վրա վերամշակում է  դունիտ-պերիդոտիտների եւ քրոմաքարի հումք, որի արդյունքում գործունեության ընթացքում առաջացած փոշին, ըստ բնապահպանների անցնում է լճի էկոհամակարգ:

Հայտնի է, որ վերը նշված ընկերությունը «հովանավորում» է ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ով ամիսներ առաջ հայտարարել էր, որ հանքանյութերի մանրացումը քիմիական գործընթաց չի ենթադրում, չի խախտում օրենքներն ու բնապահպանական չափորոշիչները, անգամ նպաստում է Սեւանա լճի շրջակա միջավայրին: «Առաջին հերթին գործարանի շահագործումը կնպաստի անձրեւային հոսքին Սեւանա լիճ, բացի այդ, արտադրվելու է մագնեզիումի ավազ, որն օգտագործվում է ճահիճների չորացման համար, որոնք ձեւավորվել են լճի շուրջ»,- լրատվամիջոցներից մեկին ասել էր ԱԺ պատգամավորը:

Այսպես, դեռ պետական գերատեսչությունը եւ հանձնաժողովը չէին հասցրել իրենց մերժումներն ասել «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ի Սեւանա լճի ավազանում վերամշակող ձեռնարկության շինարարության նախագծի համար, երբ նույն ընկերությունը «շտկումներ» անելով հին նախագծում, ի դեպ, հին նախագծի վերնագրի մեջից դուրս բերելով «վերամշակում» բառը, ուղարկեց հետ հաստատման:

Ինչպես ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանն է հայտնում նախագծի փաստաթղթերի փաթեթը ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական բնապահպանական փորձաքննություն, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով, ովքեր չէին ընդունել նախկին նախագիծը հղում անելով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին, որով  ուղղակիորեն արգելում է հանքանյութերի վերամշակման գործունեությունը Սեւանի ավազանում:

Այսօր փաստ է, որ ընկերությունը արդեն կառուցել է ձեռնարկության առաջին մասնաշենքը, որտեղ բաց եղանակով կատարվում է արտադրություն:

Շորժայի գյուղապետարանում Վ. Գասպարյանը հայտարարեց, որ  ներկա պահին իրենք իրականացնում են գործարանի մոդեռնիզացիա, որը իրականացվում է համաձայն նախագծի, ինչը իրականացրել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն:

«Պրոյեկտով նախատեսված են եւ մաքրման կայաններ, եւ շրջադարձային ջրամատակարարում, եւ փոշեկլանման համակարգերի տեղադրում: Այս ամեն ինչը ներկայացված է պրոյեկտով, որը ներկայումս ներկայացված է փորձաքննության: Գործարանի հզորությունը նախատեսած է տարեկան 200.000 տոննա արտադրողականություն, որի համար նախատեսված սարքեր-սարքավորումները ձեռք են բերվել հիմնադիրների կողմից տրամադրված միջոցներով: Գործարանի աշխատանքային հզորությանը հասնելու համար պլանավորվում է 270 աշխատեղ բացել»,- բացատրեց «Գեգամետ պլյուս» ՓԲԸ-ի ֆինանսների գծով տնօրեն Հրայր Մելքումյանը:

