

Մարի Երեմյան, Կապիտալ
Տնտեսական շահի և զարգացման տեսանկյունից զբոսաշրջությունն ավելի մրցունակ է, քան հանքարդյունաբերությունը: «Կապիտալի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը` ավելացնելով, որ կառավարությունը պետք է ընտրություն կատարի այդ երկու ոլորտների միջև:
-Պրն Փափազյան, ինչպիսի՞ն էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի ֆինանսական հոսքերի կառուցվածքը 2010թ.:
-Հայաստանի մրցունակության հիմնադրամի բյուջեի 50%-ը տրամադրում են մասնավոր սեկտորի՝ մեր խորհրդի անդամ ներկայացուցիչները, նույնքան էլ` կառավարությունը: Կառավարության տրամադրած գումարը 2010թ. կազմել է ‘245 մլն ($ 650 հազ.): Մենք նախորդ տարի այլ աղբյուրներից լրացուցիչ հոսքեր ևս ունեցել ենք, այսինքն` անցյալ տարվա ընդհանուր շրջանառությունը կազմել է $ 2.7 մլն: Սակայն դրանից բացի՝ կան շատ ավելի մեծ դրամական հոսքեր, որոնք մեր հիմնադրամի խողովակով չեն անցնել, այսինքն` ուղղակի ներդրումներ են ծրագրերի մեջ: Մասնավորապես` անցյալ տարի մենք $ 7 մլն ֆինանսավորում ենք ներգրավել միջուկային բժշկության ծրագրի շրջանակում, իսկ զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում` $ 1 մլն: Մեր մոտեցումը հետևյալն է. մենք մշակում ենք ծրագրեր, որոնք առաջարկում ենք ներդրողներին, և որոնց շուրջ արդեն բանակցություններ են ընթանում:
2011-2012 թթ. ընթացքում խոշոր ներդրումներ պետք է կատարվեն, մասնավորապես` Տաթևի վանական համալիրի վերանորոգման շարունակությունն ապահովելու, այդ միջոցների հաշվին նոր զբոսաշրջային արդյունքների ստեղծման, նաև գյուղի բնակիչների անմիջական մասնակցությամբ հյուրատների ցանցի ստեղծման համար: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մասով ակնկալվող ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է €20 մլն: 2010թ. ֆինանսական հոսքերի մեջ չի ներառվում Տաթևի ճոպանուղու կառուցումը, որի արժեքը կազմել է €13 մլն: Ես նշում եմ միայն այն նախաձեռնությունները, որոնք սկսեցինք և որոնց արդյունքները արձանագրեցինք 2010թ., իսկ Տաթևի աշխատանքները սկսվել էին 2009թ.:
-Ի՞նչ ներդրում է ունեցել Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը Տաթևի ճոպանուղու ծրագրի մեջ, եթե ֆինանսական միջոցներն ի սկզբանե տրամադրել էր Ռուբեն Վարդանյանը:
-Ճոպանուղու ծրագիրը մեկնարկել էր այն ժամանակ, երբ հիմնադրամը դեռևս ձևավորված չի եղել: Ճոպանուղու գաղափարը կար, մենք այն վերցրել ենք և զարգացրել` ձևավորելով մի քանի բաղադրիչներով համալիր ծրագիր: Վերջինիս համար մենք կարողացանք լրացուցիչ ֆինանսավորում ներգրավել: Այո, մենք ճոպանուղի կառուցող ընկերություն չենք, չենք զբաղվում դրանով, մենք ուղղակի այս գործընթացում աջակցություն ենք ցուցաբերել, առավելագույնի հասցրել ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա, հավելյալ ներդրումներ մոբիլիզացրել, հեշտացրել ենք պետական և մասնավոր հատվածների հարաբերությունները:
-Ի՞նչ կասեք Միջուկային բժշկության ծրագրի մասին:
-Միջուկային բժշկության ծրագրի նախնական գաղափարը հինգ տարի գոյություն է ունեցել մինչև Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի գոյությունը, սակայն իրականացման ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Այն ընդամենը գաղափար էր: Արդեն գոյություն ունեցող գաղափարները մենք փորձեցինք «փաթեթավորել»` գրավիչ դարձնել ներդրողների համար: Ամենահամոզիչն արագացուցիչի գաղափարն էր, և մեր գործունեության երկրորդ տարում սկսեցինք Միջուկային բժշկության ծրագիրը: Լիովին փոխեցինք ծրագիրը` այն դարձնելով ավելի նպատակային, եկամտաբեր և իրականանալի, գտանք ֆինանսավորում: Բելգիական KBC բանկը ՀՀ կառավարությանը տրամադրեց վարկ` «Ցիկլոն 18/18» կոչվող արագացուցիչի ձեռքբերման համար: Մենք կարողացանք վարկ ստանալ բավական լավ պայմաններով` բելգիական կառավարությունից դրամաշնորհային ներդրման միջոցով: Ծրագրի 35%-ը Բելգիայի կառավարությունը սուբսիդավորում է որպես բանկի կոմեցիոն տոկոսադրույքի մարում, ինչի արդյունքում վարկը անտոկոս է և երեք տարի սպասարկման հետաձգմամբ: Այս տարվանից, երբ պայմանավորվածություններն ուժի մեջ մտան, ունենք երեք տարի, որպեսզի կենտրոնը սկսի աշխատել, ապահովի եկամտաբերություն և սպասարկի վարկը: Այս ծրագիրը բեռ չի լինելու կառավարության համար, քանի որ փակելու է իր սեփական ծախսերը:
-Բելգիական կառավարության դրամաշնորհն իր բնույթով իրենց արտահանումը խրախուսող քայլ չէ՞ր:
-Այո, բելգիական կառավարության դրամաշնորհը իրենց արտահանման խրախուսման ծրագրի մի մասն է: Ամեն տարի նրանք ունենում են բազմաթիվ հայտեր, որոնցից ընդունվում են միայն մի քանիսը: Սա լուրջ մրցակցային գործընթաց է: Իհարկե, մեզ շատ օգնեց պետության միջամտությունը, որն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման էր:
-Ո՞րն է կառավարության ներդրումն այս ծրագրում:
-Վերոնշյալ գումարները նախատեսված են միայն սարքավորումների գնման համար: Շինարարական աշխատանքները ֆինանսավորվելու են կառավարության կողմից: Այս տարի \\$ 3 մլն-ի շինարարություն է մեկնարկելու, և ռուսական վարկի մի մասը կառավարությունը տրամադրելու է մեր ծրագրի համար: Մեկնարկից հետո տասը տարվա ընթացքում կենտրոնը ծածկելու է բոլոր ծախսերը` շինարարության, անձնակազմի, սարքավորումների ձեռքբերման: Մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը երեք բաղադրիչ ունի: Առաջին հատվածում դա զուտ պետության սեփականությունն է` «Ռադիոիզոտոպների արտադրության կետրոն» ՓԲԸ-ն, որի համար էլ ձեռք է բերվել արագացուցիչը: Մյուս երկու բաղադրիչների` ախտորոշման կենտրոնի ու հիվանդանոցի համար մենք ներդրողներ ենք ներգրավում: Դրանք ոչ պետական, մասնավոր բնույթ ունեն, և ֆինանսավորումն իրականացնելու է մասնավոր հատվածը:
-Ազգային մրցունակության հիմնադրամը ազգային կրթության կենտրոն բացելու ծրագիր ունի: Ինչպիսի՞ փոխազդեցություն կա այսօր բիզնեսի և կրթական համակարգերի միջև:
-2011թ. մենք կմեկնարկենք մեր Բարձրագույն կրթության ծրագիրը, որի նպատակն է ապահովել կրթություն-գիտություն-տեխնոլոգիա եռանկյունու կենսունակությունը: Այսօրվա դրությամբ գրեթե կապ չկա բիզնեսի և կրթական ոլորտի միջև, իրականացվող ներդրումները շատ սահմանափակ են: Այս կարևոր խնդիրը լուծելու համար հայաստանյան շուկայի վրա հույս դնելը բավարար չէ: Մենք կարծում ենք, որ մտավոր սեփականությունը, որ կարող է ստեղծել համալսարանը, պետք է արժեք ունենա նաև միջազգային շուկայում: Հայաստանում գրեթե չկա պահանջարկ գիտական գործունեության և հետազոտությունների նկատմամբ: Մենք պետք է փորձենք ներկայացնել մեր գիտական ներուժը և գիտնականներին միջազգային շուկայում, ինչը խթան կհանդիսանա ներքին կրթական և գիտական համակարգի զարգացման համար: Առաջնային է միջազգային նմանատիպ կենտրոնների հետ մեր համագործակցությունը, և մեր ծրագրի բաղադրիչներից է դրամաշնորհային ֆոնդի ստեղծումը: Այդ դրամաշնորհի տրամադրման համար առաջնայնություն կտրվի այն հայ գիտնականներին և հետազոտող ուսանողներին, ովքեր ինքնուրույն կամ մեր աջակցությամբ գործընկերներ կգտնեն արտասահմանում:
-Զբոսաշրջության և հանքարդյունաբերության ոլորտները կարծես թե մրցակցում են միմյանց հետ: Ըստ Ձեզ՝ գերապատվությունը ո՞ր ոլորտին պետք է տրվի:
-Հանքարդյունաբերությունը մրցում է զբոսաշրջության հետ, քանի որ, օրինակ, չի կարելի միաժամանակ Ջերմուկը ներկայացնել թե՛ որպես զբոսաշրջության, թե՛ որպես հանքարդյունաբերության կենտրոն: Մենք եկել ենք այն եզրակացության, որ տնտեսական շահի և զարգացման տեսանկյունից զբոսաշրջությունն ավելի մրցունակ է, հատկապես հարավում: Ճիշտ է, հանքն ապահովում է ներդրումների արագ վերադարձելիություն, սակայն այդ պարագայում եկամուտները շատ կենտրոնացած են լինում, ստեղծված աշխատատեղերը քիչ չեն, սակայն, որպես կանոն, աշխատավարձերը ցածր են, մարզերում ստեղծված եկամուտները հոսում են մարզից լավագույն դեպքում Երևան: Դրան հակառակ՝ զբոսաշրջությունը ստեղծում է ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր, եկամուտները մնում եմ մարզերում, քանի որ զբոսաշրջիկներն իրենց գումարները ծախսում են նաև մարզում: Անցյալ տարվա հոկտեմբերից մենք միջազգային հեղինակավոր AECOM խորհրդատվական ընկերության հետ աշխատում ենք Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքի զարգացման հատակագծի վրա: Վերջնական եզրակացությունները շրջանառության մեջ կդնենք ապրիլին, սակայն այսօր արդեն մեզ համար ակնհայտ է տուրիզմի և հանքարդյունաբերության անհամատեղելիությունը` հաշվի առնելով նաև ֆինանսական հոսքերը:
Հարավային միջանցքում մենք մշակել ենք մի քանի խոշոր ներդրումային ծրագիր, որոնք ներառում են «Հայկական խոհանոցի վերածնունդը», Տաթև և հարակից գյուղերում հյուրատների ցանցի ստեղծումը գյուղացիների անմիջական ներգրավմամբ, Մոզրովի քարանձավի ներուժը` որպես զբոսաշրջային արդյունք իրականացնելու նախագիծը և, իհարկե, Տաթևի վանական համալիրի ամբողջական վերանորոգումն ու վանական կյանքի վերականգնումը: Այս բոլոր նախաձեռնություններն ուղղված են Հայաստանի հարավում զբոսաշրջության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը: Այս ամենը հաշվի առնելով`պետական քաղաքականություն մշակողները պետք է կողմնորոշվեն՝ որն է գերակա:
-Մրցունակության հիմնադրամի գործունեության ճյուղերից ո՞րն է ամենախնդրահարույցը և ամենամեծ ներուժ ունեցողը:
-Կրթական ոլորտն ինչպես ամենամեծ ներուժ ունեցողն է, այնպես էլ ամենաբարդն է: Տուրիզմի պարագայում արդյունքը մեկ-երկու տարի հետո արդեն տեսանելի է: Կրթության պարագայում կարելի է ակնկալել ամենամեծ արդյունքները, ամենամեծ ազդեցությունը մրցունակության վրա, սակայն արդյունքները տեսանելի չեն հենց սկզբից, ծախսերի վերադարձելիությունն էլ հնարավոր է հիմնականում անուղղակիորեն: Այս ծրագրի ազդեցությունը կարելի է միջնաժամկետ կամ երկարաժամկետ համարել:
-Ըստ Ձեզ` ի՞նչ մոտեցում պետք է որդեգրվի Հայաստանի մրցունակությունը զարգացնելու համար:
-Մեր մոտեցումը ոլորտային է, պետք է իրականացնել բեկումնային բարեփոխումներ ոլորտներում` մշակելով թիրախավորված ծրագրեր: Գոյություն ունի նաև համակարգային մոտեցում` հարկային, մաքսային բարեփոխումներով բարելավել բիզնես միջավայրը: Սա ևս լավ և խիստ կարևոր մոտեցում է, սակայն առաջիկա մի քանի տարիների համար մենք որդեգրել ենք ոլորտային մոտեցումը, ինչը նաև ապահովում է ներդրումների անմիջական վերադարձելիություն: Սակայն փաստն այն է, որ հնարավոր չէ իրացնել Հայաստանի ներուժը լիովին, եթե առկա են վերոնշյալ համակարգային խնդիրները:
Մարտ 02, 2011
