

ԷկոԼուր
Մարտի 10-ին «Deno Gold Mining Company» ընկերության նախկին 10 աշխատակից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դիմեցին` ընկերությունից պահանջելով մարել իրենց գիշերավարձերը` սկսած 2005 թ-ից, ինչպես նաեւ մինչեւ 2011 թ-ին չվճարված գիշերավարձերի արդյունքում կուտակված տուգանքները, որը նախատեսված էր պայմանագրով:
Նշենք, որ ընկերության մարտի 2-ին տարածած մամլո հաղորդագրությունում ասվում էր, որ ընկերությունն արդեն ավարտել է 2005թ-ից մինչև 2007թ. ապրիլ ընկած ժամանակահատվածի գիշերավարձերի վերահաշվարկը և վճարումները կկատարվեն այս տարվա մարտ ու ապրիլ ամիսներին։ Ըստ հաղորդագրության` առայժմ վճարվելու են ձեռնարկության ներկայիս աշխատողներին:
Սա նշանակում է, որ գործազուրկ եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող նախկին աշխատակիցները պետք է սպասեն մինչեւ իրենց հերթը հասնի, ինչն էլ պատճառ է դարձել դատարան դիմելու համար: Ընկերության մամլո հաղորդագրությունում նաեւ ոչինչ չի ասվում այն մասին, որ կվճարվեն տուգանքները, որոնց գումարը մոտ է գիշերավարձերի գումարին: Բոլոր 10 աշխատողների շահերը ներկայացնում է փաստբան Իրինա Մանուկյանը:
Մարտ 10, 2011
