

ԱրմԻնֆո
Լեռնահանքային որևէ ընկերություն, որը «եկել է» Հայաստանը, թե’ սոցիալական, թե’ բնապահպանական առումով որևէ լավ բան չի բերել երկրին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «ԷկոԼուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը:
Նրա խոսքով, ընկերությունների առաջին միֆը հայտարարություններ են, թե հանքավայրերի շահագործումը թույլ է տալիս նոր աշխատատեղեր բացել:
«Մենք չունենք որևէ նորմալ սոցիալական ծրագիր, որը լեռնահանքային արդյունաբերությունում նորմալ վաստակելու հնարավորություն տար մարդկանց: Մեր օրենքները գործում են ոչ թե մարդկանց, այլ ընկերությունների համար»,- նշել է Զարաֆյանը:
Նա մատնանշել է, որ լեռնահանքային ընկերություններն ուղղակի պատասխանատվություն չեն կրում իրենց աշխատողների կյանքի ու առողջության համար:
«Աշխատողները շահագործվում են, նրանց աշխատավարձ չի վճարվում գիշերային հերթափոխի համար, նրանք նույնիսկ գումար չունեն իրենց քայքայված առողջությունը վերականգնելու համար: Դա շատ ծանր իրավիճակ է»,- նշել է նա:
Հայաստանում լեռնահանքային ընկերությունների դրախտային կյանքի բաղադրիչներից մեկն այն է, որ նրանք ոչինչ չեն վճարում շրջակա միջավայրին հասցված վնասի համար:
«Պոչամբարները փաստորեն չեն ենթարկվում ո’չ տուգանքների, ո’չ վճարումների: Ավելին, ոչ ոք ոչինչ չի վճարում նաև հազվագյուտ մետաղների համար, որոնք արտահանվում են Հայաստանից խտանյութի տեսքով»,- հաղորդել է Զարաֆյանը:
Նա ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ հանրապետությունում գործունեություն ծավալող գրեթե բոլոր լեռնահանքային ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում:
«Ստեղծվում են շատ բարդ ֆինանսական շղթաներ, որտեղ գումար է վաստակվում ինչպես ասես, և ըստ որում` չի ստացվում մեր գանձարան»,- ընդգծել է նա:
«Ողջ աշխարհում հասկանում են, որ բնապաշարներն անսպառ չեն, սակայն մենք անխղճորեն բաժանում ենք դրանք`ոչինչ չթողնելով մեր ապագա սերունդներին: Այդ առնչությամբ կարծում ենք, որ մեծ հիմքեր կան նոր ռեսուրսների շահագործման շուրջ ցանկացած գործարք անկախ փորձաքննության և հասարակական քննարկումների առարկա դարձնելու համար: Այստեղ անհրաժեշտ է պետական մոտեցում և հստակ հայեցակարգ, իսկ մեզ մոտ այդ ոլորտում ոչ թե զարգացում, այլ հետընթաց է տեղի ունենում»,- նշել է Զարաֆյանը:
Մարտ 02, 2011
