ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՆՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻՆ

ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՆՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻՆ

Արփինե Սիմոնյան, Առավոտ

Սյունիքի մարզի Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը նոր շահագործող ունի


Դեկտեմբերի 3-ին կառավարության թիվ 1 մասնաշենքում տեղի ունեցավ Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հանքավայրերի դասական աճուրդ: Ի թիվս այլ հանքավայրերի, աճուրդում ներկայացված էր նաեւ Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը: 198 միլիոն դրամով շահագործման իրավունքը շահեց «Սագամար» ՓԲԸ-ն: Ի դեպ, այս հանքով հետաքրքրվող երկու մասնակից էր ներկայացել աճուրդին, շահագործման իրավունք ստանալու համար էլ հանքի մեկնարկային գինը 180 միլիոն դրամ էր: Հիշեցնենք, որ նախքան Լիճքվազ-թեյը աճուրդի հանելը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վերոնշյալ հանքի շահագործող «Սիփան 1» ընկերությանը զրկել էր շահագործման իրավունքից՝ վաղաժամ կասեցնելով լիցենզիան: Եվ արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ընկերությունը դատական ատյաններում վիճարկում է նախարարի այդ որոշումը: «Առավոտը» էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե Լիճքվազ-թեյի ոսկու հանքը աճուրդի հանելով չի՞ խախտվում «Սիփան 1»-ի անմեղության կանխավարկածը:

«Ինչի՞ մասին է խոսքը, թող իրենք շարունակեն իրենց իրավունքների վերականգնման գործընթացը, ցանկացած ժամանակ կարող ենք հանքը վերցնել ու տալ իրենց: Ովքեր այսօր աճուրդում շահեցին հանքի շահագործման իրավունքը, պետությունը իրենց գումարը կվերադարձնի եւ հանքն էլ կվերցնի ու կտա «Սիփանին»,- վստահեցրեց նախարարը: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ վարչական դատարանը, բավարարելով «Սիփան 1» ՍՊԸ-ի միջնորդությունը, արգելել էր նախարարությանը վերոնշյալ հանքավայրի հանքարդյունաբերման իրավունքն այլ անձի տրամադրելու վերաբերյալ որեւէ գործողություն կատարելը, ինչպես նաեւ այլ անձանց, առանց հայցվորի համաձայնության, հանքավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը: Դատարանը հստակ հիմնավորել էր իր այդ որոշումը՝ նշելով, որ ընթացող դատական գործով, հայցվորը, փաստորեն, փորձում է վերականգնել իր իրավունքները, եւ այդ ընթացքում այլ գործողությունների ձեռնարկումը կդժվարացնի կամ անհնարին կդարձնի դատական ակտի կատարումը: Դատարանի այս որոշմանն անդրադառնալով՝ պարոն Մովսիսյանը պարզաբանեց, թե հնարավոր է՝ դատական գործընթացները տարիներով ձգվեն, դա չի նշանակում, թե տնտեսությունը կամ որեւէ գործընթաց պետք է կանգնեցնել. «երբ որ դատարանը համապատասխան որոշում կայացնի, մենք էլ համապատասխան լուծումը կգտնենք»:

ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

Արարատ Դավթյան, Հետք

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամաններից մեկը Վճռաբեկ դատարանը համարել է անօրինական, իսկ նախարար Մովսիսյանը նույն` ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ:

Արդյունքում «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում է Մեղրու Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան, հայտնվելով դատական կարուսելում, նախարարին փորձում է նորից «համոզել»` գործել օրինական դաշտում ու չգերազանցել պաշտոնեական լիազորությունները:

«Ախր, այդ հարցը մեկ անգամ արդեն քննել ենք ու վերջացրել: Այդ ծամոնը բազմակի օգտագործման համար չէ. այն մեկանգամյա է, այդպես չի կարելի»,- անդրադառնալով Մովսիսյանի գործելակերպին` ասում է «Սիփան-1»-ի փաստաբան Կարեն Թունյանը:

Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը 1999 թ. տրվեց «Սիփան-1» ընկերությանը: 2005 թ. «Սիփան-1» ՍՊԸ-ն գնեց ավստրալական «Այբիրիան Ռիսորսիզ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 86,21 տոկոսն ավելի ուշ ձեռք բերեց ավստրալական մեկ այլ ընկերություն` «Թամայա Ռիսորսիզը»: 2008-ի սեպտեմբերին «Թամայան» որոշեց «Հայաստանում այլեւս լրացուցիչ ռեսուրսներ չներդնել»:

Ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնված ավստրալացիները հայտարարեցին սպասվածից ցածր պաշարների մասին, եւ որոշ ժամանակ անց «Սիփան-1»-ը գնեց հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը:

Նա ունի մեկ տասնյակից ավելի հանքավայրերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաներ: Սիլվա Համբարձումյանը վերջերս գնել է Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի հացի երեք գործարանները:

«Սիփան-1»-ին տրված հանքավայրերի արտոնագրերը 2004 թ. փոխարինվել են հանքարդյունահանման նոր լիցենզիաներով, ինչից հետո 9-ամսյա ժամկետում ընկերությունը պետք է կնքեր լիցենզային պայմանագրեր, որպեսզի իրավունք ստանար հանքավայրերը շահագործելու:

Տերտերասարի դեպքում հիշյալ պայմանագիրը «Սիփան-1»-ը կնքել է, իսկ Լիճքվազ-Թեյի մասով Օգտակար հանածոների պաշարների գործակալությունն (ՕՀՊԳ) ընկերությանն արձանագրային հանձնարարական է տվել` պաշարների վերահաստատման նպատակով կատարել լրահետախուզման աշխատանքներ:

Սա նշանակում է, որ պայմանագրի կնքման համար օրենքով սահմանված 9-ամսյա ժամկետը պետք է հաշվարկվի լրահետախուզման աշխատանքների ավարտից հետո:

2006թ. մայիսին տեղի է ունեցել ԲՆ ընդերքօգտագործման հարցերով խորհրդի նիստ` բնապահպանության փոխնախարար Արսեն Դարբինյանի նախագահությամբ:

Ցույց տալով Խորհրդի նիստի արձանագրությունը` փաստաբան Կարեն Թունյանն ասում է. «Սա ուղղակի վկայում է` զեկուցողը` ՕՀՊԳ-ի պետ Խ. Սապոնջյանը, տեղեկացնում է, որ «Սիփան-1»-ը ներկայացրել է վերագնահատման աշխատանքները եւ առաջարկել երաշխավորել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ին, որ այդ լրահետախուզման աշխատանքները վերահսկի: Այդպես էլ վարվել են. որոշում են կայացրել, եւ լրահետախուզման աշխատանքները ստացել են պետական գրանցում»:

Նույն թվականի դեկտեմբերին «Սիփան-1» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարությանը ներկայացրել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծ ու շահագործման թույլտվություն խնդրել:
Փոխնախարար Արսեն Դարբինյանը գրավոր պատասխանել է, թե քանի որ հանքավայրը գտնվում է պաշարների լրահետախուզման եւ վերագնահատման փուլում, «նախարարությունը նպատակահարմար է գտնում հանքավայրի շահագործման նախագծի վերջնական քննարկումներն իրականացնել այդ աշխատանքների ավարտից հետո»:

Պաշտոնական տվյալներով` Լիճքվազ-Թեյի հանքավայրում ոսկու պաշարը 17 տոննա է: Բնապահպանության նախարարության գնահատականով` լրահետախուզումը «կբերի պաշարների զգալի աճի, ինչպես արտահաշվեկշռային պաշարների վերագնահատման, այնպես էլ նոր հանքային մարմինների հայտնաբերման հաշվին»: Սա էլ, ինչպես փոխնախարար Դարբինյանն է նշել, «հավանաբար, կբերի հանքավայրի բացման եւ մշակման սխեմայի փոփոխմանը»:
«Սիփան-1»-ը լրահետախուզման աշխատանքները պետք է ավարտեր մինչեւ 2009 թվականը: 2008-ի դեկտեմբերին ընկերությունը դիմել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն ու, հղում անելով ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին, խնդրել հիշյալ ժամկետը երկարացնել 2 տարով:
«30-օրյա ժամկետում, «Վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, նախարարությունը տեղեկացնում է, որ պահանջել է լրացուցիչ նյութեր, որոնք ստանալուց հետո էլ «Սիփանին» կպատասխանի: Նույն օրենքը սահմանում է, որ պատասխանի տրամադրումը չպետք է գերազանցի 45 օրը, ու եթե սահմանված ժամկետում հայցվող իրավունքը քեզ չեն տվել, այն համարվում է տրված»,- պարզաբանում է փաստաբան Թունյանը:

Ստացվում է, որ ընկերության դիմումն անպատասխան թողնելով` նախարարությունը մեխանիկորեն բավարարել է վերջինիս` լրահետախուզման ժամկետը 2 տարով երկարացնելու խնդրանքը:

Բայց եթե նույնիսկ այդպես չէ, եւ նշյալ ժամկետը 2008-ի դեկտեմբերի 31-ին լրացել է, «Սիփան-1»-ը լիցենզային պայմանագիրը կնքելու համար 9 ամիս ուներ` մինչեւ 2009 թ. հոկտեմբեր:

Սակայն 2009 թ. մարտին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով «Սիփան-1» ՍՊԸ-ն զրկվել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից:

Նախարարը 5 տարի անց հիշել է, որ 2004-ին տրված լիցենզիայից հետո 9 ամսվա ընթացքում ընկերությունը պարտավոր էր կնքել լիցենզային պայմանագիր, իսկ լրահետախուզման հանձնարարականի մասին Մովսիսյանը, չգիտես ինչու, «մոռացել է»:

«Սկզբում «Սիփան-1»-ը փորձել է առաջնորդվել վարչարարության մեկ այլ սկզբունքով: Քանի որ նախկինում մի քանի ընկերությունների լիցենզիաներ առանց աճուրդի տրվել են նույն ընկերություններին, «Սիփան-1»-ը խնդրել է այդ կերպ վարվել նաեւ իր հետ: Որովհետեւ վարչարարություն է, եթե մեկի նկատմամբ դա կիրառում ես, ուրեմն պետք է կիրառես նաեւ մյուսի հանդեպ: Բայց, բնականաբար, մերժել են»,- մանրամասնում է Կ. Թունյանը:

Ընկերությունը դիմել է վարչական դատարան` նախարարի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով: Հայցը մերժվել է: Սակայն քննության ընթացքում դատավոր Արծրուն Միրզոյանը կիրառել է հայցի ապահովման միջոց` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն արգելելով որեւէ մեկին, առանց հայցվորի համաձայնության, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել կամ հանքավայրի հանքարդյունաբերման իրավունքն այլ անձի փոխանցել:

Թունյանի խոսքով` սա շատ կարեւոր է, քանի որ հակառակ դեպքում, «եթե լիցենզիայի իրավունքը տրամադրվի ինչ-որ մեկին, ընկերության իրավունքի վերականգնումն անհնարին կդառնա»:

Այս տարվա հունիսին Արմեն Մովսիսյանը «Սյունյաց աշխարհ» թերթին ասել է, թե Լիճքվազ-Թեյի հանքավայրը 1-1,5 ամսվա ընթացքում կհանվի աճուրդի, ու հավանական չէ, որ լիցենզիան տրամադրվի նույն անձին (Սիլվա Համբարձումյանին):

Նախարարը նաեւ շեշտել էր, որ հանքով հետաքրքրվողներ կան: Հետաքրքիրն այն է, որ հենց հաջորդ օրը Վճռաբեկ դատարանը բեկանել է վարչական դատարանի որոշումը եւ նախարար Մովսիսյանի հիշյալ հրամանն ապօրինի ճանաչել:

Այս որոշումը հրապարակման պահից ստացել է օրինական ուժ եւ այլեւս փոփոխման ենթակա չէ: Ուստի «Սիփան -1»-ը սկսել է փորձաքննությունների գործընթացը` լիցենզային պայմանագիրը կնքելու համար: Սակայն նախարար Մովսիսյանը հոկտեմբերի 1-ին արձակել է երկրորդ հրամանը` նորից նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:

«Սիփան-1»-ն էլ ստպված փորձում է երկրորդ անգամ մտնել նույն գետը: Ընկերությունը կրկին դիմել է վարչական դատարան, ու թեեւ Վճռաբեկ դատարանը խնդիրը, ըստ էության, հանգուցալուծել է, վարչական դատարանը նորից հայցը մերժել է:

«Ախր, դուք չէ, որ պիտի դա քննարկեք այլեւս, դուք չէ, որ պետք է կասկածեք երկրի բարձրագույն դատական ատյանի որոշման վրա, դուք դրա իրավունքը պարզապես չունեք»,- նշում է իրավաբան Թունյանը եւ հավելում, որ Եվրադատարանում ընկերությունը կհաղթի, «որովհետեւ իրավունքի խախտումն ակնհայտ է»:

Ուշագրավ է նաեւ, որ վարչական դատարանն այս անգամ նախարարությանը չի արգելել հանքավայրի հետ կապված որոշակի գործողություններ կատարել: Այս որոշմանը, վերաքննության կարգով քննելիս, Արծրուն Միրզոյանը եւս հավանություն է տվել: Սա այն դատավորն է, ով նախորդ անգամ նույն հիմքերի առկայությամբ միանգամայն հակառակ որոշում էր կայացրել:

Այժմ «Սիփան-1» ՍՊԸ-ի բողոքը Վճռաբեկ դատարանում է, իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը դեկտեմբերի 3-ին հանելու է աճուրդի, որին «Սիփան-1»-ը մասնակցելու իրավունք չունի: Փաստաբան Կարեն Թունյանը համոզված է, որ այս անգամ էլ Վճռաբեկը կառաջնորդվի օրենքով, քանի որ «տնտեսվարման մեջ կան կատեգորիաներ, որոնց հետ չի կարելի խաղ անել»:

«Դա թղթախաղ չէ, որ այսօր մեկի մոտ ստացվի, հաջորդ անգամ` մյուսի: Ընդհանուր կանոններ կան, ներդրումային դաշտի ձեւավորումը շատ նուրբ է, եւ այն, ինչ կոտրում ես, տասնյակ տարիներ այլեւս կարող է չվերականգնվել»,- ասում է փաստաբանը: Այս ամբողջ պատմությունը նա բնորոշում է իբրեւ «չինովնիկական կամայականության յուրահատուկ դրսեւորում»:

Իսկ պատճառն այն է, որ չինովնիկը շատ լավ գիտի, որ իր գործողության արդյունքում պատճառված վնասը հատուցելու է պետությունը:

«Ես չեմ հիշում մեկ դեպք, երբ պետությունը հակընդդեմ հայցով որեւէ պաշտոնյայի ասած լինի` լսիր, ես քո փոխարեն այսքան վնաս կրեցի, գրպանիցդ հանիր, դիր տեղը»,- ասում է Կ. Թունյանը: Նրա խոսքով, եթե գործը հասավ Եվրադատարան, ընկերությունն իբրեւ փոխհատուցում առնվազն կպահանջի ներդրած ողջ գումարը` 11-12 մլրդ դրամ: Եվ այն, բնականաբար, կվճարվի ՀՀ պետական բյուջեից:

Դեկտեմբեր 07, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր