

Հայկ Գեւորգյան, Հայկական ժամանակ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն օյլ» ընկերության պատվիրակությանը` ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ:
Այս հանդիպումը, ըստ էության, վերջակետ է դնում Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ հերթական կեղտոտ ու մութ մի գործարքի: Այդ գործարքով վերը նշված ընկերությունը 24 միլիոն դոլարով ձեռք է բերում ՀՀ տարածքում գտնվող միանգամից երեք երկաթահանքեր, որոնցում երկաթի պարունակությունը գնահատվում է ավելի քան 1.8 միլիարդ տոննա: Չինական ընկերությունը խոստացել է իրականացնել 500 միլիոն դոլարի ներդրում: Այս գործարքի կեղտոտությունը միայն այն չէ, որ հանքը գնվել է ընդամենը 24 միլիոն դոլարով: Խնդիրն այն է, որ այս գործարքի մեջ պետությունը որպես կողմ գոյություն չունի: Վերը նշված երեք հանքերը պատկանում են ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի որդուն` Սուրեն Այվազյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին: Մինչեւ այս գործարքը վերը նշված անձինք այնպեսի մի խճճված մեխանիզմ են ստեղծել, որ իրական սեփականատերերի հետքերը կորչեն, բայց կարծես չի ստացվել:
Ընթերցողին այդ խճճումների մեջ չգցելու համար ընդամենը նշենք, որ այս երկուսը գրանցել են ընկերություններ, հետո այդ ընկերությունների դուստր ձեռնարկություններ, հետո օֆշորային գոտում` Վիրջինյան կղզիներում գրանցվել է մեկ ուրիշ ընկերություն, այդ ընկերությունը ձեռք է բերել արդեն գրանցված ընկերությունների բաժնետոմսեր... : Արդյունքում ստացվել է, որ, օրինակ 1998 թվականի մարտի 19-ին գրանցված (նկատեք` 98 թվականի հեղաշրջումից մոտ մեկ ամիս անց) եւ ընդամենը 300 դոլար կանոնադրական կապիտալ ունեցող այդ ընկերությունը դարձել է մի հսկայական հանքի տեր: Ու հիմա այդ հանքը վաճառվում է միլիոնավոր դոլարներով:
Մարտ 01, 2011
