ԿՀԱՄԱՁԱՅՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «GEOPROMINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ, ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒՄՆ Է ՀԱՐՑԸ

ԿՀԱՄԱՁԱՅՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «GEOPROMINING» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ, ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒՄՆ Է ՀԱՐՑԸ

ԷկոԼուր

«GeoProMining Gold» ընկերության հաղորդագրության հետ կապված`«ԷկոԼուր»-ը հարցում է ուղարկում ՀՀ բնապահպանության նախարարությանը: «GeoProMining Gold» ընկերությունը մեկնաբանել է «ԷկոԼուր»-ի նյութն այն մասին, որ «Սեւանա լճի մասին»  ՀՀ օրենքի խախտմամբ ընկերությունը Սոտք գյուղի տարածքում` Սեւանի ավազանում, սկսել է ջարդող և մանրացնող սարքի տեղադրման աշխատանքները: 

Դրա հետ մեկտեղ չի ստացվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության եզրակացությունը: Նյութը պատրաստվել էր Սոտքի բնակիչների ահազանգի հիման վրա: «ԷկոԼուր»-ի նյութը և «GeoProMining Gold» ընկերության մամլո հաղորդագրությունը տեղադրված են «ԱրմԻնֆո» գործակալության կայքում:

«GeoProMining Gold» ընկերությունը հաստատում է, որ «ջարդող և մանրացնող սարքը կտեղադրվի Սևանա լճից 37 կմ հեռավորության վրա: Այն նախատեսվում է տեղադրել Սոտքի հանքի GPM Gold ընկերության վարձակալած (11.06.2010 վարձակալության մասին #1 պայմանագիր) հողատարածքում, և ներկայում մշակվում են աշխատանքային փաստաթղթերը:

Ջարդող և մանրացնող սարքը սովորական այտավոր ջարդիչ և թրթռավոր ցանց է, միացված ոչ մեծ փոխարկիչին, որն օգտագործվում է այսպես կոչված «արտաչափք» քարակտորների չափերի նվազեցման նպատակով, որոնք պիտանի չեն երկաթուղային տրանսպորտով փոխադրման համար, քանի որ լուրջ նյութական վնաս են պատճառում ՀԿԵ վագոնակազմին: Մինչ օրս Սոտքի հանքում «արտաչափք» քարերը մանրացվում էին ցածր արտադրողականության խամքար ջարդող սարքի օգնությամբ, և այժմ նախատեսվում է այդ գործընթացի ավտոմատացում: «Արտաչափք» քարերի մանրացման ժամանակ քիմիական բաղադրիչներ չեն օգտագործվում: Ջարդող և մանրացնող սարքի նախագծման և կառուցման նկատմամբ բոլոր պահանջները ժամանակին կապահովվեն: Հայաստանում տեղադրված են հարյուրավոր մանրացնող-տեսակավորող համալիրներ, որոնցից մի քանի տասնյակը շահագործվում է Սևանա լճի անմիջական հարևանությամբ (1,5 կմ ոչ ավելի): Այժմ Սոտք և այլ գյուղերի բնակիչներից ջարդող և մանրացնող սարքի աշխատանքի հնարավոր հետևանքների առնչությամբ GPM Gold բողոքներ չի ստացել, ավելին, Սոտքի ավագանին պաշտոնապես ընկերությանը հայտարարել է, որ այդ առնչությամբ ոչ մի բողոք չունի», - նշված է «ԱրմԻնֆո»-ում տեղադրված  «GeoProMining Gold» ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Մեր կողմից հիշեցնենք, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքն առաջնահերթային է Սեւանի ավազանում ցանկացած գործունեության համար: Բոլոր նորմատիվային ակտերը, որոշումները, այդ թվում և նրանք, որոնց հղում է անում ընկերությունը, պետք է համապատասխանեն «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին: Այդ օրենքով է ղեկավարվում ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը, որը մի քանի անգամ հրաժարվեց դիտարկնել նախագծեր կամ առաջարկություններ, եթե դրանք պարունակում էին կետեր, որոնք կարող էին խախտել օրենքի դրույթները:   Մասնավորապես, խոսքը օրենքի 10-րդ հոդվածի մասին է, որն արգելում է վերամշակման գործունեություն Սեւանի ավազանում: Հենց այդ արգելքի հիման վրա հանձնաժողովը բացասական կարծիք հայտնեց «GeoProMining Gold»  ընկերության` Արարատից Սոտք ոսկու վերամշակման ֆաբրիկայի տեղափոխման նախագծի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, նախագիծը կանգնեցվեց:

Մեր համոզմամբ, Սեւանի էկոհամակարգի համար վտանգ պարունակող ցանկացած գործունեություն, այն էլ կապված լեռնահանքային արդյունաբերության հետ, պետք է հանդիպի Բնապահպանության նախարարության` որպես այդ ոլորտի համար պատասխանատու գերատեսչության, և անձամբ նախարար Արամ Հարությունյանի խիստ ուշադրությանը` հաշվի առնելով Սեւանի բարձր ռազմավարական, ազգային առաջնահերթությունը: 

Այդ կապակցությամբ «ԷկոԼուր»-ը հարցում է ուղարկում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, մասնավորապես`

•    Մտադի՞ր է արդյոք նախարարությունը «GeoProMining Gold»  ընկերությունից պահանջել ջարդող և մանրացնող սարքի տեղադրման նախագիծը` ՀՀ բնապահպանական փորձաքննությանը ներկայացնելու համար, որպեսզի որոշեն, թե ջարդող և մանրացնող սարքի պարամետրերը և նրա տեղադրման վայրը  չեն խախտում Սեւանի ավազանում վերամշակաման գործունեություն արգելող  «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի  դրույթները:

•    Ի՞նչ կարող է Բնապահպանության նախարարությունն ասել Սևանա լճի անմիջական հարևանությամբ  տեղակայված «տասնյակ մանրացնող-տեսակավորող համալիրներ»-ի շահագործման մասին  տեղեկատվության առնչությամբ: Արդյոք տեսչական ստուգումներ անցկացվե՞լ են այդ համալիրներում: Մեր կողմից նշենք «Գեգամետ պլյուս» ընկերությունը, որը  Շորժայում կառուցել է քրոմ պարունակող դունիտ-պերիդոտիտային հանքանյութի վերամշակման գործարանը, որը տեղակայված է Սևանից հենց 1,5 կմ հեռավորության վրա, ինչպես նաև «Միկա ցեմենտ» ձեռնարկությունը, որը «Սևան» ազգային պարկի տարածքում` Արդանիշի արգելոցում, որի մի մասն օտարվեց Արդանիշի արգելոցից,  շահագործում է  ավազահանքերը:

•    Եւ, վերջապես, հաշվի առնելով ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի կողմից «GeoProMining Gold»  ընկերությունում անցկացված ստուգումների արդյունքները, որտեղ հայտնաբերվեցին մեծ խախտումներ, որոնց մի մասը Բնապահպանության նախարարության իրավասության ներքո է, խնդրում ենք տեղեկացնել, թե երբ են «GeoProMining Gold»  ընկերությունում Բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգումներ անցկացվել եւ այդ ստուգումների արդյունքում ինչ է հայտնաբերվել:

Մարտ 15, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր