

ԱրմԻնֆո
Ինտերնետ հանրությունը միավորվել է Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու Deno Gold Mining ընկերության ծրագրերի դեմ:
Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ, որի անդամ են դարձել հայտնի բնապահպաններ, կանաչ ակտիվիստներ և լրագրողներ: Ինչպես հայտնի է, նման խմբերի գործունեությունը չի սահմանափակվում միայն ինտերնետով: Վառ օրինակը «Մենք ենք այս քաղաքի տերը» խումբն է, որը 2010 թվականից պայքարում է Երևանի կանաչ գոտիների ապօրինի կառուցապատման դեմ: Ուշագրավ է, որ այս տարի խմբի աշխատանքի մասին նշվել է նաև արտասահմանյան մամուլում. գերմանակ FAZ թերթը պատմել է այդ մասին Երևանի բնապահպանական խնդիրներին նվիրված առանձին հոդվածում: Թերևս, ամենամեծ հաջողությունների կարողացել է հասնել մեկ տարի առաջ նունպես Facebook-ում ստեղծված «SAVE Cinema Moscow Open-Air Hall» խումբը:
Հիշեցնենք, որ Շահումյանի ոսկու բազմամետաղ հանքավայրի` բաց եղանակով շահագործման նպատակով նախատեսվում է ավելի քան 15 հազար ծառ հատել: Բացի այն, որ 15 հազար ծառի հատումն արդեն բացասաբար կանդրադառնա Կապանի համայնքի էկոլոգիայի վրա, մասնագետները մատնանշում են հանքավայրի բաց շահագործման այլ մինուսներ ևս: Նրանք, ովքեր աշխատում են հանքավայրում, տառապում են սիլիկոզային հիվանդությամբ: Մասնագետները վախենում են, որ «շնորհիվ» բաց շահագործման` թունավոր փոշի կշնչեն նաև մերձակա բնակավայրերի բնակիչները: Վերջին տարիներին էկոլոգիական իրավիճակը Կապանում առանց այդ էլ շատ վատ է: Դեռ 3 տարի առաջ ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային կենտրոնը հետազոտություն է անցկացրել, որոնք ցույց են տվել ծանր մետաղների բարձր պարունակություն հողում և ջրում: Փորձագետների կարծիքով, հիշյալ տարածքներից գյուղատնտեսական արտադրանքի օգտագործումը կարող է ռիսկեր պարունակել առողջության համար:
Եթե նման պատկեր էր դիտվում դեռ 2007 թվականին, ապա Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործումից հետո իրավիճակը կարող է կտրուկ վատթարանալ, գտնում են բնապահպանները:
Հունվար 18, 2011