Ընկերության գլխավոր երկրաբան Սուրեն Գոգինյանն էլ իր հերթին հայտարարեց, որ երկրորդ նախագծով վերամշակում չի իրականացվի: «Շորժայի հանքավայրում, որին ասում են դունիտներ եւ պերոդոտիտներ, դրանք քարեր են, ինչպես բազալտը, գրանիտը, որոնց մեջ կան տարբեր միներալներ: Մետաղներ չկան: Միներալներից մեկը քրոմիտն է: Ինչո՞ւմն է բանը: Եթե խոսքը վերաբերեր բազալտի վերամշակմանը, մի՞թե այսքան աղմուկ կբարձրանար: Էսօր մեր խնդիրը ջոկել-առանձնացնելն է, այսինքն՝ հանքավայրից վերցնել դունիտներն ու պերոդոտիտները, լցնում ենք ջարդիչի մեջ, մանրացնում է, ջրի հետ գնում է աղացի մեջ, որը բացառում է փոշու բարձրացումը եւ գնում է սեղանների վրա՝ կատարում է այն, ինչ ասացի, եւ առանձին-առանձին տալիս է մեզ»: Ըստ երկրաբան Գոգինյանի վերամշակումն այն է, երբ առկա է քիմիան: Այս դեպում սակայն, ինչպես երկրաբանը շեշտեց միակ փոշին, որ կստացվի աշխատանքներից, դա կլինի բաց տարածքներում բուլդոզերների եւ էքսկավատորների աշխատանքից: «Մնացածը կատարվում է փակ տարածությունում՝ ընդհուպ մինչեւ բարձել-ուղարկելը»,- ասաց Ս. Գոգինյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես հայ է եւ սիրում է, ինպես Սեւանը, այնպես է հայրենիքը

Շարունակելով ընկերության երկրաբանի խոսքը պարոն Գասպարյանը հավելեց, որ բնապահպանները կարող են ուսումնասիրել իրենց ներկայացրած երկրորդ նախագիծը եւ համոզվել, որ դա վնասակար չէ:

«Գեգամետ պլյուս»-ի տնօրենը եւս մեկ անգամ դրական գնահատեց փոշու լիճ հասնելը, քանի որ, ըստ նրա, դա կարող է բնական ֆիլտրի դեր հանդիսանալ:

«Ինչու բա չեք խոսում մեր հարեւանությամբ գործող  Արդանիշի «Միկացեմենտ» ընկերության ավազի արդյունահանման հանքավայրի մասին»,- հարց հղեց բնապահպաններին «Գեգամետ պլյուս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Գասպարյանը: «Իսկ ինչ գիտեք, որ դրա մասին չենք բարձրաձայնում»,- արձագանքեցին հանդիպմանը ներկա բնապահպանները:

«Մեր գործարանն իրականացնում է միայն մեխանիկական մշակում, եթե դրա անունը էկոլոգների լեզվով դնում ենք վերամշակում, ուրեմն՝ դա վերամշակում է, բայց մեր կարծիքով՝ մասնագիտական մոտեցում կիրառելով՝ դա վերամշակում չէ, որովհետեւ այն, ինչ անում է բնությունը, բնությունը եւս քայքայում է, մենք այդ գործընթացն անում ենք արագացված կերպով»,- հայտարարեց Հրայր Մելքումյանը` ավելացնելով, որ հանքավայրը մետաղների հանքավայր չէ. «Իսկ էն 1-2%-անոց քրոմը, որի մասին խոսվում է, ցեմենտի հումքի մեջ չի կարող օգտագործվել: Իսկ որպեսզի մենք կարողանանք այդ դունիտներն իրացնենք, պետք է քրոմը հանենք: Հակառակ դեպքում` կստացվի, որ այդ դունիտները եւս իրացման ենթակա չեն»:

Բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը, ով նույնպես ներկա էր «քննարկմանը» հայտնեց, որ նախորդ նախագծի վերնագրում ամրագրված է եղել «վերամշակում» բառը: «Ակադեմիայում անգամ մեծ աղմուկ բարձրացվեց «վերամշակում» բառի վերաբերյալ՝ առանց նախագիծը նայելու»:

Ծիծաղելի է, որ ընդամենը վերնագրից դուրս է բերվել «վերամշակում» բառը, այն ինչ նախագծի մեջ ինքներս նկատեցիքն, որ մի քանի տեղ ամրագրված էր վերամշակում բառը, ինչին, ըստ երկրաբան Գոգինյանի դրան պետք չէ ուշադրություն դարձնել. «Վրիպել ենք»:

Ըստ Կ. Մովսիսյանի երկրորդ նախագիծը ինքը դեռ չի ուսումնասիրել եւ ոչինչ ասել չի կարող. «20-50 օրյա ժամկետում կտրվի դրա փորձաքննության եզրակացությունը, թե ինչ եզրակացություն այս պահին չեմ կարող ասել»:

«Մեր արտադրանքը լինելու է խտանյութ, որը պարունակելու է որոշակի քանակությամբ քրոմ, եւ լինելու է դունիտ, որը ներկայումս արտահանվում է: Ինչքան ընդերքից վերցնենք, նույնչափ լինելու է պատրաստի արտադրանքը, այսինքն՝ մենք թափոններ չենք ունենալու»,- հայտնեց ընկերության ֆինանսական գծով տնօրեն Հ. Մելքումյանը:

Այն հարցին, արդյոք ընկերությունը ունի շուկաներ եւ որ երկրներ ունեն նմանատիպ խտանյութի կարիք, բանախոս Մելքումյանը դժվարացավ պատասխանել:

Պարզվեց, որ 571 բնակիչ ունեցող Շորժայում, հասարակական լսումների մասին իմացել են միայն գործարանի եւ գյուղապետարանի աշխատողները: Չնայած որ գյուղապետը հասարակական լսումների  կարգի համաձայն այդ մասին հայտարարություն էր տպագրել «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում եւ անգամ «չալարելով» դրանից արտագրված, մեծ տառերով հայտարարություն էր փակցրել գյուղապետարանի  պատին:

«Ով ցանկություն ունի, կարող է մասնակցել, ով՝ ոչ, հարսանիքի հրավիրատոմսեր չէինք բաժանելու»,- ասաց գյուղապետ Ս. Շուշանյանը:

Ներկաներից գրեթե բոլորը «ատամները սրած» պատե, թե անպատե միջամտում էին բնապահպաններին ու նշում. «Որ էդքան մտածում եք Սեւանի մասին, արեք այստեղ ապրեք: Ինձ Սեւանը պետք չի: Ինձ ինչ Սեւանը, որ այսօր սոված եմ»:

Գյուղապետի մոտավորապես 12 քմ աշխատասենյակում հավաքվածները ուշադիր լսում էին միայն ընկերության ներկայացուցիչներին: Իսկ երբ փորձում էինք ինքներս  ճշտումներ անել, օրինակ , Վ. Գասպարյանից «պադերժկա» անող տղաները պլուս մեկ  կին, որը հետո պարզվեց, որ գյուղապետի քարտուղարուհին է սկում էին կապները կտրած «հարցակողական» դիրք գրավել:

Ի դեպ, քննարկման ողջ ընթացքում գյուղապետարանի քարտուղարուհին ակտիվ իր գործունեությամբ գրանցման թերթիկը առած վազում էր դես ու դեն եւ, գյուղապետարանի միջանցքում ու բակում կանգնած «մասնակիցներին» թերթիկը  տալով, «գրանցում եւ ստորագրություններ» էր «կորզում», որ իբր թե նրանք էլ են մասնակցել հասարակական լսումներին:

Երբ վերջում հարցրեցինք. «Իսկ ուր է արձանագրությունը», նույն քարտուղարուհին պատասխանեց.  «Իսկ ինչ է, այդպես բան էլ պիտի լինի»: Նույն հարցը հղեց  նաեւ Սիլվա Ադամյանը, ում ինքս պատասխանեցի. «Չկա ասում են հետո կկազմեն»:

Ընկերության ղեկավարը, այդ ողջ ընթացքում, ոչ թե նյարդներին պետք էր տար, այլ պետք էր այդ փաստին ուշադրություն դարձներ, եւ ոչ թե բոլոր ներկաներին հորդորեր, որպեսզի միասին նամակ գրեն բնապահպանների դեմ:

Հ.Գ.  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2010 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում «Գեգամենտ պլույս» ընկերությունը գրավել է 682-րդ հորիզոնականը: Այն է, որ ընկերությունը նշված ամիսներին ՀՀ պետական բյուջե հարկերի տեսքով վճարել է ընդամենը 77 436,5  հազար դրամ:

Դեկտեմբեր 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր