

ԷկոԼուր
2010թ. մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի եւ տեղակալ Արսեն Պետրոսյանի ձերբակալությունը, ովքեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում հայտնաբերված խախտումները ոչ ամբողջությամբ արձանագրելու համար կաշառք էին վերցրել 5 միլիոն դրամ:
«ԷկոԼուր»-ը ՀՀ բնապահպանության նախարարությանը հարցում է ուղարկել, որում մասնավորապես ասված է.
«Ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, կաշառքը պահանջվել է բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության պահանջների խախտումներն ստուգման ակտում ոչ ամբողջությամբ արձանագրելու եւ այդ կերպ պետական բյուջե վճարման ենթակա գումարը պակաս հաշվարկելու համար, ինչպես նաեւ ընկերության` Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար:
Խնդրում ենք տեղեկացնել`
• բնապահպանության բնագավառում գործող օրենսդրության ո՞ր պահանջներն էր խախտել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն
• արդյոք այդ դեպքից հետո նոր ստուգումներ անցկացվե՞լ են կոմբինատում եւ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել
• որքա՞ն տուգանք է սահմանվել խախտումների համար եւ որքա՞ն մուտք է գործել պետական բյուջե
• Բնապահպանության նախարարությունը երկարաձգե՞լ է Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում գտնվող«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը»:
Փետրվար 07, 2011
