Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ
Ներկայացվող տնտեսական վեճը հիմնականում արտերկրի երկու ընկերությունների միջև է, որոնք թեև պայմանագրի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել ԱՄՆ օրենքի շրջանակներում, այդուհանդերձ, վեճը հասել է ՀՀ վարչական դատարան:
Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ կողմերից մեկը հանկարծ հասկացել է (կամ փորձում է այդպես ներկայացնել), որ գործընկերը ցանկանում է «քցել» իրեն և զրկել ամեն ինչից: Ուստի, մի կողմ թողնելով ամերիկյան տնտեսական խաղի կանոնները, «քցվողը» դիմել է ՀՀ դատարան` այն հույսով, որ կապացուցի, թե Հայաստանի վարչական մարմնի մեղքով է իր իրավունքը խախտվել և այդկերպ ետ կբերի ձեռքից գնացող սեփականությունը:
Եվ այսպես, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» միջազգային ընկերությունը (որը լինելով ՀՀ բնապահպանության նախարարության կողմից լիցենզավորված ընկերությունների մասնակից, բաժնետեր և ներդրող, Հայաստանում զբաղվում է օգտակար հանածոների հանքարդյունահանմամբ) դիմել է ՀՀ վարչական դատարան` ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից պահանջելով անվավեր ճանաչել ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների գրանցումը և իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը: Հանքավայրերից մեկն էլ` Մարջանը, գտնվում է Սյունիքի մարզում, որի շահագործման հատուկ լիցենզիան պատկանում է «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին, և որի բաժնեմասերի 100 տոկոսի սեփականատերը, ըստ հայցվորի, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն է:
2009թ. Մարջանի հանքավայրի ուսումնասիրության և հետագա շահագործման նպատակով ներդրումների իրականացման շրջանակներում «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն համատեղ ձեռնարկություն կազմավորելու գրավոր համաձայնություն է ձեռք բերել «Կալդերա Ռեսուրսիզ Ինկ» կանադական ընկերության հետ: Արդյունքում 2010թ. մարտի 24-ին կողմերն ԱՄՆ-ում կնքել են «Համատեղ գործունեության պայմանագիր» (այսուհետ` Պայմանագիր) և հիմնադրել ու ԱՄՆ Դելավեր նահանգում գրանցել «Մարջան-Կալդերա Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ համատեղ ձեռնարկությունը: Հետագա տնտեսական գործունեության իրականացման կապակցությամբ կողմերը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ և փոխանակել փաստաթղթեր: Ըստ հայցվոր «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ, փաստաբան Հրայր Ղուկասյանի` ընկերության իրավունքն այսպես է խախտվել. «Քննարկվել է բաժնեմասի օտարման պայմանագրի նախագիծ, կողմերը չեն եկել համաձայնության, քանի որ եղել են դետալներ, որոնք ճշգրտելու անհրաժեշտություն են ունեցել: Այդ գործընթացը չավարտված` «Կալդերայի» ներկայացուցիչները` առանց «Գլոբալի» համաձայնության, առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթեր ներկայացնելու, առանց պատշաճ լիազորություններ ունենալու, ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշ տարածքային բաժին դիմում են ներկայացրել` բաժնեմասի փոխանցման վերաբերյալ, որպեսզի ամրագրվի համատեղ ձեռնարկության սեփականության իրավունքը` «Մարջան» ընկերության նկատմամբ: Եվ պետռեգիստրի գործակալությունը, առանց այդ փաստաթղթերը ստուգելու, առանց լիազորությունների պատշաճությունը ստուգելու, առանց բաժնեմասի օտարման պայմանագրի... ընդամենը մեկ օրում, մի քանի ժամում հապճեպ գրանցել է սեփականության իրավունքը և վկայական տվել «Մարջան-Կալդերա» ընկերությանը, և «Գլոբալ Գոլդ Մայնինգը» դուրս է մղվել ընկերությունից ու զրկվել իր 100 տոկոս սեփականությունից»: 2010թ. օգոստոսի 11-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության Նորք-Մարաշ տարածքային բաժինը ընկերության մասնակիցների գրանցամատյանում կատարել է փոփոխություն և որպես «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի միակ մասնակից գրանցել «Մարջան-Կալդերա Մայնինգ» ՍՊԸ-ին ու տվել բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր: Դրանից երկու շաբաթ անց էլ պետռեգիստրի գործակալության նույն տարածքային բաժինը կատարել է «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի կանոնադրության փոփոխությունների պետական գրանցում, համաձայն որի` «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի բաժնեմասերի 100 տոկոսը պատկանում է «Մարջան-Կալդերա Մայնինգ» ՍՊԸ-ին, իսկ ընկերության տնօրենն է Ազատ Վարթանյանը: Հայցվոր կողմի պնդմամբ` պետռեգիստրը ընկերության մասնակիցների գրանցամատյանի և իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կատարել է օրենքի խախտմամբ, և պետք է դրանք անվավեր ճանաչի: Ըստ հայցվորի` խախտվել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքը և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Վերջին փաստաթղթի համաձայն` ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ գրանցելու համար բաժնեմասի օտարման դեպքում պարտադիր ներկայացվում է բաժնեմասի օտարման հիմքը` օտարման գրավոր պայմանագիրը (դատարանի վճիռ և այլն): Եվ քանի որ կոնկրետ օտարման պայմանագիր չկա, ուստի Ռեգիստրի վերոնշյալ փոփոխությունները պետք է անվավեր ճանաչվեն: Դատարանը իր նախաձեռնությամբ որպես երրորդ անձ է ներգրավել նաև «Համատեղ ձեռնարկությանը» և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ընկերությանը:
Պատասխանող կողմը` պետռեգիստրը, նշել է, որ իրենց գործակալությունը վերոնշյալ փոփոխությունները կատարել է` որպես բաժնեմասի օտարման հիմք ունենալով «Համատեղ գործունեության պայմանագիրը», ՍՊԸ պայմանագիրը և «Մարջան-Կալդերա Մայնինգ» ՍՊԸ մասնակիցների որոշումը, ինչը հաստատել է նաև որպես երրորդ անձ ներգրավված «Մարջան Մայնինգ Քոմփանին»: Վերջինս ամբողջությամբ առարկում է հայցում նշված պահանջները և պնդում, որ հայցը պետք է մերժել` հետևյալ պատճառաբանություններով. նախ պետական մարմնի վարչական ակտերը վիճարկելու հարցով վարչական դատարան պետք է դիմի ֆիզիկական կամ իրավաբանական անձը, մինչդեռ հայցվորը հանդիսանում է «Գլոբալ Գոլդ Մայնինգի» հայաստանյան մասնաճյուղը, որը հայրենի օրենսդրությամբ իրավաբանական անձ չի համարվում, ուստի իրավասու չէր նաև դիմել դատարան: Իսկ եթե դիմել է, ուրեմն պետք է դատարան ներկայացնի նաև «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից տրված հատուկ դատարան դիմելու լիազորագիրը: Եվ քանի որ վեճը իրավաբանական անձի մասնաճյուղի և վարչական մարմնի միջև է և ընդդատյա չէ վարչական դատարանին, ուստի վարչական դատարանը պետք է կարճի գործի քննության վարույթը: Բացի դա, «Մարջան Մայնինգ Քոմփանիի» շահերի ներկայացուցիչ Վարդան Սաֆարյանը փաստում է, որ բաժնետերերի և կանոնադրական փոփոխությունները գրանցելիս չեն խախտվել օրենքի և կառավարության որոշումները, քանի որ այս դեպքում գործել է պայմանագրի խառը ձևը, որտեղ նշված են նաև օտարման վերաբերյալ դրույթները և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն կոչվի օտարման պայմանագիր: Տվյալ դեպքում Ռեգիստրում Ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների գրանցումը կատարելու համար որպես բաժնեմասի օտարման հիմք հանդիսացած երեք փաստաթղթերում փոխադարձ համաձայնությամբ ներառված են եղել նաև բաժնեմասերի քանակը և օտարման պայմանները: Ըստ Վ.Սաֆարյանի` «Համատեղ գործունեության պայմանագրի» ուսումնասիրությունից ակնհայտ է, որ նշված պայմանագրով հստակ նշված են, որ Ընկերության բաժնեմասերը պետք է փոխանցվեն «Մարջան-Կալդերա Մայնինգ» ՍՊԸ-ին, իսկ դրա դիմաց «Կալդերա» ընկերությունը պարտավորվել է համապատասխան ժամանակացույցով ներդրումներ կատարել և արդյունքում ամբողջությամբ ձեռք բերել «Մարջան-Կալդերա Մայնինգ» ՍՊԸ-ի մնացած 45 տոկոս բաժնեմասերը: Այսինքն` տվյալ պայմանագրով հստակ սահմանվել են «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի պարտավորությունները` Ընկերության բաժնեմասերը փոխանցել «Մարջան Կալդերա Մայնինգին», իսկ դրա դիմաց սահմանվել են «Կալդերա Ռեսուրսիզ Ինկ»-ի գումար վճարելու պարտավորությունները: Եվ այդ ամենի շուրջ համաձայնության գալով` Պայմանագրի տակ ստորագրել են «Գլոբալ Գոլդ Մայնինգի» և «Կալդերա Ռեսուրսիզ Ինկ»-ի լիազորված անձինք` հաստատելով, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգը» համաձայն է հետևել նույն համատեղ գործունեության պայմանագրի պայմաններին և «Մարջան-Կալդերա Մայնինգ» ՍՊԸ-ին տրված իրավունքներին: Բացի դա, «Համատեղ գործունեության պայմանագրով» կողմերը ի սկզբանե որոշել են ծագած տարաձայնությունների կամ անհամաձայնության դեպքում դիմել մեկ արբիտրի` Նյու Յորք քաղաքում` Ամերիկյան Արբիտրաժային ասոցիացիայի Առևտրային արբիտրաժի կանոններին համապատասխան: Ըստ «Մարջան Կալդերա Մայնինգ» ՍՊԸ-ի պայմանագրի` պայմանագրով նախատեսված ցանկացած դրույթի կամ հարցի մեկնաբանություն կամ կիրառում իրականացվում է ԱՄՆ Նյու Յորք նահանգի ներքին օրենսդրությանը համապատասխան` առանց այլ իրավունքի ընտրության հնարավորության: Նույն միտքը ամրագրվել է նաև «Համատեղ գործունեության պայմանագրում»: Ավելին, «Կալդերա Ռեսուրսիզ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Նյու Յորքի Ամերիկյան Արբիտրաժային ասոցիացիա` ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի` վնասների հատուցման և այլ պահանջների մասին, որն ընդունվել է վարույթ: Հետևաբար դրանք չեն կարող վիճարկվել այս գործով և ՀՀ վարչական դատարանում:
Թե կողմերից ով է իրավացի` ցույց կտա ժամանակը:
Փետրվար 15, 2011
